Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է խթանենք, որպեսզի այս ընտանիքները գնան եւ աշխատեն, զուգահեռ չպետք է ունենանք աջակցության ծրագրեր»․ Սոցապ նախարարը՝ արցախցիների մասին

Հունիս 06,2025 18:45

«40+10 աջակցության ծրագիրը նորից գործելո՞ւ է, ես ուզում եմ փոխանցել արցախցի մեր քույրերի եւ եղբայրների մտահոգությունը, որ եթե դա չլինի, մեծ թվով արցախցիներ ստիպված կլինեն արտագաղթել ՀՀ-ից։ Իրենց համար սա կենսական նշանակություն ունի»,- Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նարեկ Մկրտչյանն ի պատասխան ասաց․ «Ո՞րն է մեր տեսլականը։ Մեր տեսլականն է ի վերջո, որպեսզի իրենք հնարավորինս մեծ ծավալով ներգրավվեն մեր հանրային կյանքի տարբեր ոլորտներում։ Դրա համար մենք նախ եւ առաջ նրանց պետք է հնարավորություն ընձեռենք աշխատելու եւ բնակարան ձեռք բերելու։ Դրա համար մենք հիմա փորձագիտական խմբերի հետ քննարկում ենք նաեւ այս հնարավորությունները։

Մենք այսօր 26 հազարից ավելի ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներ ունեն, ովքեր զբաղված են, աշխատում են, ովքեր փոքր բիզնեսներ ունեն։ Մենք պետք է խթանենք, որպեսզի այս ընտանիքները գնան  եւ աշխատեն, աշխատանքի հնարավորությունը մեծացնենք եւ ոչ թե անընդհատ կախվածության մեջ դնենք։ Եվ չպետք է ունենանք զուգահեռ աջակցության ծրագրեր, որոնք կխոչընդոտեն իրենց երկարաժամկետ ներառմանը»։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում արդեն 1400 ընտանիքներ դիմել եւ ստացել են հավաստագիր։ Իրացվել է 300 հավաստագիր, վերջին մեկ օրվա ընթացքում 12 նոր իրացում է եղել։ Նախատեսվում է հուլիս ամսին ծրագիրը բացել բոլոր խմբերի համար։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30