Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են Երևանի ուրարտական ժառանգությունը, Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան

Հուլիս 11,2025 15:58

ՅՈՒՆԵՍԿՕի համաշխարհային ժառանգության կոմիտեի 47-րդ նստաշրջանում (Փարիզ) քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի կողմից ներկայացված 2 հայտերը՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը», «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» ՅՈՒՆԵՍԿՕի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ:

Հայտերը պատրաստվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ և պատվերով՝ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ների կողմից՝ համապատասխան գիտնականների ներգրավմամբ:

Նստաշրջանն ընթանում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 6-16-ը: ՀՀ պատվիրակությունը ղեկավարում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ դեսպան Արամ Հակոբյանը: ԿԳՄՍ նախարարությունից նստաշրջանին մասնակցում է Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը՝ որպես 1972 թ․ կոնվենցիայի համակարգող։

Նշենք, որ «Երևանի ուրարտական ժառանգությունը» և ՀՀ Կոտայքի մարզի «Գառնի հնագիտական համալիրը և «Քարերի սիմֆոնիան»» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանի կողմից գրանցվող 6-րդ և 7-րդ հայտերն են: Առաջին 4-ը գրանցվել են 1995 թվականին. դրանք են՝ Դվին քաղաքի հնավայրը, Երերույքի տաճարը և հնավայրը, Նորավանքը և Ամաղու գետի վերին հովիտը, Տաթևի վանքը, Տաթևի անապատը և Որոտան գետի հովտի հարակից տարածքները, 5-րդը՝ 2024 թվականին՝ Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը (ցանկերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://whc.unesco.org/en/statesparties/am։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում Հայաստանից գրանցված են Սանահինի և Հաղպատի վանքերը, Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիները և Զվարթնոց հնավայրը, Գեղարդի վանքը և Ազատ գետի վերին հովիտը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում հուշարձանի գրանցումը պարտադիր և նախնական պայման է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձաններ գրանցելու համար: Այս ուղղությամբ աշխատանքը շարունակակական է։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031