Հուլիսի 21-ից 23-ը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին նաև ՀՀ անվտանգության խորհրդի և ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, աշխատանքային այցով գտնվել է Չեռնոգորիայում՝ ծանոթանալու վերջինիս՝ ԵՄ անդամակցության ուղղությամբ իրականացվող քայլերին, Չեռնոգորիայի օրենսդրական ներդաշնակեցմանը ԵՄ օրենսդրությանը, ԵՄ ոլորտային չափանիշների համապատասխանեցմանը և Հայաստանում դրանց տեղայնացման և կիրառման հնարավորություններին:
Այցի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել Չեռնոգորիայի՝ ԵՄ անդամակցության շուրջ գլխավոր բանակցող Պրեդրագ Զենովիչի, գործընթացում ներգրավված առանցքային շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների՝ Ներքին գործերի նախարարության պետական նախարար Պետար Կոպրիվիցայի, Արդարադատության նախարարության միջազգային համագործակցության և միջազգային իրավական օգնության տնօրինության գլխավոր տնօրեն Բլագոյ Գլեդովիչի, Արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Պերիշա Կաստրատովիչի, Չեռնոգորիայի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Իվան Վուկովիչի և Չեռնոգորիայի Պանեվրոպական միության նախագահ Գորդանա Ջուրովիչի հետ:
Չեռնոգորական կողմին են ներկայացվել Հայաստան-ԵՄ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները, Հայաստան-ԵՄ իրավապայմանագրային հիմք հանդիսացող փաստաթղթում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրում ներառված ոլորտներում ԵՄ օրենսդրությանն ու չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև քննարկվել է Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգը:
Ներկայացվել է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որն արտացոլում է Հայաստանի ժողովրդի եվրոպական ձգտումները:
Կարդացեք նաև
Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի շրջանակներում Չեռնոգորիայի վարած քաղաքականությանը և իրականացված բարեփոխումներին:
ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի, Չեռնոգորիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էրվին Իբրահիմովիչի ու Եվրոպական գործերի նախարար Մայդա Գորչևիչի հետ:
Հաշվի առնելով Չեռնոգորիայի զգալի փորձն ու գրանցած հաջողությունները ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու համագործակցությունը ԵՄ հետ հարաբերությունների խորացման վերաբերյալ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում:
ՀՀ ԱԳՆ