Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսրայելի ագրեսիան սպառնալիք է ամբողջ աշխարհի համար». Թուրքիան արձագանքում է Իրանի դեմ հարձակմանը

Հունիս 13,2025 11:03

Ermenihaber. Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը դատապարտել է Իսրայելի՝ Իրանի դեմ հարձակումները։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:

«Իսրայելը Իրանի վրա հարձակվելով՝ ամբողջ տարածաշրջանը կրակի մեջ գցող իր վայրագ ու բարբարոսական գործողություններին ևս մեկը ավելացրեց։ Մենք ամենաուժեղ ձևով դատապարտում ենք այս անօրինական հարձակումը։ Իսրայելի այս հարձակումը ոչ մի օրինականություն կամ հիմնավորում չի կարող ունենալ։ Սա բարբարոսական ագրեսիա է»,-գրել է Չելիքը։

Նրա պնդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս զգուշացրել է Նեթանյահուի կառավարության «ցեղասպան գործողությունների» հետևանքների մասին, և ամբողջ աշխարհը պետք է լրջորեն ուշադրություն դարձնի այդ զգուշացումներին։

«Մինչև Գազայի հարցում Իսրայելի ցեղասպան գործողությունների դեմ միջազգային ճնշումը մեծանում է, Իսրայելը նոր հարձակում է սկսել՝ փորձելով շեղել ուշադրությունը իր ցեղասպանական արարքներից։ Եվ մինչ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են, Իսրայելի այս հարձակումը կրկին ցույց է տալիս, որ Իսրայելը թշնամական է վերաբերվում բոլոր դիվանագիտական ջանքերին»,-նշել է նա։

Ըստ Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակի, Իսրայելի ագրեսիան սպառնալիք է ամբողջ աշխարհի համար։

«Ամբողջ աշխարհը պետք է միասնաբար և գործնական քայլեր ձեռնարկի այս դեմ»,-հավելել է նա։

Հիշեցնենք՝ հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը ժամը 3-ին, Իսրայելը հարձակվել է Իրանի վրա: Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Նաթանզի և Ֆորդոյի ուրանի հարստացման օբյեկտներին, Քերմանշահի և Խորամաբադի հրթիռային բազաներին, ինչպես նաև Թեհրանին, Սպահանին, Թավրիզին և Իրանի այլ խոշոր քաղաքներին:

Նպատակակետը եղել է Իրանի զինված ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությունը, ինչպես նաև միջուկային ծրագրի վրա աշխատող գիտնականները: Հարվածներ են հասցվել նաև Ղոմին, որտեղ բնակվում են Իսլամական Հանրապետության հոգևոր ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչներ: Մահացել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեին Սալամին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, Հաթեմ ալ‑Անբիա հրամանարկային կենտրոնի ղեկավար Գոլամ Աալի Ռաշիդը, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին և ևս 6 միջուկային գիտնական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30