Վարդավառին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ Գյումրիում Շիրակի թեմի կալանավորված առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ տեղի ունեցավ ուխտերթ՝ քաղաքի ծայրամասային Անի թաղամասում գտնվող Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցուց մինչև քաղաքի պատմական կենտրոնում՝ Վարդանանց հրապարակում տեղակայված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։
Նախ ժամերգություն տեղի ունեցավ Հակոբ Մծբնեցի եկեղեցում, հոգևոր հայրերը հավատացյալներին հորդորեցին երբեք չհուսահատվել, չկասկածել իրենց հնչեցրած աղոթքների զորությանը, մեկնաբանեցին, որ ուխտերթի նպատակն ինքնամաքրվելն է, հոգևոր բուժումն է, այնպես անելն է, որ մարդիկ իրենց թաղերում, տների մոտ զգան Հայ Առաքելական եկեղեցու ներկայությունը։
Կարդացեք նաև
Խոսվեց հայրենիքի ու ազգի առջև ծառացած դժվար ժամանակների մասին, աղոթքներում հիշատակվեց նաև Արցախը։
Հոգևոր հայրերի առաջնորդությամբ եկեղեցու բակում կատարվեց անդաստան արևելյան կողմն աշխարհի, հնչեց հոգևոր պատգամ հոգևորականի կողմից, որից հետո հավատացյալների թափորը շարժվեց դեպի քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։
Տեսարանն անչափ հուզիչ էր․ տարբեր փողոցներում հնչող աղոթքներին միանում էին շենքերի բնակիչները, կանգառներում կանգնած մարդիկ, որոնք խաչակնքվում էին։ Հետաքրքրականն այն է, որ հավատացյալներից շատերը ուխտերթի էին դուրս եկել նորածին երեխաների հետ՝ նրանց մանկասայլակների մեջ դրած։
Ուխտավորների մեջ կային նաև ձեռնափայտով մարդիկ։ Չկար գեթ մեկ մարդ, որ անտարբեր մնար՝ տեսնելով հավատացյալների մեծ թափորը։ Իհարկե, շատերը մոտենում ու հարցնում՝ ինչ է կատարվում, իսկ մեքենայի վարորդները, տեսնելով հավատացյալների թափորին առաջնորդող մեծ խաչը՝ կանգնում էին, ճանապարհ տալիս։
Հավատացյալները հոգևոր շնչով էին լցրել քաղաքը, նրանք անցան բոլոր եկեղեցիների կողքով, միասնաբար աղոթեցին, իսկ երբ հասան Վարդանանց հրապարակում գտնվող Սուրբ Յոթվերք եկեղեցի, ղողանջեցին եկեղեցու զանգերը։
Վերջին կանգառը Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին էր, որտեղ և տեղի ունեցավ ժամերգություն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ