«Միքայել սրբազանին չէին հրավիրում խաշ ուտելու, ինքն էլ որոշեր՝ գնալ, կամ չգնալ: Ասում են՝ եկել ենք, քննիչը որոշել է ձերբակալել: Սրբազանն իրականում ընտրություն էլ չուներ, բայց քանի որ այդ մասում կային նաեւ քահանաներ, որոնք դեմ էին արտահայտվում, բնականաբար այստեղ արդեն ձերբակալման մեթոդի մասին պետք է խոսեինք»,- ասուլիսում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմի անդամ Արա Զոհրաբյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին:
«Մենք, անկեղծ ասած, սպասում էինք, որ հատուկ նվաստացնելու են, քաշքշելու են, ձեռնաշղթա են դնելու սրբազանի ձեռքերին: Եթե նույնիսկ 20 հազար քաղաքացի հավաքվեր, 5 օր հերթապահություն աներ, չթողներ, բոլորս էլ լավ գիտենք, որ ի վերջո մի օր գրոհելու էին, մտնելու էին եւ ձերբակալելու էին սրբազանին՝ շատ վատ ձեւով: Այնպես որ չգնալը լուծում չէր, արկածախնդրություն էր, սրբազանն էլ այդպես համարեց դա…
Մենք քննարկում էինք՝ ի վերջո Նիկոլ Փաշինյանն ընդունա՞կ է նման հրաման տալու, հասկացանք, որ կարող է, որովհետեւ իր ֆեյսբուքյան էջում գրում էր՝ վախեցաք, թաքնվեցիք ժողովրդի հետեւում, մինչեւ Էջմիածնից հասանք քննչական կոմիտե, մի 3 ստատուս ծնվեց՝ կեղտոտ նույն իր ոճի մեջ: Այսինքն, այս պայմաններում մենք այլընտրանք չունեինք: Իր հոգեւոր եղբայրներն էլ են ասել՝ սրբազան, ինչպես կորոշեք: Ասեմ ավելին՝ ի սկզբանե էր սրբազանն այդպես որոշել»,-պարզաբանեց փաստաբանը: Նա նման ուժայինների ներխուժումը Մայր Աթոռ որակեց պղծության փորձ սուրբ վայրում:
Կարդացեք նաև
«Այսօր Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, եւ քրեադատավարական գործընթացին մասնակցելու իրավունք չունի, բայց մենք լավ գիտենք, որ իրականում Սահմանադրական կարգն ինքն է տապալել, ինքը բոլոր 3 իշխանություններն ուզուրպացրել է, վերցրել է իր ձեռքը, ինքը եւ քննիչ է, եւ դատախազ է եւ դատավոր է: Մենք սրա հետ կապված հանցագործության մասին հաղորդում ենք պատրաստելու, դրա շուրջ աշխատում ենք…»,-ասաց Արա Զոհրաբյանը:
Ասուլիսն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ