Փաշինյանական քարոզչության, հատկապես «երկրորդ շարքի» քպական ոչ այնքան «կարկառունների» մանիպուլյատիվ հնարքներից մեկն այն է, որ ընդդիմախոսներին սկսում են մեղադրել… թշնամուն «բան հուշելու», թշնամիներին «օգնելու» մեջ: Դա այն կարգի ցինիզմ է ու անպատկառություն, որ հանիրավի թիրախավորված ընդդիմախոսը կարող է մի պահ անգամ կարկամել, քանի որ Փաշինյանի կամ նրա կարկառունների կողմից նման մեղադրանքն ուղղակի էպիկական է հնչում:
Բայց, ի տարբերություն փաշինյանական քարոզիչների և հենց Փաշինյանի մտացածին մեղադրանքների, հակառակ երևույթն այնքան ցցուն է, որ այստեղ բավարար է սոսկ բացահայտ փաստերի թվարկումը, որպեսզի պատկերն ու հետևությունը ինքնըստինքյան պարզ լինեն:
Եվ այսպես, Ռուբեն Վարդանյանը հայ խոշոր գործարար է և բարերար: Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով Ռուբեն Վարդանյանը հայտնվել է ադրբեջանական գերության մեջ, Բաքվի բանտում ու մեղադրյալի աթոռին՝ Ալիևի հրամանով իրականացվող «հայերի դատավարություն» ֆարսի շրջանակներում:
Զուգահեռաբար, հայ խոշոր գործարար և բարերար Սամվել Կարապետյանը հենց այս օրերին ՀՀ իշխանությունների, կոնկրետ՝ Փաշինյանի անձնական հրահանգով, բացահայտորեն հանիրավի կերպով ու բացարձակապես մտացածին մեղադրանքով կալանավորվել է, պայմանական ասած՝ Երևանի բանտում է: Թե՛ Ռուբեն Վարդանյանը, թե՛ Սամվել Կարապետյանը տարբեր ժամանակներում շատ բան են արել նաև Արցախի համար: Բավարար է հիշել, թե Սամվել Կարապետյանի նվիրատվությամբ ինչ ժամանակակից հիվանդանոց կառուցվեց Ստեփանակերտում: Ու ոչ միայն դա:
Կարդացեք նաև
Բայց տվյալ դեպքում մեզ հետաքրքրողն ու առանձնահատուկ ուշադրության արժանի իրողությունն այն է, որ Փաշինյանն ու Ալիևը գործում են միանգամայն սինխրոն, զուգահեռ ու ձեռք ձեռքի, կարելի է ասել: Անգամ միևնույն իշխանության երկու օղակներ այնքան համահունչ չեն գործում, որքան Փաշինյանն ու Ալիևը:
Եթե այս հարցում հոգու խորխորատներում ինչ-որ կասկածի հյուլեներ ունեցողներ են մնացել, ապա առաջին հերթին՝ նրանց, ինչպես նաև՝ մյուս բոլոր մեր ընթերցողների ուշադրությունը հրավիրում ենք հետևյալ փաստերի վրա:
Ուղիղ չորս տարի առաջ՝ 2021 թ. հունիսի 18-ին, ադրբեջանական գլխավոր դատախազությունը, մտացածին մեղադրանքներով (զենքի ապօրինի շրջանառություն, պատերազմի հրահրում, մաքսանենգություն և այլն) միջազգային հետախուզում հայտարարեց Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի և «Royalsys Engineering» ընկերության ղեկավար Դավիթ Գալուստյանի նկատմամբ: Ավելին, Իլհամ Ալիևը բառացիորեն օրերս հիշեցրեց իր գլխավոր դատախազության այդ որոշման մասին: Իսկ 2025 թ. հենց հունիսի 18-ին Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումային «հանձնարարությամբ» նրա ենթակաները կուրորեն հարձակվում են Սամվել Կարապետյանի վրա և, չունենալով և ոչ մի իրավական հիմնավորում, կալանավորում:
Չափազանց շատ ու, կներեք, զռռացող են համընկնումները, որպեսզի դա պատահականություն համարվի:
Հաջորդը. ադրբեջանական գերության մեջ են հայտնվել և «դատավարական» տեռորի տակ են գտնվում ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը: Սա՝ Ալիևի ռեժիմի մասով:
Փաշինյանական իշխանությունը քաղաքական պատճառներով քրեական հետապնդում է իրականացնում ԼՂՀ առաջին նախագահ, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում