Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանի քաղաքապետը պետք է օր առաջ լուծում տա Նուբարաշենի աղբավայրին: Բայց չստացվի այնպես, ինչպես տրանսպորտի կամ կանաչապատման ռեֆորմն են իրականացնում». Երեւանի ավագանու անդամ

Օգոստոս 18,2025 20:50

Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ. բնապահպան, բ.գ.թ. Քրիստինա Վարդանյանը «Sputnik Armenia» մուլտիմեդիոն կենտրոնում խոսել է երեւանցիների առողջության համար Նուբարաշենի աղբավայրի վտանգավորության եւ ընդհանրապես մայրաքաղաքի բնապահպանական խնդիրների մասին:

«Նուբարաշենի աղբավայրը Երեւանի համար «դանդաղ գործողության ական է»: Այստեղ անընդհատ լինելու են հրդեհներ, որովհետեւ օրգանական թափոնների քայքայման ընթացքում առաջանում են գազեր, որոնք ինքնայրման ենթակա են: Աղբավայրը ուղղակի փակել է պետք: Կամ պետք է ստեղծել նոր, եվրոպական ստանդարտներին համապատասխանող աղբավայր, կամ ավելի լավ տարբերակը՝ աղբի վերամշակման գործարան: Սա շատ կարեւոր խնդիր է: Եվ բյուջեն պետք է ծախսվի ոչ թե Լոպեսով տուրիզմ զարգացնելու, այլ նման ֆունդամենտալ աշխատանքների վրա: Գտնել միջազգային բնապահպանական կազմակերպություններ, որոնք դոնոր կհանդիսանան եւ կմիջամտեն այս հարցի լուծմանը, տնտեսվարող միջազգային այլ գործընկերներ, նաեւ ներգրավել տեղի բիզնեսը:

Ինչո՞վ է վտանգավոր այս աղբավայրը: Որպես հանրային առողջապահության ներկայացուցիչ, ինձ հետաքրքրում է հանրության առողջությունը կարճաժամկետ եւ երկարաժամկետ էֆեկտներով: Կարճաժամկետը վթարային բնույթ ունի: Շատ ավելի վտանգավոր է երկարաժամկետը, որովհետեւ այրման ընթացքում առաջանում են քաղցկեղածին նյութեր, որոնք վտանգավոր են նաեւ սիրտ-անոթային եւ շնչառական համակարգի համար»,-ասաց բանախոսը եւ հավելեց, որ առկա է նաեւ շրջակա միջավայրի՝ օդի ավազանի, հողի, ստորգետնյա ջրերի աղտոտման խնդիրը, ինչը ավելի է բարդացնում պատկերը:

«Երբ սկսում են ջրով մաքրել աղբավայրը, ջուրն իջնում է ավելի խորանիստ շերտեր եւ աղտոտում այնտեղի ջրերը: Աղբավայրում կան մեծ քանակությամբ սննդի մնացորդներ եւ, բնականաբար, այնտեղ լինելու են միջատների մեծ գաղութներ, կրծողներ, որոնք հիվանդությունների տարածողներ են: Պակաս կարեւոր չեն նաեւ սոցիալական խնդիրները: Օրինակ, եթե աղբավայրը չի այրվում, գարշահոտը, այրվելու պարագայում՝ ծուխը, որոնք բնակչության համար լրացուցիչ անհարմարություններ են:

Այսինքն, Երեւանի քաղաքապետը պետք է օր առաջ այս հարցին անդրադառնա եւ լուծում տա: Բայց չստացվի այնպես, ինչպես տրանսպորտի կամ կանաչապատման ռեֆորմն են իրականացնում՝ հնձելով կենտրոնի բոլոր ծառերը եւ 20 % կանաչ ծածկույթի փոխարեն ունենալով 4 %, մի հատ էլ հնձեցին խոշոր ծառերը եւ տեղը դրեցին տիկնիկ ծառեր: Այսպես, Երեւանի ամբողջ կենտրոնը զրկել են օդի մաքրումից, իսպառ բացակայում է ստվերը, ինչը բերել է ջերմաստիճանի բարձրացում, ջերմային կղզիներ: Այսինքն, ավելի է վատթարացվել Երեւանի բնապահպանական պատկերը»:

Տիկին Վարդանյանի համար շատ տարօրինակ է, որ երեւանցիների առողջությանը այսպիսի վնաս հասցնելու պարագայում առողջապահության նախարարությունը առհասարակ այս թեմայի շուրջ չի խոսում: «Լուսաբանական շատ մեծ արշավ էր. «եկեք աղը սեղաններից հավաքենք»: Այո, ես չեմ թերագնահատում աղի հավելյալ օգտագործման կանխարգելիչ նշանակությունը: Բայց օդը շնչում են բոլորը: Ես միշտ ասել եմ, որ բոլորս նույն սուզանավում ենք, սկսած հենց նոր ծնված երեխայից, վերջացրած վարչապետով: Եվ այս հարցը պետք է վերջնականապես լուծվի, ինչ գումար էլ արժենա»:

Քրիստինա Վարդանյանը անդրադարձավ նաեւ մայրաքաղաքի այլ խնդիրների, որոնք պակաս աղետաբեր չեն: Ու մի հետաքրքիր դիտարկում էլ արեց. «Օգոստոսի 8-ին, երբ Նուբարաշենի աղբավայրը այրվում եր եւ Երեւանը երեւանցու հետ միասին խեղդվում էր, մեր քաղաքապետը Սեւանում էր: Երեւի գտել էր, որ լավ կլինի այդ օդը ինքը չշնչի: Եվ շատ ճիշտ էր արել»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031