Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի ընտանիքին առնչվող ընկերությունը մասնակցել ու հաղթել է համայնքապետարանի գնումների մրցույթներին։ «Գավառտրանս» ընկերությունը ոչ միայն Գավառի ղեկավարի հետ սերտ կապ ունի, այլ նաև՝ նույն համայնքի ավագանու անդամ Հրայր Գուլաբյանի։
Այսպես, այս տարվա հունիսի 5-ին «Գավառտրանսը» պայմանագիր է կնքել Գավառի համայնքապետարանի հետ, որի համաձայն, ընկերությունը համայնքապետարանին կմատակարարի սեղմված բնական գազ։ Հունիսի 5-ին կնքված պայմանագրի ընդհանուր արժեքը ավելի քան 1․5 միլիոն դրամ է։
«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ «Գավառտրանսը» սերտ առնչություն ունի Գավառ համայնքի ղեկավարի հետ․ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն, Գավառի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը եղել է այս ընկերության բաժնետեր 2003-2008 թվականներին։ Այնուհետև ընկերության ղեկավարի պաշտոնը փոխանցվել է նրա մերձավորներին։
Կարդացեք նաև
Ի դեպ, Մարտիրոսյանը 2005 թվականից Գավառի ղեկավարն է։
Պետական գնումներին մասնակցած ու շահած «Գավառտրանսի» հետ համայնքի ղեկավարի կապը ուսումնասիրելիս պարզել ենք, որ դրա բաժնետերեր են նրա հայրը՝ Երվանդ Գուրգենի Մարտիրոսյանը, որդիները՝ Նարեկ և Յուրի Մարտիրոսյանները, ինչպես նաև քույրը՝ Նարինե Մարտիրոսյանը։
Ավելին, այս ընկերությունում 31 տոկոս մասնակցությամբ իրական շահառու է նաև Հրայր Գուլաբյանը, որը Գավառ համայնքի ավագանու անդամ է։
«Գավառտրանսի» մասնակցությամբ պետական գնումների մրցույթների մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս ընկերությունը անցյալում ևս մասնակցել է Գավառի համայնքապետարանի պետական գնումների գործընթացներին։
Մասնավորապես, 2017-ին Գավառի համայնքապետարանի և «Գավառտրանսի» միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի, «Գավառտրանսը» համայնքապետարանին տրամադրել է տրանսպորտային փոխադրումների ծառայություններ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 3 միլիոն դրամ։
Բացի Գավառի համայնքապետարանից, «Գավառտրանսը» ակտիվորեն մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պետական գնումների մրցույթներին։
Մասնավորապես, 2019, 2022, 2023 և 2024 թվականներին այս ընկերությունը պարբերաբար հաղթել է պետական գնումներում։ Գործընթացի ուսումնասիրությունից նկատելի է, որ դրանք գրեթե միշտ կատարվել են առանց մրցույթի, այսինքն՝ մարզպետարանը պարզապես ընտրել է այդ ընկերությանը՝ առանց մյուս ընկերություններին մասնակցության հնարավորություն տալու։
Արևկ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»