Լրահոս
Օրվա լրահոսը

Լինել «հեզահամբույր, ուսուցանող, անոխակալ»

Հունիս 21,2025 10:00

Վերջերս յութուբյան իմ տեսագրություններից մեկի տակ գտա հետեւյալ մեկնաբանությունը, copy-paste եմ անում այն. «չաչալ կեղտ  քռչոխլի ռոբ պապատ ոնցա?»: Եթե փորձենք վերծանել այդ «հիերոգլիֆները», ապա պետք է ենթադրել, որ գրողը ներկայիս վարչապետի երկրպագու է, որն ինձ չի սիրում այն պատճառով, որ ես Փաշինյանի երկրպագուն չեմ եւ, հետեւաբար, կատարում եմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատվերը: «Տրամաբանական» այդ շղթան ես համացանցում հանդիպում եմ ամեն օր, ինչից կարող եմ ենթադրել, որ այդպես է մտածում իմ  համաքաղաքացիների մի ստվար զանգված: Ամենահետաքրքիրն այն է, որ խնդրո առարկա տեսագրությունը որեւէ կապ չուներ Փաշինյանի ու ընդհանրապես քաղաքականության հետ՝ այն նվիրված էր ռուս գրող Վլադիմիր Նաբոկովի «Լուժինի պաշտպանությունը» հրաշալի վեպին:

Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է արձագանքել նման մեկնաբանություններին: Իհարկե, կասեք՝ բանի տեղ չդնել: Եթե խոսքն իմ անձնական ընկալումների մասին է, ապա ես, բնականաբար, ոչ վիրավորվում եմ, ոչ էլ երբեւէ փորձել եմ արդարանալ:

Բայց այստեղ կա հասարակական խնդիր՝ վերջին 10-15 տարում կրթական մակարդակի շեշտակի անկումը, որի հիմնական պատճառներից մեկը համացանցն է: Ավելի կոնկրետ՝ ինքնարտահայտվելու դյուրությունը, առանց որեւէ մտավոր պաշարի առկայության՝ հավանության արժանանալու հնարավորությունը: Եվ  այստեղ պետք է ոչ թե զայրանալ, ոչ թե ծաղրել, այլ մեծ համբերատարություն դրսեւորելով, բոլոր հնարավոր հարթակներում կրթել մեր հայրենակիցներին: Կրթել՝ ոչ թե փաշինյանական իմաստով, որովհետեւ ա՛յդ իմաստով մեջբերված յութուբյան մեկնաբանության հեղինակը բավականաչափ «կրթված է»:

Կրթել այնպես, ինչպես որ դա անում էին Մադրասի խմբակի, Մխիթարյան միաբանության նվիրյալները, Խաչատուր Աբովյանը, նրանցից առաջ եւ նրանցից հետո մեր ազգի լավագույն զավակները: Կրթել՝ հաշվի չնստելով ժամանակի հետ եւ չսպասելով, որ քո ջանքերը կգնահատվեն:

Ահա թե ինչ է այս թեմայով ասում Պողոս առաքյալը. «Հիմար եւ անմիտ վեճերից խուսափի՛ր, իմացի՛ր, որ դրանք կռիվներ են ծնում: Այսպես, ուրեմն, Տիրոջ ծառան պետք չէ, որ կռիվ անի, այլ բոլորի հանդեպ լինի հեզահամբույր, ուսուցանող, անոխակալ՝ հանդարտությամբ խրատելու համար հակառակորդներին, որ Աստված թերեւս նրանց ապաշխարություն տա, որպեսզի ճանաչեն ճշմարտությունը» (Ա Տիմ. 2:23-25):

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ինը մեկ մեկից հետո համոզվեցի, որ նույնիսկ ամենահզոր երկրի ղեկավարությունները ինչ որ մութ ուժերի խամաճիկներն են, էլ ինչ խոսեք մնացած մանր մունր պետություների ղեկավարությունների մասին եւ հասկացա, որ շատ սխալ է նույնացնել այդ խամաճիկներին իրենց պետության ու այդ պետությունների ժողովուրդների հետ, պետություններն ու ժողովուրդները դաժանորեն խոշտանգվում են մութ ուժերի ծրագրերին համաձայն, որոնք իրականանում են պետություների ու ժողովուրդների իշխանությունը զավթած խամաճիկների միջոցով: Խամաճիկները ոչնչացնում են սկզբունք, դեմք ունեցող սուբյեկտ պետությունների ու ժողովուրդների ղեկավարներին, փոխարինելով նրանց իրենց նման խամաճիկներով: Բայց բնության օրենք կա, կոչվում է էվոլյուցիայի օրենք եւ երբ հաջողությամբ հաղթահարում ես բնական խամաճիկների բնական խոչընդոտները, ուժեղացած ապագա ես մտնում, իսկ եթե պարտվում ես խամաճիկներին եւ ենթարկվում ես նրանց մութ ուժերի ծրագրերին, թույլերը բնության նույն էվոլյուցիայի օրենքով ապագա չունեն: Ուրեմն, վատ ժողովուրդներ չկան, ինչպես չկան վատ երեխաներ, կան տարբեր քաղաքական մակարդակի ժողովուրդներ եւ տարբեր դաստիարակության երեխաներ: Մեր էվոլյուցիոն պատասխանը մեր բնական խամաճիկներին՝ դառնալ բարձր մակարդակի ինքնիշխան սուբյեկտ եւ սուբյեկտ ժողովուրդներով միավորվել եւ հակահարված տալ մեր բնական խամաճիկներին: Ճանճերին վերացնելով խնդիրը չես լուծի, մի ճանճին կփոխարինի մեկ այլ ճանճ, պետք է խոհանոցը մաքուր պահես, մեր քաղաքական անգրագիտությունը եւ անձի պաշտամունքով տառապողները ախտոտում են մեր քաղաքական խոհանոցը: Ջահելությո՛ւն, դաստիարակեք մեծահասակներին, ովքեր անձի պաշտամունքով են տառապում եւ անպայման մեծ ու փոքր մասնակցեք ընտրություններին: Խաղաղությանը պատրաստվողը պատերազմ է բերելու, պատերազմին պատրաստվողն է խաղաղություն բերողը: Ինչպես Սուվորովը կասեր՝ ծանր է զորավարժությունների ժամանակ, հեշտ է ռազմական արշավանքի ժամանակ: Հաղթանա՛կ բոլոր ժողովուրդներին ու նրանց պետւթյուններին:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30