Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում այսօր առավոտյան հնչեց միասնական աղոթք՝ ի պաշտպանություն թեմի կալանավորված առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի։
Եկեղեցի էին եկել ինչպես տարեց մարդիկ, այնպես էլ բազում երիտասարդներ։ Աղոթքի ժամ նշանակված էր ժամը 11-ը, որը աշխատանքային ժամ է, ու հավատացյալներից ոչ բոլորն էին եկել, որը, սակայն չվրիպեց քահանաների ուշադրությունից։
Կարդացեք նաև
Աղոթք բարձրացվեց առ Աստված արդարության վերականգման․ Միքայել Սրբազանին ազատ արձակման համար։ Աղոթքներում հիշատակեցին նաև Բագրատ Սրբազանին։
Քահանաներից մեկն աղոթելուց զատ, քարոզ կարդաց՝ աստվածաշնչյան տարբեր պատմություններ մեջբերելով։
«Գեթսեմանի պարտեզում, երբ որ մեր տերն աղոթում էր, երեք անգամ աղոթեց, վերադարձավ, աշակերտները քնած էին, արդ ասաց՝ քնեք, քանզի մարդու որդու մատնիչը գալիս է, և որպեսզի ժողովուրդը, աշակերտները չվնասվեին, Տեր ընդառաջ գնաց զինվորներին, ասաց՝ «ո՞ւմ եք ուզում», պատասխանեցին՝ «Հիսուս Նազովրեցուն», ասաց՝ «Ես եմ»։
Երեսնիվայր գետին ընկան բոլորը, ուրեմն սիրելիներ, ինչո՞ւ Աստված այս օրինակը իմ միտքը բերեց, մեր Միքայել սրբազանը մեր բոլորի փոխարեն այդ ճշմարտությունն ասաց, ասաց՝ ես եմ։ Իհարկե, հիմա կասեք, բա ինչո՞ւ երեսնիվայր չընկան, ամոթով են հիմա մնացած իրենք։
Ճիշտ է՝ ֆիզիկապես գետին չտապալվեցին, բայց աշխարհով մեկ տապալվեցին իրենց իշխանության անունով։
Ուրեմն սիրելիներ, այսօր հինգերորդ օրն է, որ պատարագ ենք մատուցելու, ցավով եմ ասում, որ շատ քիչ ժողովուրդ է գալիս, դուք պատկերացնում եք, Աստված հրաշագործ է, Միքայել Սրբազանը ներս մտներ, ինչքան մարդիկ պիտի ամոթով մնային, որ ներկա չեն գտնվել, ինչքան երեսպաշտ մարդիկ պիտի գլուխների կախեին, ուրեմն պատարագների գալիս եք Միքայել Սրբազանի համա՞ր։ Սրբազանը կա, լիքն է, լեփ-լեցուն, Սրբազանը բացակա է, ոչ մեկը չկա՞․․․
Քանակի մեջ չէ, սիրելի ժողովուրդ, լավ է ունենալ մեկ ակ պատվական, քան բազում քար անպիտան, մեզ քանակը պետք չէ։ Քանակի մեջ չէ հաղթանակը»։
Թեմի քահանան անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվելով, թե նա ու իր ընտանիքի անդամներն արդյոք կնքված են, որ քահանաներին համարում են իրենց եղբայրները։
Նա հարցրեց՝ եթե Փաշինյանը կնքված է, ինչո՞ւ քրիստոնեաբար չի մոտենում հարցին։
«Ո՞ւր է քրիստոնեական վերաբերմունքը, ո՞ւր է Ավետարանի թելադրանքը»,- հարցրեց քահանան։
«Էն որ Վեհափառ Հայրապետին է քննադատում, եպիսկոպոսներ է ձերբակալում, արդյոք կնքվա՞ծ է, երբ որ մեզ եղբայր է համարում։ Ե՞րբ ենք դառնում Աստծո որդի, երբ որ մկրտվում ենք։
Մկրտվածներս իրար քույր և եղբայր ենք հանդես գալիս, հարց՝ ինքը, կինը, երեխաները կնքվա՞ծ են, որ մեզ եղբայր է կոչում։ Պիտի հարց տանք, շատ կարևոր է այս հարցերն ուղղել։
Ավետարանն ասում է՝ եթե եղբայրդ քո դեմ մեղանչում է, գնա, առանձին իրեն ասա, եթե ընդունեց, շահեցիր և դու, և ինքը, իսկ եթե չի ընդունում, երկու-երեք հոգով ասա։ Մովսեսական օրենքով երկու-երեք հոգու ասածով՝ ամեն ինչ ճշմարիտ է դառնում, այսինքն` վկաներ պետք է լինեի երկու-երեք հոգի։
Ասում է՝ երկու-երեք հոգով ասա, եթե լսեց, շահեցիր, եթե չլսեց, եկեղեցուն ասա, իսկ եթե եկեղեցուն էլ չլսեց, թող լինի հեթանոսի նման։ Երբևիցե լսած կա՞ք կառավարություն, իշխանություն հանդիպում լինի մեր Սրբազանի հետ, Վեհափառի հետ առանձին՝ ահա այս հարցերի համար, ինչ որ հիմա ինքը բարձրաձայնում է աշխարհով մեկ։
Ուրեմն սիրելիներ, մեր խնդիրն այն չէ, որ քննենք վարչապետի ընտանիք, կարգավիճակ, իր ապրած կյանքը, սա չէ հարցն ու խնդիրը, եթե քեզ համարում ես քրիստոնյա, ուրեմն քրիստոնեական Ավետարանով պիտի պատասխանեն քեզ»։
Քարոզի ժամանակ հիշեցրեցին․ «Առաջնորդը բանտում է, ինչպե՞ս կարող ես քնել, ինչպես կարող ես հաց ուտել»։
«Ուզում են գլուխը կտրել՝ եկեղեցին, հավատքը, որ դիակի նման ոնց ուզեն, այնպես վարվեն, ուր ուզեն, էնտեղ քարշ տան դիակի նման, բայց մենք դիակ չենք լինի, որովհետև մենք հաղթանակած եկեղեցի ենք՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով։ Մեր տերը հաղթեց աշխարհին, ուզում եք սրբազաններ ձերբակալել, մենք Տեր ունենք, որին ոգով ճանաչում ենք, իմանում ու ճանաչում ենք»։
Ի դեպ, այսօր հյուրեր կային Գյումրիում․ Գյումրու պետական դրամատիկական թատրոնում Նիկոլ Փաշինյանն ու իր կինը՝ Աննա Հակոբյանը «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում հանդիպում էին անցկացնում գյումրեցիների հետ (իսկ գյումրեցիների շրջանակում մեծաթիվ պաշտոնյաներ էին), մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Շիրակի թեմում բարձրախոսով անցորդների, գուցե և այդ հյուրերի համար Միքայել Սրբազանի հարուստ կյանքը ու գործունեությունն էին ընթերցում՝ շեշտադրելով նրա ստացած հրաշալի կրթությունը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ