Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմական հանցանքների ու բռնության գործողությունների հետևանքով անձի անգամ «կամավոր» հեռանալը միջազգայնորեն համարվում է «բռնի» տեղահանում

Օգոստոս 06,2025 19:00

Պատերազմի կանխամտածված ռազմավարություն է բռնի տեղահանությունը. այն շարունակվող պատերազմի ձև է, որն իր առաջացրած խնդիրներով երբեմն նույնիսկ գերազանցում է պատերազմի արհավիրքները։

Բռնի տեղահանումը արտաքսման կամ հարկադրանքի այլ գործողությունների միջոցով քաղաքացիական անձանց բռնի տեղափոխումն է իրենց բնակության տարածքից՝ առանց միջազգային իրավունքով թույլատրելի հիմքերի։

Տեղահանության գործընթացում բռնությունը չի սահմանափակվում ֆիզիկական ուժով. այն կարող է ներառել ուժի սպառնալիքը, ինչպիսին է բռնության, հարկադրանքի, կալանավորման, հոգեբանական ճնշման կամ իշխանության չարաշահման վախը, և նկարագրում է մի իրավիճակ, երբ անհատները չունեն ազատ կամ իրական ընտրություն՝ մնալու իրենց տարածքում կամ լքելու այն։

Ինչպես հաստատվել է Հարավսլավիայի նախկին քրեական տրիբունալի կողմից Միլորադ Կրնոյելացի դատավարության ժամանակ՝ բռնի տեղահանումը մարդկանց կամքին հակառակ կամ առանց իրական ընտրության գործողությունն է։ Հարավսլավիայի միջազգային տրիբունալը Նալետիլիչի և Մարտինովիչի գործով հաստատեց նաև, որ ուժի սպառնալիքի միջոցով առաջացած համաձայնությունը չպետք է համարվի իրական համաձայնություն. «Իր բնակության տարածքը լքելուն կարող է դրդել բռնության, հոգեբանական ճնշման վախը՝ ստեղծելով մի իրավիճակ, որտեղ այլ ելք չկա, քան հեռանալը՝ այդպիսով հեռանալու որոշումը հավասարեցնելով բռնի տեղահանման»։

Հարավսլավիայի քրեական տրիբունալը Պրլիչի դատական գործով վճռեց, որ «թեկուզ միայն ուժի սպառնալիքը, ֆիզիկական, մտավոր կամ հոգևոր բռնությունը կարող է բավարար ապացույց լինել տեղահանությունը բռնի որակելու համար»։ Իրական ընտրության բացակայությունն է, որ տեղահանության հիմքերը դարձնում է անօրինական և բռնի։

Բացի այդ, Միլան Սիմիչի գործով՝ Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալը նույնիսկ ընդգծել է, որ հանցավոր վարքագծի սպառնալիքները կարող են բավարար լինել, որպեսզի ապացուցվի իրական ընտրության բացակայության հանգամանքը, և հաստատել, որ «քաղաքացիական օբյեկտների գնդակոծումը, ժառանգության և բնակելի տների վնասումը և այլ հանցագործություններ կամ անգամ դրանց սպառնալիքը իրականացվում են բնակչությանը սարսափեցնելու և առանց վերադարձի հույսի տարածքից հեռացնելու համար», որը հավասարազոր է քաղաքացիական անձանց բռնի տեղահանման։

Եվ ավելին տարհանումը հեշտացնելու համար կազմակերպված գործընթացները և անգամ դրա  համաձայնությունը չի կարող անձի իրական ընտրությունը կամ համաձայնությունը լինել։

Ավելին, նույնիսկ եթե քաղաքացիական անձինք հեռացել են տարածքից անվտանգության և ռազմական անհրաժեշտության պատճառներով, տեղահանումը այդ դեպքում նույնպես չի կարող համարվել «կամավոր» և «օրինական»։ Եվ անգամ եթե տեղահանվածները ցանկացել են, և իրականում նույնիսկ խնդրել են, որ հեռացվեն տարածքից, դա չի նշանակում, որ նրանք իրական ընտրություն են ունեցել մնալու կամ գնալու։

Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալում դատավարության պալատը Միլան Սիմիչի նախադեպային գործով՝ տեղահանության բնույթը պարզելիս, կարևոր է համարել բևեռվել անձի «իրական մտադրության» վրա և հաստատել, որ բռնության ապացույց կարող է լինել «տեղահանության ոչ կամավոր բնույթն ու տեղահանության ենթակա անձանց իրական ընտրության բացակայության հանգամանքը»։

Ուստի՝ պատերազմական հանցանքների ու բռնության գործողությունների հետևանքով անձի անգամ «կամավոր» հեռանալը միջազգայնորեն համարվում է «բռնի» տեղահանում, քանի որ բռնությունն այստեղ մեկնաբանվում է որպես «ընտրության բացակայություն»։

 

ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031