Իրավաբանների հայկական ասոցիացիան՝ Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի հետ համագործակցությամբ, իրականացրել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թթ․ գործողությունների իրականացման ծրագրի 2023-2024 թթ․ իրականացման ենթակա գործողությունների կատարման հասարակական մշտադիտարկում։
ԻՀԱ գնահատմամբ՝ ռազմավարությամբ նախատեսված 60 գործողություններից ամբողջությամբ կատարվել է 24-ը, մասնակի՝ 26-ը, չի կատարվել՝ 10-ը։
Այսօր՝ հունիսի 20-ին, տեղի է ունեցել զեկույցի շնորհանդեսը, որին մասնակցել են Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի գլխավոր քարտուղար Կարեն Զադոյանը, նույն ցանցի կառավարման խորհրդի նախագահ Ջուլիետտա Առուստամյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Արդարադատության նախարարությունից, այլ իրավասու մարմիններից, միջազգային կազմակերպություններից և դեսպանատներից։
Գնահատումն իրականացվել է 2 մակարդակով․ ընթացակարգային և որակական։
Կարդացեք նաև
Ընթացակարգային (քանակական) գնահատումն իրականացվել է հետևյալ երկու բանաձևերով․
- ամբողջությամբ կատարված գործողությունների քանակի տոկոսային հարաբերակցության մեթոդով՝ գործողությունների ընդհանուր թվի նկատմամբ, որի արդյունքում գնահատման ցուցանիշը 2023-2024 թթ․ համար կազմել է 40%,
- վարիացիոն շարքի համակշռված միջինի մեթոդով, որի արդյունքում գնահատման ցուցանիշը կազմել է 61,67%։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ ասոցիացիան կարևորում է մարդու իրավունքների պաշտպանությունը, ոլորտային քաղաքականության մշակումը, դրա բարելավումն ու իրականացումը։
«Խնդիրները վեր հանելով՝ փորձում ենք այնպես անել, որ հաջորդ ռազմավարություններում լինեն ավելի իրատեսական և առարկայական գործողություններ, որոնց իրականացումը փոփոխություններ կբերի մարդկանց կյանքում, և ՀՀ քաղաքացիները կզգան այդ փոփոխությունները», — նշեց Զադոյանը։
Նրա խոսքով՝ կազմակերպությունը մշտադիտարկումն իրականացրել է այն մեթոդաբանությամբ, որի համաձայն ռազմավարական գործողությունները կամ կատարված են, կամ կատարված չեն։ Նա ընդգծեց, որ հատուկ ուշադրություն է դարձվել արցախահայերի հետ կապված գործողություններին և դրանց կատարմանը։
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը նշեց, որ ՄԻՊ ազգային ռազմավարության շրջանակներում գործողությունների համակարգումն իրականացնում է Արդարադատության նախարարությունը։
Փոխնախարարի խոսքով՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից կիրառված ռազմավարության գնահատման մեթոդաբանությունը իր համար ընկալելի է, սակայն նախարարությունը դրանով չի առաջնորդվում․ «2025-ը ռազմավարության իրականացման վերջին տարին է, սակայն կարևոր է խոսել գործողությունների ծրագրի մասին։ Մենք նախատեսում ենք նոր ռազմավարության մշակման աշխատանքները սկսել 2026-ի սկզբին։ Այս տարվա երկրորդ կիսամյակը կօգտագործենք գործողությունները գնահատելու և վերարժևորելու նպատակով»։
Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի կառավարման խորհրդի նախագահ, «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ջուլիետտա Առուստամյանը շնորհակալություն հայտնեց միջոցառմանը մասնակցելու և ցուցաբերած հետաքրքրվածության համար․ «Հույս ունեմ, որ ակտիվ քննարկում կունենանք, որի արդյունքում կմոտենանք արցախահայերի արդի խնդիրների լուծմանը»։
Հասարակական մշտադիտարկման արդյունքում կազմվել է զեկույցի նախագիծ, որն ուղարկվել է ռազմավարության կատարող և համակատարող բոլոր պետական մարմիններին և այլ շահագրգիռ կառույցներին՝ նախագծի վերաբերյալ առաջարկներ և դիտարկումներ ստանալու նպատակով։ Արդյունքում, ամփոփելով ստացված առաջարկներն ու դիտարկումները, մշակվել է զեկույցի վերջնական տարբերակը։
ԻՀԱ ներկայացուցիչներ Սյուզաննա Սողոմոնյանը և Մարիաննա Ավագյանը նույնպես հանդես եկան զեկույցով, ներկայացրին զեկույցի մշակման մեթոդաբանությունը, մշտադիտարկման արդյունքները, ասոցիացիայի և ցանցի առաջարկները։
Միջոցառմանը ներկա Արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները պատասխանեցին ներկաների հարցերին և ներկայացրին իրենց դիրքորոշումը։
Ռազմավարության 60 գործողությունները ներկայացված են 12 ոլորտներից 11-ում, որոնցից՝
- 2-ը՝ կյանքի իրավունքի,
- 13-ը՝ խոշտանգումից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ լինելու իրավունքի,
- 14-ը՝ գործի արդար քննության իրավունքի,
- 8-ը՝ իրավահավասարության և խտրականության արգելքի,
- 14-ը՝ առողջապահության իրավունքի,
- 2-ը՝ հավաքների ազատության,
- 1-ը՝ կրթության իրավունքի,
- 1-ը՝ կարծիքի արտահայտման ազատության,
- 2-ը՝ սոցիալական ապահովության և նվազագույն կենսապայմանների իրավունքի,
- 4-ը՝ երեխայի իրավունքների,
- 1-ը՝ մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդման,
- 3-ը՝ Լեռնային Ղարաբաղից (ԼՂ) բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության։
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թթ․ գործողությունների իրականացման ծրագրի 2023-2024 թթ․ իրականացման ենթակա գործողությունների հասարակական մշտադիտարկման արդյունքների զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։
Իրավաբանների հայկական ասոցիացիա