Քանի դեռ Արցախից բռնի տեղահանված անձանց բնակապահովման խնդիրը չի լուծվել, քանի դեռ մարդիկ վարձով են բնակվում, կարճաժամկետ աջակցության ծրագրերը պետք է շարունակվեն, հակառակ դեպքում՝ արցախցիները սոցիալական լուրջ խնդիրների առաջ են կանգնում։ Այս մասին կառավարության շենքի մոտ այսօրվա բողոքի ցույցի ժամանակ ասաց արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը։
Նա նշեց, որ արցախցիներից ոմանց տանտերերն արդեն նախազգուշացրել են, որ ավելի վճարունակ մարդիկ կան՝ հաշվի առնելով նաեւ Իրանից այս օրերին դեպի Հայաստան հոսքը։ «Տանտերերը զգուշացրել են՝ եթե վճարումների ուշացումները շարունակվեն, պետք է ազատեն բնակարանները»,- ասաց նա։
Ինչո՞ւ արցախցիների մեծ մասը չի օգտվում ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրից։ Այս հարցին անդրադառնալով՝ Լիաննա Պետրոսյանն ասաց, որ մարդկանց մեծ մասը դեռ չեն կարողացել օգտվել այս ծրագրից, քանի որ ծրագրում մի շարք խնդիրներ կան, որոնց մասին ինքը եւ այլ անձինք բազմիցս բարձրաձայնել են։
«Եվ այսօր, երբ բնակապահովման ծրագրի մասին խոսում են որպես այլընտրանք բնակվարձի տրամադրման ծրագրի, հաշվի չեն առնում, որ կառավարության այդ ծրագրի մեջ բազմաթիվ հարցեր կան, որոնք դրվել են հանրային քննարկման, սակայն առ այսօր չեն հաստատվում։ Եվ մարդիկ չեն կարողանում ընթացք տալ արդեն ստացած սերտիֆիկատներին։ Որոշ ընտանիքներ ստիպված են լրացուցիչ վարկ վերցնել, որպեսզի կարողանան բնակարան ձեռք բերել։ Բայց բանկերը դրա համար դեռ կարգավորում չունեն։ Վարկունակության գնահատման հիմքում ընկած է անձի եկամուտը, արդյոք տեղահանված մեր հայրենակիցներն ունե՞ն բավարար եկամուտ, որպեսզի կարողանան վարկով բնակարան ձեռք բերել։ Արդյունքում՝ այս ծրագիրն արդյունավետ չէ արցախցիների մեծ մասի համար»,- նշեց Լիաննա Պետրոսյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Լիաննա Պողոսյանն ասաց, որ այսօր իրենց նամակն ուղղել են ամբողջ կառավարությանը․ «Մենք մտածում ենք, որ ամբողջ կառավարական կաբինետը պատասխանատու է, որպեսզի տեղահանված մարդը, ում կառավարության որոշմամբ ՀՀ-ում ճանաչել են փախստական, արժանապատիվ կյանք ունենա ՀՀ-ում»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ