ՔՊ-ի հետ գործարքի մեջ մտած ՀԱՍԿ-ը հնարավոր ամեն ինչ անում է, որ Վանաձորում նոր ընտրություններ չնշանակվեն, որ իր Արկադի Փելեշյանը մի քիչ էլ աշխատի քաղաքապետ։ Հունիսի 20-ին դատարանը պետք է հրապարակեր Վանաձորի ավագանու վերաբերյալ որոշումը, որով Վանաձորի ավագանին կսկսեր նիստեր անել, եւ քաղաքապետ ընտրել չկարողանալու պարագայում արտահերթ ընտրություններ կնշանակվեին: Սակայն ՀԱՍԿ-ի փաստաբան Արթուր Սուքիասյանը վճռի հրապարակումից 2 օր առաջ դատարանին ներկայացրել է միջնորդություն՝ խնդրելով վերսկսել գործի քննությունը։ Այս հիմքով էլ դատարանը վճիռը չի հրապարակել, եւ, ըստ ամենայնի, հաջորդ նիստի օր կնշանակվի սեպտեմբերին, եւ ՀԱՍԿ-ի ժամանակավոր քաղաքապետը կշարունակի պաշտոնավարել։
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գեւորգ Քոթանջյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նկատում է՝ եթե դատարանի որոշումն ուժի մեջ մտներ, ապա վերջապես հանգուցալուծվելու էր Վանաձորի տեղական ինքնակառավարման ճգնաժամը, որը դրսեւորվում է նրանով, որ համայնքն ընտրված ղեկավար չունի, ավագանու նիստեր չեն կայանում: Այդ ճգնաժամը կարող էր հանգուցալուծվել միայն արտահերթ ընտրությունների պարագայում։ Քոթանջյանը սրանում միտում է տեսնում, շեշտում է՝ ոչ թե իրավական, այլ մաքուր քաղաքական գործընթաց է գնում։
«Փաստաբան Արթուր Սուքիասյանը, որ 2016-ին ԼՀԿ-ի ավագանու ցուցակում է եղել, շատ լավ գիտեր, որ «Լուսավոր Հայաստանը» հայցից հրաժարվել է, եւ վերջին դատական նիստին կարող էր միջնորդություն ներկայացնել` չի արել, սպասել է վճռի հրապարակումից 2 օր շուտ՝ հունիսի 17-ին։ ՀԱՍԿ-ն ամեն ինչ անում է, որ իրենց մարդը մնա քաղաքապետի ԺՊ։ Այս գործով դատավորը եղել է ՀՀԿ-ական պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ։ Ըստ իս՝ ամբողջ պրոցեսը՝ վերից վար, կազմակերպված քաղաքական գործընթաց է։ Վանաձորում անորոշ է մնում ընտրությունների գնալու հարցը։ Եթե դատարանը վճիռն այսօր հրապարակեր, ապա ավագանին կկարողանար նիստ գումարել եւ համայնքի ղեկավար ընտրել, իսկ եթե 20-օրյա ժամկետում չընտրեր, ավագանին կլուծարվեր, կգնար նոր ընտրությունների»,- մանրամասնեց Քոթանջյանը։
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում