Արցախի Հանրապետության մշակույթի նախարարությունն ահազանգում է՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում բռնկված հրդեհների հետևանքով վտանգված է շուրջ 100 պատմամշակութային հուշարձան։
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը պնդում է՝ չի հիշում, որ երբևէ, նույնիսկ փոքր տարիքում, Արցախում նմանատիպ մեծ մասշտաբի հրդեհ լինի։ Եղել են փոքր հրդեհներ, օրինակ, ցորենի, գարու արտերում, բայց՝ ոչ այս ծավալով։
«Այստեղ ես միտումնավորություն եմ տեսնում, որովհետև Ադրբեջանը թե՛ 2020 թվականի Շուշիի և Հադրութի շրջանում, թե՛ Մատաղիս-Թալիշ հատվածում և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո՝ ամողջ Արցախի տարածքում, ամեն ինչ անում է, որպեսզի ոչնչացնի հայկականության հետքը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը։
Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը հրդեհներն օգտագործում է հայկական բնակավայրերի ոչնչացման համար, հետո էլ պատրվակ կբերի, թե ավերակներ են, հետևաբար՝ այդ ավերակները պետք է վերացնի։
Կարդացեք նաև
Լեռնիկ Հովհաննիսյանը նաև ուշադրություն հրավիրեց հրդեհի գոտում աշխատող տեխնիկայի ու հրշեջների քանակի վրա՝ շեշտելով, որ այն ռեսուրսը, որն Ադրբեջանն օգտագործում է իբր այդ հրդեհները մարելու համար, բնականաբար, բավարար չէ նման ծավալով հրդեհը մարելու համար։
Մեկ բան փաստ է՝ այս ամենով վտանգվում է Արցախի Հանրապետության մշակութային ժառանգությունը։
Ադրբեջանը նաև Արցախի բնակավայրերի իսլամացման գործընթաց է սկսել 2 ձևով՝ հայկական բնակավայրերում մզկիթներ կառուցելով՝ Քարին տակը, Մատաղիսը, Հադրութը դրա վկայությունն է։ «Գուգլով» մտեք Արցախի ցանկացած բնակավայր, օրինակ, Շոշ գյուղ, ամենասովորական տան վրա կտեսնենք կիսալուսնի նշան։ Այսինքն՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է Արցախի հայկականությունը ոչնչացնելու համար։ Այս հարցում կարծես թե Ադրբեջանին տրված է ամբողջական ազատություն»,- ընդգծեց Լեռնիկ Հովհաննիսյանը։
Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։