«Որոշել ենք, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում պետք է հրավիրենք խորհրդի նիստ եւ հրապարակային քննարկում անենք: Մինչ այդ, փակագծեր բացել չեմ կարող»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Սահմանադրության փոփոխություններին։
Նա ասաց, որ Սահմանադրության նախագծի ամբողջական տեքստը պատրաստ չէ, տեքստի մշակմանն ուղղված գաղափարական հիմնադրույթների շուրջ պետք է քննարկումը տեղի ունենա։ «Երբ կունենանք համապատասխան որոշումներ նաեւ խորհրդի համաձայնության տեսքով, արդեն կլրամշակենք տեքստը»,- ասաց նա՝ հավելելով, որ որոշ դրույթների հետ կապված դեռ որոշակիություն չկա։
Նախարարն ասաց, որ փորձում են նախօրոք հայտարարված ժամկետները պահել եւ 10 ամսվա ընթացքում ամփոփել նոր Սահմանադրության տեքստի մշակման աշխատանքները։
Սրբուհի Գալյանը հավելեց, որ Սահմանադրության նախաբանի մասին որեւէ քննարկում դեռ չի եղել։ «Եթե հարցնում եք՝ որոշում ունե՞ք, թե ի՞նչ եք անելու նախաբանի հետ, նույն պատասխանն եմ տալու՝ մինչեւ քննարկումներ տեղի չունենան, որոշում չունենք»,- ասաց նա։ Գալյանը նաեւ հավելեց, որ իր կարիքով՝ կառավարման մոդելի փոփոխություն չի նախատեսվում։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Հարցին, թե ինչ առանցքային փոփոխություններ են կատարվելու, Գալյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել, մինչեւ քննարկումներ տեղի չունենան։ Այն, ինչ հիմա կարող եմ ասել ես, շատ հավանական է, որ կփոփոխվի քննարկումների արդյունքում»։ Հարցին, թե խորհո՞ւրդն է որոշելու՝ Անկախության հռչակագրին հղումը կհանվի Սահմանադրության նախաբանից, թե՞ ոչ, Գալյանը պատասխանեց․ «Այո, մենք բոլորս քննարկման արդյունքներով ենք որոշելու»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ