Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր իրավիճակ Բաքվում պահվող գերիների հարցով. «Հրապարակ»

Հուլիս 21,2025 16:30

«Հրապարակ». Բաքվում պահվող հայ գերիների շուրջ ստեղծված նոր իրավիճակը պայմանավորված է երկու հանգամանքով. առաջինը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի փակումն է, մյուսը՝ Հայաստանի իշխանությունների անթաքույց հրաժարումը գերիների խնդրից՝ անկախ նրանց հայտարարություններից:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ  հայ գերիներին այցելել են հունիսին, նաև տեղեկացրել են, որ դա իրենց վերջին այցելությունն է: Հայ գերիներին հասանելիություն ունեցող միակ միջազգային կազմակերպության գործունեության դադարեցումը նոր հնարավորություն է ստեղծելու խոշտանգումների համար, և այդ մասին ոչ ոք անգամ չի էլ իմանա:

Իրավապաշտպանները բազմիցս նշել են, որ հնարավորություն կա չեզոք երրորդ երկրի, օրինակ, Շվեյցարիայի միջոցով հյուպատոսական աջակցություն ապահովել  հայ գերիների համար: Անգամ եղել է շվեյցարական կողմի դրական արձագանքը, սակայն  պաշտոնական Երևանի կողմից որևէ քայլ այդ ուղղությամբ չի արվել:

Մյուսը՝ Հայաստանի իշխանությունների վարքագծի՝ արդեն անթաքույց փոփոխությունն է: ԵԱՀԿ ԽՎ վերջին նստաշրջանում Հայաստանի պատվիրակության ՔՊ-ական անդամները չմիացան ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի՝  Բաքվում պահվող հայ գերիների դատավարությունները մշտադիտարկող միջազգային առաքելություն ուղարկելու առաջարկին: Արձանագրենք, որ սա կոնկրետ և շատ խոսուն փաստ է:

Վերջին ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետն ակնհայտ խուսափեց մեկնաբանել «Հրապարակի»  տեղեկությունը, ըստ որի հայ ազդեցիկ գործիչները Թրամփի ընտանիքի անդամի միջոցով  ԱՄՆ նախագահին էին  հասցրել Ռուբեն Վարդանյանի ու մյուս հայ գերիների ազատման հարցը: ԱՄՆ նախագահը համաձայնել է միջամտել, եթե ՀՀ իշխանությունները դիմեն իրեն այդ առաջարկով: Սակայն Փաշինյանի կողմից փոխանցվել է, որ նման առաջարկը կխանգարի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը:

Այսպիսով, գերիների հարցով ստեղծվել է մի տեսակ պատային իրավիճակ: Իշխանությունների կարկառուններին երբ այդ մասին հարց է ուղղվում, միացնում են ֆեյքերի ֆաբրիկայի կողմից իրենց տրամադրված «մեսիջ-կռուտիտը», թե իբր ինչու  չեք հաշվում, թե 2020 թվականից մինչև այսօր քանի ռազմագերի է վերադարձել: Մենք, իհարկե, հաշվում ենք, ու ավելին, այս ֆոնին  խիստ արժանահավատ են հնչում այն պնդումները, թե  COP 29-ն իրականում այնքան կարևոր էր Ադրբեջանի համար, որ ճիշտ ու խելացի դիվանագիտական աշխատանքի պարագայում  նա դրա դիմաց պատրաստ էլ ազատել  ոչ միայն 32, այլ՝ բոլոր հայ գերիներին:  Պարզապես ու, բնականաբար, Հայաստանի իշխանությունները դա չեն ցանկացել:

Այնուհանդերձ, եթե  իշխանություններին թվում է, որ գերիների հարցի անտեսումը հօգուտ իրենց է, այն էլ այս նախընտրական շրջանում,  ապա չարաչար սխալվում են: Պատճառը շատ պարզ է. Հայաստանի ոչ մի քաղաքացի իրեն ոչ մի վայրում չի կարող պաշտպանված զգալ ու հույս դնել սեփական պետության վրա: Ո՛չ ՀՀ սահմանին, օրինակ, հերթական սահմանազատման ժամանակ, ո՛չ էլ որևէ երկրի օդանավակայանում: Ինչքան էլ օրվա իշխանությունները գոռան և կրկնեն «ինքնիշխան» բառը,  ժողովուրդը հիմար չէ, և հրաշալի հասկանում է, որ սրանք այնքան անզոր, թույլիկ ու տգետ են, որ վախենում են անգամ ձևի համար Ադրբեջանի համար տհաճ հարցեր բարձրացնել: Տեսե՞լ եք ինքնիշխան երկիր, որն ատամներով չպաշտպանի իր գերեվարված քաղաքացիներին:
Շատ պետություններ են պարտվել, բայց հարգանք են վաստակում այն պետությունները, վերընտրվելու շանս ունենում են այն իշխանությունները, որոնք կարողանում են իրենց արժանապատիվ պահել:

Դավիթ Գևորգյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031