ՀԿԴ-ում Վահե Դոլմազյանի նախագահությամբ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դեռ նախորդ դատական նիստին վերջինի պաշտպան Արամ Օրբելյանը երկու միջնորդություն էր ներկայացրել, որոնք վերաբերում էին հավելյալ ապացույցների:
«Ըստ էության, մեկը վերաբերում էր նրան, որ վկա կանչվի Մարինա Պողոսյանը, որը կարող էր բացահայտել՝ զանգ եղել է, չի եղել, ինչ բովանդակությամբ է եղել, ինչ են քննարկել, ինչի հետ կապված կարող է ինչ-որ հանգամանքներ լինեին:
Մյուսը ըստ էության վերաբերում էր այս գործի հանգամանքներին: Խնդրել, միջնորդել էինք, որպեսզի որպես վկա հարցաքննվեն մի շարք պատգամավորներ եւ Գագիկ Ջհանգիրյանը, որովհետեւ, ըստ էության, «Վահագի գործի» կամ հրաժարականի մասին խոսել էին մինչեւ գործի հարուցումը:
Կարդացեք նաև
«Դատարանն ըստ էության երկու միջնորդությունն էլ մերժեց՝ պնդելով, որ չգիտենք ինչ են ասելու»,- այսօր նիստից հետո Aravot.am-ին ասաց Ռուբեն Վարդազարյանի պաշտպան Արամ Օրբելյանը եւ շարունակեց. «Ըստ էության, վկա հարցաքննելու գործիքակազմը մեղադրյալի մոտ խիստ սահմանափակ է:
Ես չեմ կարող բերման ենթարկել եւ հարցաքննել, որ հետո մի հատ էլ դատարանում ասեմ, թե ինչ են ասելու: Հետեւաբար, ես բերում եմ այն հանգամանքները, որով հստակ երեւում է, որ կարող են ունենալ տեղեկություններ գործի հանգամանքների վերաբերյալ եւ դրա վերաբերյալ ողջամիտ հիմքեր կան: Եվ եթե չլիներ էլ, շատ կարճ հարցաքննություն էր լինելու, բայց շատ ավելի հավանական էր, որ հիմքեր կլինեն:
Դատավորն ամեն դեպքում չբավարարեց միջնորդությունը եւ հաջորդ նիստին, որը նշանակվեց հունիսի 26-ին, ժամը 16:00-ին, կքննարկենք հաջորդ գործողությունը»,-ասաց փաստաբանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ