Լրահոս
Օրվա լրահոսը

Փողային խոսակցություններ չկան, ասում է՝ մեռնեմ ջանիդ, բա հաց չուտե՞ք, ասում է՝ չէ հետ ենք գնում, ասում է՝ դե գոնե քարտիդ տվյալ ուղարկի, մի քիչ փող թալեմ, գնաք հացավորվեք. փաստաբան

Հուլիս 12,2025 10:11

Ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի երթին մասնակցած ու ձերբակալված 11 քաղաքացին ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո ազատ են արձակվել: Այս մասին  Aravot.am-ին ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Ըստ նրա՝ քաղաքացիների  մեծ մասը կապ չունի Կարապետյանի հետ. Տաշիրի բնակիչներ են, լսել են հավաքի մասին ու եկել մասնակցելու. «Տաշիրում Կարապետյանը գյուղեր է կապիտալ վերանորոգել ու շատ մեծ ներդրումներ արել: Տաշիրի շրջանի ցանկացած անձ Կարապետյանին համարում է միակ բարերարը: Լսել են, տեսել ու եկել հավաքի: Իսկ հավաքի ժամանակ ու դրանից առաջ մասսայական գաղտնալսումներ են եղել ու անմեղ խոսակցություններ: Այդ անմեղ խոսակցություններից 11 հոգու ձերբակալել էին, երկու հոգու կալանք են միջնորդել, դատարանները, իմ տեղեկությամբ,  մասամբ են բավարարել: Միջնորդել էին երկու ամսով կալանք, դատարանները մեկ ամսով են բավարարել»:

Ձերբակալվածների մեջ մեկ քաղաքացու շահեր էլ ներկայացնող Հայրապետյանը պատմեց, որ իր վստահորդի վերաբերյալ չկար կասկածանքի ձեւակերպումը, որովհետեւ չկար կասկածանքի հիմք. «Իմ պաշտպանյալի առումով որեւէ ձեւակերպում չկա, գրված էր 236 հոդվածով:  Իսկ այդ հոդվածի առաջին մասը վերաբերում է  ուրիշ բանի, երկրորդ մասը վերաբերում է հարկադրել կամ  շահագրգռել հավաքների գալ կամ շահագրգռել, որ հավաքների չգալ, իսկ երրորդ մասը պաշտոնական լիազորությունները կատարելիս:  Նկարագրված չէր ՝ինչի համար են մեղադրում: Էս մարդիկ լսել են, եկել են հասել էստեղ: Երթի մասնակիցներից մեկը հետ վերադարձի ճանապարհին հյուրասիրել է, հաց են կերել  Գնթունիկում: Այդ ինչ-որ մեկը, որը  հյուրասիրել է , նրան կալանավորել են: Հյուրասիրողին էլ մեկ ուրիշը հեռախոսին փող է փոխանցել, որ ճանապարհին հաց ուտեն: Փոխանցողին էլ են կալանավորել: Չկան փողային խոսակցություններ, գաղտնալսումներից պարզ երեւում է, ասում է՝ մեռնեմ ջանիդ, բա հաց չուտե՞ք, ասում է՝ չէ հետ ենք գնում, ասում է՝ դե գոնե քարտիդ տվյալ ուղարկի, մի քիչ փող թալեմ, գնաք հացավորվեք: Հյուրասիրողն էլ, հյուրասիրվողն էլ ընկերներ են, մի գյուղից: Իսկ առաջադրված հոդվածը՝ շահագրգռել հավաքին մասնակցելը ընդհանրապես կապ չունի այստեղ, որովհետեւ շահագրգռելը վերաբերում է այն պահին, երբ անձը չի ուզում գնա հավաքին, իրեն շահագրգռում են, որ գնա: Ամենացածր խավի մարդիկ են, հազիվ մի կերպ ապրող մարդիկ: Նրանք եկել ու գալու են, ինչքան ցույց անեն, որովհետեւ Սամվել Կարապետյանը բոլորին օգնել է»:

Պարոն Հայրապետյանը բողոքարկել  է իր պաշտպանյալի ձերբակալման արձանագրությունը, ասաց՝ հուլիսի 18-ին է դատարանը քննելու: Մեր զրուցակիցն ասաց նաեւ, որ ապօրինի գաղտնալսումների մասին արդեն մամուլով հանցագործության մասին հաղորդում են տվել, եթե ընթացք չտրվի, գրավոր էլ են հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու. «Իշխանական ամբողջ մեքենան գործի է դրվել, որովհետեւ հավանաբար հավաքը շատ բազմամարդ է եղել, վախենալու չափ մարդ է եղել»:

Փաստաբանը նկատեց, որ այս հավաքի ու ապօրինի գաղտնալսումների ֆոնին էլ հավաքի հաջորդ օրը իրավապահները մտան ՀԷՑ. «ՀԷՑ մտնելն ընդհանրապես անօրինական է եղել: Մտել էին 3 աշխատասենյակ խուզարկելու համար, բայց 3 աշխատասենյակի խուզարկության համար եկածների կեսն էլ բավարար էր, որ իրենց խուզարկությունն անեին: Բայց իրենք վեց ժամ 400 հոգուց ավելի աշխատակազմը պարալիզացրել են: Եկել են ՀԷՑ-ի շենքն են գրավել, եթե աշխատասենյակ պիտի քննեք, եկեք բարձրացրեք աշխատասենյակը քննեք, ՀԷՑ-ի պրախադնոյը ինչո՞ւ եք գրավում, տեսախցիկներն ինչի՞ եք անջատում: Ավելորդ փաստաթղթեր են տարել, անիմաստ ու բացահայտ խախտումներով: Ինչը նշանակում է, որ լիազորությունները չարաշահել են ու ապօրինի է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031