Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. «Եթե Զանգեզուրի միջանցք տանք, մեր Սյունիքի ամբողջ հարավը տարիների ընթացքում անեքսիայի կենթարկվի թուրքերի կողմից»

Օգոստոս 01,2025 16:23

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը «Հայելի» ակումբում վերլուծելով, թե ինչ է Սյունիքը նշանակում առաջին հերթին Հայաստանի համար, խոսեց օրերս Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի արած հայտարարությունների մասին:

Գագիկ Մինասյան

«Ես կարծում եմ, որ այդ հայտարարությունները բավականին ուշագրավ էին եւ դուրս էին այն քարոզչական աղբից, որը թափում է հայ ժողովրդի գլխին վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը: Սա, ըստ էության, ասում է, որ Զանգեզուրով անցնող այդ ճանապարհը պետք է լինի Հայաստանի ինքնիշխանության տակ, պետք է լինի արտապատվիրակում ճիշտ այնպես, ինչպես ուրիշ բիզնեսներն են արտապատվիրակում: Բայց բոլորովին այլ բան է ասում Բաքվում Թուրքիայի դեսպանը: Եվ իր ասածը ուղղակի համընկնում է այն ձեւակերպումների հետ, որ ասել էր Միացյալ Նահանգների դեսպանը Թուրքիայում: Ըստ էության, Թուրքիայի դեսպանն ասում է, թե տեսեք, մենք ունենք շատ լավ հարաբերություններ Իրանի եւ Վրաստանի հետ, Վրաստանով մենք հիմա ունենք ճանապարհ, որը կապում է Ադրբեջանը Թուրքիային: Եվ Իրանն էլ պատրաստ այդպիսի ճանապարհ տալ Արաքսի հովտի շրջանակներում: Բայց մենք նախընտրում ենք Հայաստանով անցնող միջանցքը:

Այստեղ շատ կարեւոր ուղերձ կա, որը պետք է բացենք եւ հասկանանք, թե ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ է Թուրքիայի համար այն ճանապարհը նախընտրելի, որը անցնում է ՀՀ տարածքով»,- ասաց բանախոսը եւ քարտեզի վրա ցույց տալով Բաքու-Թբիլիսի-Կարս տարիներ շարունակ գործող բավականին ժամանակակից, 830 կմ երկարություն ունեցող երկաթուղին, շարունակեց. «Հիմա նախատեսվում է կառուցել Բաքու-Մեղրի-Նախիջեւան-Կարս երկաթուղին, որն ավելի երկար է՝ 850 կմ: Մի տարբերակով նախատեսվում է, որ այդ ճանապարհը պետք է անցնի Արաքսի աջ ափով: Դա իրանական տարբերակն է: Մյուսը՝ Արաքսի ձախ ափով՝ հայկական տարբերակով: Ու այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչ մեծ տարբերություն կա այդ ամբողջ մեծ ծրագրի համար, թե ճանապարհն անցնում է Իրանով կամ մի քանի հարյուր մետրի տարբերությամբ՝ Հայաստանով:

Այս հարցը չափազանց կարեւոր է եւ այս հարցի պատասխանը մեկն է: Այն արտոնությունները, որոնք երկաթուղին Հայաստանով անցկացնելու պարագայում թուրքերն ու ադրբեջանցիները ակնկալում են ստանալ, բոլորովին նման չեն նրան, ինչ որ Իրանն է պատրաստ դրա համար տալ: Եվ այստեղ է բացահայտվում այն ձեւակերպումը, որի մասին ասաց Թուրքիայի դեսպանը Ադրբեջանում: Այն է, որ, ըստ էության, նրանք դա համարում են իրենց տարածքը՝ ասելով, որ Նախիջեւանը պետք է Ադրբեջանի մայր հատվածին կապվի իրենց տարածքով: Այստեղ խնդիրը ոչ թե ճանապարհի երկարությունն է, ոչ թե ճանապարհը Իրանով, Հայաստանով կամ Վրաստանով անցնելը, այլ այն, թե այդ երկիրն ինչ արտոնություններ է տալիս: Ակնհայտ է, որ եթե Վրաստանը տար այդ արտոնությունները, կնախընտրեին արդեն գործող երկաթուղին: Նույնը՝ Իրանի դեպքում: Իսկ Իրանն ու Վրաստանը դրանից մեծ գումարներ կաշխատեին: Ուրեմն այդ ի՞նչ արտոնություններ են, որ տրվում են Հայաստանի կողմից, որի համար նախընտրվում է հենց հայկական տարբերակը:

Այստեղ պետք է հիշենք այն հայտարարությունները, որ անում էր վարչապետի աթոռն զբաղեցնող անձը ընդամենը մի քանի ամիս առաջ: Ասում էր, որ մենք պետք է աշխատենք սիմետրիայի սկզբունքով, եւ այն արտոնությունները, որ պետք է տանք մենք Մեղրիով անցնող Նախիջեւան-Ադրբեջան ճանապարհին, նույնը պետք է ստանանք Նախիջեւանով Երասխը Մեղրիին կապելու հետ:

Ի՞նչ է մնացել այդ արտահայտությունից: Ոչինչ: Ադրբեջանը ոչ մի արտոնություն չի տալու Նախիջեւանով անցնող երկաթուղով մարդկանց եւ բեռների փոխադրման համար, բայց պահանջում է այնպիսի արտոնություններ, որն ըստ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի, այդ երկաթուղին, այդ տարածքը դարձնում է իրենցը:

Վարչապետի աթոռն զբաղեցնողը ժողովրդին խաբել է նաեւ Իրանի պահով, որովհետեւ վերջինը նույնպես չի պատրաստվում տալ այն արտոնությունները, որը պատրաստվում է տալ Հայաստանը:

Բայց արդյո՞ք այս արտոնությունները անվտանգ արտոնություններ են: Ի՞նչ պիտի լինի այնտեղ երկաթուղուց բացի: Պետք է լինի ավտոմայրուղի, ինչի մասին արդեն ասված է, այդտեղով պետք է անցնեն նավթի, գազի խողովակաշարեր, մալուխներ: Այսինքն, մեծ տնտեսություն է լինելու, որը պետք է կառուցվի տարիների ընթացքում եւ պետք է սպասարկվի: Իսկ դրա համար պետք է լինեն մեծ քանակի աշխատողներ, ծառայողներ: Դա նշանակում է, որ մեր Սյունիքի ամբողջ հարավային հատվածը տարիների ընթացքում անեքսիայի կենթարկվի թուրքական կողմից: Ահա թե ինչ էր ասում Թուրքիայի դեսպանը Ադրբեջանում՝ հայտարարելով, որ մենք ուզում ենք, որպեսզի Նախիջեւանը Ադրբեջանի հիմնական մասին կապվի մեր տարածքով»,-բացահայտեց Գագիկ Մինասյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031