Այսօր ՀՀ կառավարության առաջին շենքում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման 43-րդ հանդիպումը։ Մթնոլորտը ջերմ էր, անկաշկանդ և անմիջական, իսկ հանդիպման հատուկ հյուրն էր հայ անվանի քանդակագործ Վիգեն Ավետիսը։
Բանախոսությունների շարքը բացեց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Իր ելույթում տիկին Հակոբյանը ներկայացրեց շարժման առաջիկա ամառային վերջին բանախոսությունների օրերը՝ հունիսի 28, հուլիսի 4, 6 և 13։
Նա ընդգծեց՝ իրական զարգացման, կրթության և առաջընթացի ուղին սկսվում է իրականությունը` ինչպես որ է, առանց սեթևեթանքի ընդունելուց, սեփական չիմացությունը խոստովանելու խիզախությունից։
Կարդացեք նաև
Հաջորդ բանախոսը` Վիգեն Ավետիսը բեմ բարձրացավ հուզված. նա դիմեց հանդիսատեսին` ասելով. «Նայում եմ ձեզ ու տեսնում վերածնվող Հայաստան: Այս բանախոսություններն էլ դրա օրինակ են: Մինչև երեկ գիշեր ինձ հորդորում էին չգալ, չմասնակցել շարժմանն ու չխոսել այս հարթակից, բայց ես ազատ մարդ եմ, ազատ` իմ որոշումներում, որոնց վրա ոչ ոք չի կարող ազդել` նույնիսկ վարչապետը »։
Նրա խոսքերով` մենք այսօր ամեն ինչ ունենք՝ բացի գեղեցիկը գնահատելու ունակությունից։ Իսկ այդ գեղեցկությունը տեսնել, նկատել կարող է միայն կրթված մարդը։ Պարոն Ավետիսը կարծում է, որ կիրթ մարդը այն մարդն է, ով խոսում է հարուստ բառապաշարով, խնամքով է վերաբերվում հայերեն լեզվին, խուսափում է հայհոյանքներից և գնահատում է խոսքի ուժը։
Բանախոսություններին հաջորդեց մշակութային հատվածը, որում հանդես եկան «Քամանչա» ժողովրդական նվագարանների համույթը և Սոֆի Դևոյանի պարարվեստի դպրոցի սան Վանուհի Հովհաննիսյանը։ Սուրճի ընդմիջման ժամանակ մասնակիցները հնարավորություն ունեցան ավելի անմիջական շփվելու բանախոսների հետ, հարցեր ուղղելու, լուսանկարվելու կամ պարզապես կիսվելու իրենց մտքերով։
Հանդիպման եզրափակիչ բանախոսությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանինն էր՝ «Իրական Հայաստան» խորագրով։ Նա խոսեց արժեհամակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին` նշելով, որ կրթված, գիտակից և պետության արժեքը գիտակցող քաղաքացին մեր երկրի հզորացման առանցքային դերում է։
Հարցուպատասխանի հատվածում հնչեցին կարևոր հարցադրումներ՝ արտագաղթի կանխման, գյուղաբնակ բնակչության մայրաքաղաք տեղափոխման, հասարակության արժեհամակարգի փոփոխման, պետական կառավարման արդյունավետության, թվայնացման և աշխատավարձերի վերաբերյալ:
«Իմ քայլը» հիմնադրամ