Լրահոս
Օրվա լրահոսը

«Որպեսզի ունենանք դինամիկ զարգացող երկիր, պետք է ունենանք համաչափ զարգացում». Նարեկ Կարապետյան

Մարտ 03,2026 23:35 Share

«Արմենիա» հեռուստաընկերությունում, պատասխանելով հարցին, թե ծրագրային հինգ դրույթներից մեկով նախատեսվում է Հայաստանում 300 հազար աշխատատեղ ստեղծել, արդյո՞ք հաշվարկել են՝ այդքան աշխատատեղի կարիք կա՞, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ասաց. «Մեր երկրում ապրում է երեք միլիոն մարդ։ Կա գրանցված 800 հազար աշխատող։ Ունենք ևս 500 հազար թոշակառու, 300-400 հազար դպրոցական և ուսանող։ Մեր հաշվարկով՝ Հայաստանի 1,2 միլիոն քաղաքացի չունի աշխատանք, բայց ունի աշխատելու ցանկություն։ 200-300 հազարն ունի սեզոնային աշխատանք՝ ամռանը։

Մեր երկիրը 1,2 միլիոն աշխատանքի հնարավորություն ունի, քանի որ երեք միլիոնանոց երկրի համար 800 հազար աշխատատեղը բավականին սահմանափակ հնարավորություն է տալիս։ Մենք պլանավորում ենք այդ 1,2 միլիոնից 300 հազար աշխատատեղ ստեղծել հինգ տարվա ընթացքում։ Բայց դա կլինի արդյունաբերության մեջ, շինարարության մեջ և տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունների մեջ։ Դա կակտիվացնի մեր տնտեսության արդի վիճակը, և մենք լրիվ ուրիշ մակարդակ դուրս կգանք։ Այսինքն՝ դա կօգնի այն շրջաններում, որտեղ ունենք մեծ աղքատություն, հաղթահարել այդ աղքատությունը»։

Դիտարկմանը, թե պետությունն էլ է հաճախ հայտարարում, որ մենք ունենք այսքան թափուր աշխատատեղ և այսքան գործազուրկ, և այս երկու կոմպոնենտներն իրար չեն հանդիպում, այդ բացն ինչպե՞ս են լրացնելու, Նարեկ Կարապետյանը պատասխանեց. «Եկեք դիտարկենք մի շարք շրջաններ։ Օրինակ, Մարտունի շրջանում ապրում է 90 հազար մարդ։ Մարտունիում ի՞նչ աշխատատեղ կա։ Կարող է Երևանում լինեն աշխատատեղեր, որտեղ վճարում են 120 կամ 150 հազար դրամ և ասում են, որ չկա աշխատող։ Բայց չպետք է մոռանանք, որ Երևանում գույքահարկ և տարբեր հարկեր են ավելացել, և ծախսային առումով Երևանում ապրելը բավականին թանկ է։ Այդ պատճառով մարդիկ ստիպված են ավելի բարձր աշխատավարձի գնալ, որպեսզի կարողանան տնտեսական բոլոր պահանջմունքները բավարարել։ Իսկ մենք ունենք մեծ շրջաններ, որտեղ մասսայական գործազրկություն է։ Մարդիկ ապրում են ուղղակի աշխատուժը արտահանելով։

Ուղղակի մարդիկ ընտանիքներից կտրվում, գնում են օտար երկրներում աշխատելու, քանի որ մեր երկրում այսքան տարիների ընթացքում չի լուծվել աշխատանք ստեղծելու ամենակարևոր խնդիրը։ Մեր երկրի տնտեսական քաղաքականությունը կառուցված չէ շրջաններում աշխատատեղ ստեղծելու վրա, այլ կառուցված է ուղղակի հարկեր հավաքելու, Երևանի ակտիվության, Երևանի հարկերի, ինչպես նաև մի քանի հանքերից ստացված եկամուտների հաշվին երկրի ընդհանուր տնտեսական վիճակը պահելու վրա։ Ինչպես նաև պարտք ներգրավելով։

Որպեսզի ունենանք դինամիկ զարգացող երկիր, պետք է ունենանք համաչափ զարգացում։ Ժամանակին մեր բոլոր շրջաններն ունեին ոլորտային մասնագիտացում։ Եվ մենք պետք է գնանք նրան, որ ամեն շրջանի համար կանխատեսենք և պլանավորենք տնտեսական զարգացման մոդել։

Ունենք Նոյեմբերյանի օրինակը։ Օրինակ եմ բերում, Նոյեմբերյանի համար մենք հայտարարել ենք, որ այն առանձին պետք է լինի բանջարեղենի ջերմոցների գոտի, որտեղ Հայաստանի սահմանին մոտ լինելով, գազի ներմուծման կետը լինելով՝ հնարավոր կլինի Թուրքիայում գազից էժան գնով գազ գնել։ Դա էլ հնարավորություն կտա հայկական ապրանքը, Տավուշի ապրանքը արտահանել և ամբողջապես փակել Հայաստանի ամբողջ ներքին պահանջմունքը։

Նույնը Մեղրիի շրջանի դեպքում։ Վանաձորի հետ կապված ծրագրեր ունենք՝ նավթավերամշակման գործարանի ծրագիր, որը կլուծի Հայաստան նավթի թանկ ներմուծման ու բարձր գների հարցը։ Մենք ոչ թե ստիպված կլինենք Ադրբեջանից գնել բենզինը, այլ Իրանից գնել նավթ, վերամշակել Վանաձորում, այդ քաղաքում ապահովել աշխատատեղեր և այդ նավթը բենզինի, դիզելի տեսքով վաճառել մեր երկրում։ Նաև ապագայում կներկայացնենք, թե ինչ ծրագրեր ունենք Գյումրիի հետ կապված»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031