Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան 400 մլն դրամ գնահատված անշարժ գույքերը ոչ իրավաչափ հիմքով դուրս են եկել պետության գույքային հաշվեկշռից և դարձել Ս. Մայրապետյանի սեփականությունը. քրեական վարույթը դատարանում է

Հունիս 30,2025 17:30

 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված  նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2004-2011թթ. ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Ս. Մայրապետյանի հետ, 2006 թվականի հոկտեմբերի 20-ին նրանից որպես սեփականություն ընդունելով 186,48 քառ. մետր մակերես ունեցող՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցի 8-րդ շենքի 13-րդ բնակարանը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Մասնավորապես՝ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ Երևան քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող 1250 քմ ընդհանուր մակերեսով շենքը և 56 քմ ընդհանուր մակերեսով ավտոտնակը ուղիղ վաճառքով օտարելու մասին պայմանագրով նախատեսված պարտավորությունները Ս. Մայրապետյանին պատկանող ՍՊ ընկերության կողմից չկատարելու պայմաններում վերը նշված պաշտոնատար անձը համապատասխան հայցադիմումով դատարան դիմելու ընթացակարգ չի նախաձեռնել: Այն է՝ ընդունել է ժամկետի խախտմամբ ՍՊԸ-ի կողմից ներկայացված հաշվետվությունը, որը չի հավաստել պայմանագրով նախատեսված՝ գույքի հիմնական վերանորոգման և վերականգնման նպատակով 150.000.000 ՀՀ դրամ ներդրում կատարած լինելու պարտավորությունը և ներդրումներն իբրև կատարված լինելու մասին տեղեկատվություն է տրամադրել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, որի հիման վրա ոչ իրավաչափ եղանակով դադարեցվել է Երևան քաղաքի Աբովյան փողոցի 10 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության գրավի իրավունքը:

Հիշյալ արարքով պետության համար առաջացել են ծանր հետևանքներ, այն է՝ առանձնապես խոշոր չափերով՝ 221.757.000 ՀՀ դրամ գնահատված անշարժ գույքն առանց իրավաչափ հիմքի դուրս է եկել պետության գույքային հաշվեկշռից:

Բացի այդ, նշված պաշտոնատար անձը կրկին նույն շահագրգռվածությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի որոշմամբ Երևանի Աբովյան 8 հասցեում գտնվող 638.2 քառ. մետր տարածքը ուղիղ վաճառքով օտարելու մասին պայմանագրով նախատեսված պարտավորությունները Ս. Մայրապետյանին պատկանող մեկ այլ ՍՊ ընկերության կողմից չկատարելու պայմաններում համապատասխան հայցադիմումով դատարան դիմելու ընթացակարգ չի նախաձեռնել, որի հետևանքով առանձնապես խոշոր չափերով՝ 178.464.591 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող անշարժ գույքն առանց իրավաչափ հիմքի դուրս է եկել պետության գույքային հաշվեկշռից:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30