Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս հուշարձանները կանգուն էին Ստեփանակերտում՝ հայերի ժամանակ». Արցախում Սախարովի հուշարձանի ճակատագիրն անհայտ է

Հուլիս 31,2025 17:51

«Մինչ հայտնի դարձավ Արցախում Հովհաննես Այվազովսկու արձանի քանդման մասին, RTVI-ը տեղեկացել է ևս մի քանդակի կորելու մասին: Խոսքն ակադեմիկոս Անդրեյ Սախարովի արձանի մասին է, որն անհետացել է Ստեփանակերտում», – գրում է RTVI-ը, իր «Ոչ միայն Այվազովսկին. Ադրբեջանը կորցրել է ևս մեկ ռուսական հուշարձան» վերնագրով հոդվածում:

Սախարովի արձանն արդեն 6 ամիս որոնող կամավորը համաձայնել է խոսել՝ անանունության պայմանով: 2022 թվականին քանդակագործ Գրիգորի Պոտոցկիի որոշմամբ արձանը, որը նախկինում Մոսկվայի «Մուզեոնում» (քանդակների թանգարան է բաց երկնքի տակ-«Ա.») էր տեղադրված, Ստեփանակերտ է տեղափոխվել:

Անդրեյ Սախարովի արձանը Ստեփանակերտում: «Мужайтесь армяне, ваше дело правое»,- գիտնականի այս խոսքն է փորագրված արձանի պատվանդանի վրա:

«Հայերը, հատկապես ղարաբաղցիները, շնորհակալ էին Սախարովին՝ 80-ականների վերջին հայ-ադրբեջանական հակամարտության առնչությամբ նրա դիրքորոշման համար։ Հուշարձանը տեղադրվել է Ստեփանակերտում Սախարովի անունը դպրոցի կողքին։ Եվ արդեն 2023 թվականին Ստեփանակերտը, ինչպես ամբողջ Ղարաբաղը, անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Տեղեկություններ հայտնվեցին, որ արձանն անհետացել է. ես մասնակցել եմ դրա որոնումներին», – ասել է RTVI-ի զրուցակիցը։

Նրա խոսքով՝ վեց ամիս առաջ Ստեփանակերտը «դեռևս փակ, կիսառազմական գոտի էր», և այնտեղ բոլոր մեդիա-շրջագայություններն «ուղեկցվում էին անվտանգության ուժերի կողմից նախապես նշանակված երթուղիներով»։

«Այդ ժամանակ Ստեփանակերտում մի քանի նոր տեղափոխված ադրբեջանցի բնակիչ էր ապրում, և մի քանի հայ՝ հիմնականում տարեցներ, որոնք համաձայնել էին մնալ:

«Եվ հետո 1990-ականների սկզբին հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ այնտեղից վտարված ադրբեջանցիները նույնպես իրավունք ունեին ազատորեն մուտք գործել քաղաք», – ասել է կամավորը։

Նա պատմել է, որ ինքը «գրել է ավելի քան 100 ադրբեջանցու, որոնք սոցիալական ցանցերում քաղաքի լուսանկարներ ունեին, բայց ոչ ոք չի համաձայնել օգնել»:

«Խոսեցի նաև ադրբեջանցի լրագրողների հետ. պատասխանը նույնն էր՝ չեն կարող օգնել։ Ստեփանակերտից բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր դիտեցի, այնտեղ Սախարովի դպրոցի բակը չգտա։ Մենք նայեցինք Google Earth-ի պատկերները, դրանց հետ կապված խնդիր կար. հուշարձանի տեղը ծածկված էր բարձր ծառի հաստ շողքով, բայց պարզվեց, որ արձանն, ամենայն հավանականությամբ, բացակայում է», – խոստովանել է RTVI-ի զրուցակիցը։

Այդ ժամանակ ակադեմիկոս Սախարովի հարազատները պատասխան ստացան Ադրբեջանի իշխանություններից։

«Ասվում էր, որ նրանք պաշտոնապես չեն քանդել հուշարձանը, բայց չգիտեն, թե որտեղ է այն։ Ենթադրվում էր, որ ռուս խաղաղապահները կարող էին այն իրենց հետ տանել Ստեփանակերտից մեկնելիս։ Տարբերակը, թե Սախարովի արձանն իրենց հետ վերցրել են խաղաղապահները, ինձ փոխանցել է նաև ադրբեջանական հայտնի Telegram ալիքի ադմինիստրատորը», – նշել է կամավորը։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, «Ստեփանակերտի նախկին հայ բնակիչների շրջանում երկու տարբեր աղբյուրներ պնդում են, որ արձանը դեռևս այնտեղ է եղել, երբ հայերը լքել են քաղաքը: Նրանք ասացին, թե բավականին տարօրինակ կլիներ, որ խաղաղապահները հատկապես Սախարովի արձանը վերցնեին, և ոչ թե մի շարք այլ հայտնի ռուսներինը ևս. այս հուշարձանները կանգուն էին Ստեփանակերտում՝ հայերի ժամանակ: Այսպիսով՝ իրավիճակն անորոշ է, և Սախարովի արձանի ճակատագիրն անհայտ է», – եզրափակել է RTVI-ի զրուցակիցը։

Հիշեցնենք՝ Սախարովի արձանը Ստեփանակերտի Սախարովի անվան թիվ 8 դպրոցի բակում տեղադրվել է 2022թ. մայիսի 21-ին՝ ակադեմիկոսի 101-ամյակի կապակցությամբ։ Նախաձեռնությունը հովանավորել է գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։

Հուշարձանի բացման ժամանակ հեղինակը՝ Գրիգորի Պոտոցկին, որն իր գործերում բազմաթիվ ականավոր գործիչների է պատկերել, այդ թվում՝ Ազնավուրին, նշել է. «Հայերը մշակութային ժողովուրդ են:

Միակ ժողովուրդը, որը կարող է ապրել առանց սահմանների:

Նրանք ամբողջ աշխարհում իրենց մշակութային կենտրոններն են բացում այն վայրերում, որտեղ ապրում են։ Հպարտ եմ, որ իմ քանդակը տեղադրված է նման մշակութային երկրում»։

Շառլ Ազնավուրը և Գրիգորի Պոտոցկին: Լուսանկարը՝ Ревизор.ru-ից

«Սախարովի քանդակը սկսել եմ պատրաստել 22 տարի առաջ։ Մտածում էինք այն Հաագայում տեղադրելու մասին, բայց Արցախում տեղի ունեցած իրադարձություններից, այդ ցավից հետո որոշեցինք, որ ճիշտ է Ստեփանակերտում այն տեղադրելը», – «Ինտերֆաքսին» ասել է քանդակագործը։

«2000 թվականին ես հայտնվեցի Լոս Անջելեսում՝ մի հայկական ընտանիքում և նրանք ինձ պատմեցին Սախարովի հանդեպ իրենց յուրահատուկ սիրո մասին։ Սախարովը շատ բան է արել խորհրդային հանրապետությունների ինքնորոշման համար։ Նրա աշխատանքի շնորհիվ տասնյակ հանրապետություններ ստացան իրենց պետականությունը… Հենց այստեղ էլ «տեսա» արձանի «պատկերը». Սախարովը՝ կլոր նստարանին նստած, ձեռքերը, կարծես, շղթայված էին հետևում, ու շղթաները վերածվել էին նստարանի։ Գլուխը դեպի երկինք բարձրացրած՝ կարծես Աստված նրան նայում է վերևից, ու նստարանի ուրվագիծը նման է լուսապսակի։

Նա «նստած» էր, և մի՞թե մենք բոլորս նույն տեսակի «նստածներ» չէինք։

Ես վերադարձա Ռուսաստան, քանդակեցի այդ պատկերը և ձուլեցի բրոնզով… Ընկերս՝ Արմեն Դարբինյանը [ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական համալսարանի նախկին ռեկտոր] ամեն ինչ արեց, որ Սախարովի ծննդյան օրը քանդակը տեղադրվի Ստեփանակերտում», – Rbc-ի հետ զրույցում էլ պատմել էր Պոտոցկին:

ՀՀ-ում են Պոտոցկու մի շարք քանդակներ. Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրին՝ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Երախտագիտության այգում, «Սուսերով պար» կոմպոզիցիան՝ Հայաստանի պատմության թանգարանում, «Փարաջանով» քանդակային կոմպոզիցիան՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանի բակում:

Արմեն Դարբինյանը և Գրիգորի Պոտոցկին Սերգեյ Փարաջանովի թանգարանի բակում «Փարաջանով» քանդակային կոմպոզիցիայի բացմանը: Լուսանկարը՝ քանդակագործի կայքից:

Խորհրդային ֆիզիկոս Անդրեյ Սախարովը ԽՍՀՄ-ում առաջին ջրածնային ռումբի ստեղծողներից մեկն էր: Նա նաև հայտնի այլախոհ էր, հասարակական գործիչ, մարդու իրավունքների պաշտպան. 1975 թվականին Սախարովը Նոբելյան խաղաղության մրցանակ է ստացել իր հասարակական աշխատանքի համար։

Անդրեյ Սախարովը կնոջ՝ արցախյան արմատներով Ելենա Բոներ-Ալիխանյանի հետ, 1979 թվ., լուսանկարը՝ HRW-ի

1988 թվականի փետրվարից մինչև կյանքի վերջին օրերը Սախարովն ամենից շատ ուշադրություն էր դարձնում Լեռնային Ղարաբաղի խնդրին։

«Քաջալերվեք, հայե՛ր, ձեր գործն արդար է», – գիտնականի հենց այս խոսքն էր փորագրված Արցախում նրա հուշարձանի պատվանդանի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031