«Ազնավուրի արվեստի եւ Ազնավուրի գնահատականի ամենամեծ վկայությունն այն է, որ չնայած ամառվա տապին, այս հրապարակը մարդաշատ է: Կարծում եմ, որ առաջին հերթին սերն է, որ մարդկանց բերել է այս հրապարակ»,- Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Սերն է, որով կարելի է բնորոշել Ազնավուրին եւ նրա ամբողջ կյանքը, նրա ամբողջ արվեստը, որովհետեւ, կարծում եմ, ցանկացած դրվագում, ցանկացած իրավիճակում եւ ցանկացած ստեղծագործությունում այդ սերը լցված է երաժշտության մեջ, լցված է տողերի մեջ, լցված է առ մարդիկ ունեցած ուշադրության մեջ: Եվ այսօր մենք նաեւ այդ սերը նյութականացնելու ու մարմնավորելու եւս մի հնարավորություն ենք ստանում այստեղ՝ Ազնավուրի անունը կրող հրապարակում, որն առաջին հերթին մշակութային հրապարակ է՝ շուրջը՝ կինո, թատրոն, կերպարվեստ: Եվ բնական է, որ այս հրապարակը Ազնավուրի անունով կոչելը եւ այստեղ Ազնավուրի արձանն ունենալը շատ ներդաշնակ եւ տրամաբանական է:
Ինչպես մշակույթն է միավորում մարդկանց, այդպես էլ Ազնավուրը իր ամբողջ գործունեությամբ շարունակում է միավորել մեզ: Եվ սա ամենամեծ գնահատականն է, որ կարելի է ունենալ: Ազնավուրի մասին կարելի է երկար խոսել: Ազնավուրի հանդեպ մեր վերաբերմունքը շատ առանձնահատուկ է մի բանով: Կարծում եմ, այստեղ ներկաներից յուրաքանչյուրին առանձնահատուկ հարազատ է: Շատ հազվադեպ է լինում, որ միլիոնավոր մարդիկ հարազատության այդ զգացումն ունենան եւ այդ զգացումով լցված լինեն մեկի հանդեպ, ում, գուցե, կյանքում երբեք չեն հանդիպել: Եվ այդ հարազատությունը դարձնում է առանձնահատուկ մեր վերաբերմունքը արձանին:
Կարդացեք նաև
Մեզնից յուրաքանչյուրն ունի Ազնավուրի իր պատկերը, որովհետեւ մենք Ազնավուրի երգերի տակ սիրահարվել ենք, ուրախացել ենք, տխրել ենք, մեր կյանքի տարբեր իրավիճակներ ենք ապրել: Վստահ եմ, որ արձանը նաեւ այս տեսանկյունից հետաքրքիր քննարկում կբերի, որովհետեւ Ազնավուրին կարելի էր պատկերել տարբեր ձեւերով, բայց պատկերվել է հենց այսպես:
Կարծում եմ, որ սա էլ շատ կարեւոր է, որպեսզի մենք մշակութային դաշտում քննարկումներ ունենանք, ունենանք հնարավորություններ՝ խոսելու արվեստի մասին: Եվ վստահ եմ, որ այս քանդակը մեզ ավելի քան այդ հնարավորությունը ընձեռելու է»,-ասաց տիկին Անդրեասյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ