Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզում ենք Հայաստանը դիրքավորել որպես խոհարարական անցուդարձի կարեւոր հարթակ. Սեդրակ Մամուլյան

Հունիս 19,2025 14:16

Դիլիջանում արդեն երրորդ անգամ անցկացվում է հայ-վրացական խոհարարական փառատոնը: Այն մեկնարկել է հունիսի 19-ից եւ կտեւի մինչեւ հունիսի 21-ը: «Մեզ համար շատ մեծ ու կարեւոր օր է, որ այսօր Հայաստանում իրականանում է միջազգային խոհարարական մրցույթ, որի նպատակն է Հայաստանը դիրքավորել որպես խոհարարական անցուդարձի, խոհարարական շարժի կարեւոր հարթակ, որի արդյունքում կսկսենք միանալ աշխարհում խոհարարական զարգացումներին: Իսկ աշխարհում ընդհանրապես խոհարարական զարգացումները շատ արագ են իրականանում, ու որպեսզի հետ չմնանք, կարիք ունենք շփվելու, մասնակցելու այդ զարգացումներին, եւ այս մրցույթը հենց այդ նպատակն է հետապնդում»,-Սպուտնիկ Արմենիայի մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Նա տեղեկացրեց, որ փառատոնի առիթով Հայաստան են այցելել 9 երկրների ներկայացուցիչներ՝ ճանաչված խոհարարներ, խոհարարական ասոցիացիաների ղեկավարներ: Հավելեց, որ խոհարարական մրցույթը կկայանա միջազգային կանոններին համապատասխան, խոհարարները 4 մսատեսակով կմրցեն՝ ձուկ կպատրաստեն, նաեւ գառան, հավի ու տավարի մսից կերակրատեսակներ: Հաղթողների մեդալները եւ պարգևները կհանձնվեն հունիսի 21-ին՝ հայ-վրացական «Միմինո» փառատոնի ժամանակ: Պարոն Մամուլյանն ընդգծեց, որ խոհանոցը միավորում է մարդկանց եւ ազգերին:

Ասուլիսին ներկա Իսպանիայի, Սերբիայի Չեչնիայի, Ռուսաստանի ներկայացուցիչները կարեւորեցին նման միջոցառումների անցկացումը: Ռուսաստանի ներկայացուցիչն ասաց, որ խոհարարությունն այսօր շատ կարեւոր մասնագիտություն է, սակայն հաճախ հետին պլանում է հայտնվում: Նա նշեց, որ նման մի փառատոն անցյալ տարի Ռուսաստանում է կայացել, այս տարի Հայաստանում է կայանում, գուցե հաջորդ տարի էլ Ղազախստանում լինի: Հավելեց, որ փառատոնին ամեն երկրի խոհարար կարող է նաեւ իր երկրի խոհանոցը ներկայացնել, բոլորը ազատ են ստեղծագործել, սակայն պետք է պատրաստեն միայն իրենց տրված մթերքներով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30