2000թ․ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում դիրիժոր, դաշնակահար «Ջազի հայկական ասոցիացիա»-ի անդամ Տիգրան Լալայանը հիմնադրեց Արցախի պետական ջազ նվագախումբը, որը մինչև 2023թ․ սեպտեմբեր Արցախում և այլ վայրերում հանդես էր գալիս ու հիացնում հանդիսատեսին։ 2023 թ․ Արցախի բռնի տեղահանությունից հետո նվագախումբը մեծ դժվարությունների առաջ էր կանգնած։
Ռուսաստանյան «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի աջակցությամբ Արցախի ջազ նվագախումբը վերածնվել է Երևանում, կրկին սկսել է գործունեությունը, որը կիսատ մնաց Ստեփանակերտում։ Նվագախումբը դարձյալ «Դիալոգ»-ի աջակցությամբ վերջերս համերգներով հանդես էր եկել Մոսկվայում։
Կարդացեք նաև
Հուլիսի 31-ին Տիգրան Լալայանի ղեկավարած նվագախումբը հանդես եկավ արդեն երևանյան հանդիսատեսի առջև Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում։
Ողջունելով ներկաներին՝ համերգը վարողը տեղեկացրեց՝ Մոսկվայում՝ Ալեքսեյ Կոզլովի ակումբում, Արցախի ջազ նվագախմբի ելույթը եղել է Մոսկվայի ջազ փառատոնի ծրագրի կարևորագույն պահերից մեկը, և կատարումը գերել է մոսկովյան հանդիսատեսին։
Կարևորեց հասարակական գործիչ և «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի դերը, ով համաձայնագիր է կնքել իր օգնությամբ վերածնված Արցախի ջազ նվագածմբի հետ, և այս համերգը նույնպես նրա աջակցությամբ է։
Երևանյան համերգի ընթացքում հնչեցին սվինգի դասականներից մինչև լատինաամերիկյան ռիթմեր, հայկական մեղեդիներ ու համաշխարհային ջազի գլուխգործոցներ։ Երգչախմբի մենակատարներ Ալյոնա Բալույանը, Գարո Խարազյանը, Մարատ Բալայանը, Գոռ Հայրապետյանը, Անուշ Ստեփանյանը, Սեդա Աղաբաբյանը և Ավագ Մարգարյանն առանձին ու միասին կատարեցին երգահաններ Կոնստանդին Օրբելյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Մարտին Վարդազարյանի, այլոց երգեր։
Նվագախմբի կատարմամբ էլ հնչեցին Ֆրենկ Սինատրի, Բադդի Ռիչի, Էրիկա Ռիչարդսի և այլոց ստեղծագործություններ։ Հնչեցին նաև Արցախում սիրված ու ճանաչված ստեղծագործողների երգեր։ Առավել հուզիչ ու ոգևորիչ էին հատկապես հայկական ջազի սիրված ստեղծագործությունները՝ «Սա Երևանն է», «Արցախ», «Երևանի պոպուրի», «Արի-Արի» և այլն, որոնք ուղեկցվում էին հայկական ազգային երաժշտական գործիքներով: Հանդիսատեսների մեծ մասն արցախցիներ էին։
Ներկա էին նաև Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, «Դիալոգ» կազմակերպության ներկայացուցիչ Գոռ Կարախանյանը։
Նվագախմբի կողմից հնչեց նաև շնորհակալական խոսք՝ ուղղված «Դիալոգ»-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան ղեկավարությանն ու աշխատակիցներին, ինչպես նաև՝ հանդիսատեսին, որի ոգևորող ծափերն ու արձագանքն առավել էր աջակցում կատարողներին։
Համերգից հետո օտարազգի հանդիսատեսները զրուցում էին միմյանց հետ՝ հիացած արցախցի ջազի վարպետների կատարումներով։
Զոհրաբ Ըռքոյան