Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը դառնում է սպասարկո՞ղ երկիր․ ի՞նչ են ասում ՀՀ պետական պարտքի մասին ցուցանիշները

Օգոստոս 13,2025 21:01

«Առաջին հայացքից Հայաստանի պետական պարտքի աճը մինչև 13,9 մլրդ դոլար ընդամենը մակրոտնտեսական ցուցանիշ է, որը կառավարությունը մեկնաբանում է ավանդական բանաձևի ներքո՝ իբր, պարտք ենք վերցնում՝ հին պարտքերը մարելու և բյուջեն կայուն պահելու համար։ Բայց եթե խորանանք թվերի մեջ, պատկերը դառնում է շատ ավելի մտահոգիչ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը։

Վահե Դավթյան

Հիշեցնենք, օրերս ՀՀ վիճակագրական կոմիտեն ցուցանիշներ էր հրապարակել։ Ըստ այդմ, Հայաստանի պետական պարտքը 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ 13 մլրդ 852 մլն 137 հազար ԱՄՆ դոլար է։ Արտաքին պարտքը 6 մլրդ 943 մլն 296 հազար, իսկ ներքինը՝ 6 մլրդ 908 մլն 842 հազար դոլար է: Մեկամսյա կտրվածքով ՀՀ պետական պարտքն ավելացել է 116 մլն 520 հազար դոլարով: Ընդ որում՝ արտաքին պարտքը 46 մլն 7 հազար դոլարով պակասել է, իսկ ներքինն ավելացել է 162 մլն 527 հազար դոլարով: 2024 թվականի դեկտեմբերի 31-ին ՀՀ պետական պարտքը 12 մլրդ 842 մլն 240 հազար դոլար էր, որից արտաքինը՝ 6 մլրդ 454 մլն 151 հազար, իսկ ներքինը՝ 6 մլրդ 388 մլն 88 հազար դոլար:

Վահե Դավթյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կտրուկ դանդաղել է՝ նախորդ տարվա 10,4%-ի փոխարեն կազմելով ընդամենը 6,3%․ «Հիմնական հարվածը ստացել է արդյունաբերությունը․ անցած տարվա մոտ 20% աճից հետո՝ անկում 12%-ով: Տնտեսության կառուցվածքում առաջատար են դարձել առևտուրը և ծառայությունները, իսկ իրական արտադրությունն ընդամենը երրորդ հորիզոնականում է։ Այսպես, 2025 թ. առաջին կիսամյակում Հայաստանում ծառայությունների ոլորտը արագացրել է տարեկան աճի տեմպերը՝ 4,4%-ից հասնելով 9,8%-ի: Սա այլևս ոչ թե ժամանակավոր տատանում է, այլ խորքային ապաինդուստրիալիզացիա, որը քայքայում է ավելացված արժեք ստեղծելու հիմքերը»։

Մեր զրուցակցի գնահատմամբ, այս պայմաններում յուրաքանչյուր նոր եվրապարտատոմսի թողարկում, յուրաքանչյուր արտաքին վարկ այլևս պարզապես ֆինանսավորման գործիք չէ, այլ երկրի «սպասարկող» մոդելի ամրապնդում․ «Երբ տնտեսությունը չունի սեփական արդյունաբերական բազա, պարտքերը մարվում են ոչ թե բարձր տեխնոլոգիական արտահանմամբ, այլ առևտրից, ծառայություններից և դրամական փոխանցումներից գանձվող հարկերով։ Սա երկիրը դարձնում է ավելի խոցելի վարկատուների քաղաքական կամքից։ Նման մոդելը դեռևս 1980-ականներից հայտնի «Վաշինգտոնյան կոնսենսուս»-ի դասական դրսևորում է․ արտադրական բազայի թուլացում, ֆինանսական կախվածության աճ և որոշումների կայացման կենտրոնի տեղափոխում ազգային իրավասությունից դուրս»։

Տնտեսական գիտությունների դոցենտ Աղասի Թավադյանը ճիշտ է համարում պետական պարտքի նվազեցման ճանապարհը, բայց ներկայումս դրա կառավարումը, կարծում է ճիշտ է իրականացվում

Տնտեսական գիտությունների դոցենտ Աղասի Թավադյանը՝ վերլուծելով պաշտոնական թվերը, ընդհանուր առմամբ, կարծում է, որ պետական պարտքի կառավարման տեսանկյունից, ՀՀ ֆինանսների նախարարությունում ճիշտ քայլեր են կատարում։ Միաժամանակ իր գնահատմամբ, առավել ճիշտ կլիներ՝ գնալ պետական պարտքի իջեցման․ «Պետական պարտքը միակողմանի՝ եկամուտների մեծացման տեսանկյունից միայն չպետք է նայել, այլ նաեւ ծախսերի կառավարման տեսանկյունից։

Աղասի Թավադյան

ՀՀ-ում հստակություն չկա ծախսերի արդյունավետության մեջ։ Ինչքան էլ մենք պետական պարտքը մեծացնենք՝ պահանջմունքները բավարարելու համար, մենք ծախսերի խնդիր ունենք, այն տեսանկյունից, որ հիմնական ծախսերը կատարվում են վերջին եռամսյակում․ այսինքն, ծախսերի մոտ 60-90 տոկոսը չի կատարվում, հետո, վերջին եռամսյակում ամեն ինչն արագորեն կատարվում է՝ ցույց տալու համար, որ կատարել են, որպեսզի հաջորդ տարին նորից գումարը գա։ Սա անարդյունավետության մասին է խոսում»։

«Ճիշտ է, այսքան մեծ պետական պարտքը վտանգավոր է, որովհետեւ 50 տոկոս սահմանի մեջ է։ Ինչո՞ւ է վտանգավոր։ ՀՀ դրամը պատմություն ունի հանկարծակի արժեւորման՝ փոխարժեքի կտրուկ եւ հանկարծակի արժեզրկման հաշվին, երբ միջազգային ֆինանսական դաշտը խարխլվում է։ Երբ փոխարժեքը կտրուկ եւ հանկարծակի արժեզրկվում է, պետական պարտքն իսկույն մեծանում է, ՀՆԱ-ի ցուցանիշներն էլ անկում են ապրում»,- ասաց Աղասի Թավադյանը։

Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ այդ իրավիճակները՝ 2008 թվականի վերջին, միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի շրջանում, երբ Հայաստանում ԱՄՆ մեկ դոլարի փոխարժեքը 300 դրամից կարճ ժամանակահատվածում դարձավ 380 դրամ, ապա՝ 2014 թվականին՝ ռուսական ռուբլու ճգնաժամի արդյունքում, երբ ԱՄՆ մեկ դոլարի փոխարժեքը 400 դրամից շատ արագ դարձավ 480 դրամ եւ շուկայում խուճապային իրավիճակ առաջացավ։ Ինչպես նաեւ 2022 թվականի ընթացքում համանման իրավիճակ ստեղծվեց, բայց ավելի մեղմ։

«Այս պահին նման ճգնաժամի հավանականությունը շատ ավելի քիչ է իրականում եւ ԿԲ պահուստները բավականին մեծ են։ Այսինքն, մենք դեռեւս կարող ենք դիմակայել եւ փոխարժեքը, փաստացի, մնալու է փափուկ ձեւով դոլարին կցված։ Սակայն, դեռեւս առկա է արժութային փոխարժեքի ռիսկը, դրա համար այս կառավարությունը վերջին շրջանում մեծացրեց դրամով պետական պարտքի կշիռը։ 2018 թվականի ընդհանուր պետական պարտքի մեջ մոտ 18-20 տոկոսն էր հայկական դրամով պարտքը, հիմա՝ մոտ 50 տոկոսը։ Այսինքն, եթե հանկարծակի հայկական դրամի փոխարժեքը բարձրանա, ավելի մեծ ազդեցություն չի ունենա պետական պարտքի մեծացման վրա․ պետական պարտքը՝ ՀՆԱ-ի հետ հարաբերակցությունում ոչ թե կմեծանա կտրուկ ձեւով մինչեւ 64-70 տոկոս, այլ կմեծանա 55-60 տոկոս, որն ավելի կառավարելի է։ Միաժամանակ, հայկական դրամով պետական պարտքն ունի մեկ խնդիր՝ դրա սպասարկումն ավելի բարձր տոկոսադրույքով է։ Այդ է պատճառը, որ 2024 թվականին բյուջեում պետական պարտքի ծախսի կշիռը մոտ 10 տոկոսից դարձավ մոտ 11 տոկոս»,- ասաց մեր զրուցակիցը։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031