Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ռազմական գործողությունը տարածաշրջանային մասշտաբով բախումների վերածվելու բավարար պոտենցիալ ունի. Արտակ Զաքարյան

Հունիս 13,2025 09:53

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարեցին «Ամ կա լավի» (ժողովուրդն ինչպես առյուծ) գործողության մեկնարկի մասին, որը նպատակ ունի թիրախավորել Իրանում ռեժիմի միջուկային ծրագիրը և հեռահար հրթիռների արձակման հնարավորությունները։

Առաջին հարվածները հասցրել են Իսրայելի ՌՕՈւ բազմաթիվ ինքնաթիռներ՝ Իրանի տարբեր մասերում գտնվող մի քանի տասնյակ ռազմական թիրախների՝ ստրատեգիական ենթակառույցների, հրամանատարական կենտրոնների, ռազմական օբյեկտների, շտաբների և միջուկային օբյեկտների վրա։

Ըստ իսրայելական կողմի՝ երեք հիմնական գործոններ են պատճառ դարձել ռազմական օպերացիայի իրականացման համար.

Առաջին գործոնն այն է, որ Իրանն արագորեն մոտենում է միջուկային զենքի ստեղծմանը։ Այն արդեն ունի բավարար հարստացված ուրան՝ 15 միջուկային ռումբերի համար, և իրանցի գիտնականներն արդեն աշխատում են բաղադրիչների հավաքման վրա։ Ըստ հրեական կողմի՝ իրանական միջուկային նախագիծը գտնվում է այնպիսի փուլում, որն իրենց ստիպել է չհապաղել և չուշացնել արձագանքը։

Հաջորդ պատճառն Իրանի բալիստիկ հրթիռների քանակներն են, որոնց թիվը կրկնապատկելու կամ եռապատկելու ծրագրեր կան հաջորդ տարվա ընթացքում: Ըստ իսրայելական կողմի՝ իրենց համար դա ինքնին գոյության սպառնալիք է, նույնիսկ, եթե հաշվի չառնեն միջուկային ծրագիրը։

Եվ երրորդ պատճառը՝ զենքի և զինամթերքի ակտիվ փոխանցումն է տարածաշրջանում գտնվող պրոքսի ուժերին։

Ըստ Իսրայելի պաշտոնական վարկածի, Իրանը մշակել է Իսրայել պետությունը ոչնչացնելու ծրագիր՝ իրանական բոլոր ճակատներից զանգվածային և ճշգրիտ կրակի կիրառման, տարբեր ուղղություններից բեռնատարներով ցամաքային ներխուժման, ինչպես նաև հարևան Հորդանանում և Եգիպտոսում ներքին կայունության խաթարման և հարաբերությունների լարման միջոցով։

Թել Ավիվը պատրաստել է գործողության, որը կարող է տևել առնվազն մի քանի օր: Ակնկալում են նաև ինտենսիվ հրետակոծություն Իրանից: Հաստատվել է ԱՄՆ զինված ուժերի հետ համակարգումը և ներդաշնակեցումը: ԱՄՆ նախագահ Թրամփն արդեն հայտարարել է, որ թեկուզ ԱՄՆ ներգրավված չէ հարվածների հասցնելու գործում, սակայն իրենք կպաշտպանեն Իսրայելին (եթե կանչեն), ինչպես նաև հույս է հայտնել, որ Իրանը կվերադառնա խաղաղ բանակցություններին:

Ըստ միջազգային լրահոսի նախնական գնահատականների՝ առաջին հարվածը անսպասելի էր Իրանի համար՝ թե՛ մասշտաբով, թե՛ աշխարհագրությամբ։ Իրանը բնականաբար նախաձեռնելու է պատասխան հարված, որը ենթադրվում է՝ չի ուշանա: Արդեն, իսկ կա տեղեկատվություն, որ Իրանը շուրջ 100 ԱԹՍ է բաց թողել Իսրայելի ուղղությամբ:

Իրանը շարունակում է առաջ մղել միջուկային ծրագիրը, իսկ Իսրայելի գործողությունները խոսում են այն մասին, որ կողմերը հասել են անդառնալիության կետին: Թեկուզև խոսվում է ընտրված թիրախների դեմ հարվածային օպերացիան մեկ շաբաթում ավարտելու մասին, սակայն այս ռազմական գործողությունը տարածաշրջանային մասշտաբով բախումների վերածվելու բավարար պոտենցիալ ունի: Այդ պարագայում մեր երկիրը կարող է հայտնվել չափազանց ծանր վիճակում: Սա առանձին թեմա է:, որին պետք է միշտ պատրաստ լինել:

ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը տեղի կունենա Օմանի Մասկատում, այս կիրակի՝ հունիսի 15-ին, ինչն այս պահին չի չեղարկվել: Սա դեռևս բաց պատուհան է խաղաղ բանակցությունները շարունակելու համար և հուսանք, որ այն կնպաստի ռազմական գործողությունների դադարեցմանը և չծավալվելուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30