2025թ․ օգոստոսի 7-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ներկայացրել է տեղեկատվություն «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով Եվրոպական դատարանի վճռի կատարման ընթացքի վերաբերյալ՝ անդրադառնալով նաև Նախարարների կոմիտեի կողմից ՀՀ-ին ուղղված առաջարկություններին։
Հիշեցնենք, որ «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է 2002թ․-ին դիմումատուի որդու՝ պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքներին։ Եվրոպական դատարանը արձանագրել է արդյունավետ քննության բացակայություն (Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում), ինչպես նաև իշխանությունների կողմից նրա զինծառայողի ստացած վնասվածքի և դրա հետևանքով մահվան վերաբերյալ արժանահավատ բացատրության բացակայությունը (Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութական խախտում)։
ՄԻԵԴ վճիռների պատշաճ կատարումն առանցքային նշանակություն ունի Հայաստանում մարդու իրավունքների համակարգային խախտումների վերացման և իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացման համար։
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից ՄԻԵԴ վճիռների և բարեկամական կարգավորումների պայմանների կատարման վերահսկողությունն իրականացվում է Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ մասի ներքո։ Այդ գործընթացի շրջանակում՝ 9.2 կանոնի համաձայն, հնարավորություն է տրվում հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ազգային ինստիտուտներին ներկայացնել տեղեկանքներ՝ վճիռների կատարման ընթացքի վերաբերյալ։
Կարդացեք նաև
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը սկսած 2023 թվականից ներկայացնում է տեղեկանքներ «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» խւմբ գործերով ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ։
Այս տեղեկանքների միջոցով ՀՔԱՎ գրասենյակը բարձրաձայնում է ՀՀ զինված ուժերում առկա համակարգային խնդիրները, ներկայացնում է մահվան և ինքնասպանության դեպքերի վիճակագրություն, ինչպես նաև անդրադառնում է Նախարարների կոմիտեի արձանագրած խնդիրներին ու ներկայացնում առաջարկություններ՝ դրանց լուծման նպատակով։
Վերջին տեղեկանքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կոչ է անում Հայաստանի Հանրապետությանը՝
- Բարձրացնել սպա-հոգեբանների մասնագիտական որակավորումը և ապահովել, որ զինված ուժերի բոլոր զորամասերը համալրվեն բավարար թվով որակավորված մասնագետներով։
- Երաշխավորել սպա-հոգեբանների գործառնական անկախությունը՝ այնպես, որ նրանց կողմից տրվող հոգեբանական գնահատականները պարտադիր հիմք հանդիսանան զինծառայողների մարտական ծառայության նշանակման հարցում։
- Սահմանել անանուն հաղորդումների մեխանիզմ՝ խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեպքերը բացահայտելու նպատակով։
- Ստեղծել ռազմական օմբուդսմենի ինստիտուտ՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության համար։
Նախարարների կոմիտեին ուղղված առաջարկությունները հետևյալն են՝
- Շարունակել հետևողական աշխատանքը՝ ՀՀ զինված ուժերում խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեպքերի վերաբերյալ անանուն հաղորդումների մեխանիզմի ներդրման ուղղությամբ, և կոչ անել ՀՀ կառավարությանը պարբերաբար ներկայացնել համառոտ տեղեկատվություն մեխանիզմի ներդրման և դրա գործարկման արդյունքների վերաբերյալ։
- ՀՀ կառավարությունից պահանջել համապարփակ տեղեկատվություն զինված ուժերում սպա-հոգեբանների գործունեության վերաբերյալ, ներառյալ՝ ընդհանուր թիվը, մասնագիտական որակավորումն ու վերապատրաստումները, գործառնական անկախության աստիճանը որոշումների կայացման գործընթացում, ինչպես նաև նրանց կողմից մատուցվող հոգեբանական ծառայությունների և միջամտությունների արդյունավետության գնահատումը։
- ՀՀ կառավարությունից պահանջել լրացուցիչ վիճակագրական տվյալներ, մասնավորապես՝
- թե քանի զինծառայող է ԶՈՒ-ում հաղորդել վատ վերաբերմունքի դեպքերի մասին թեժ գծի միջոցով,
- և այդ հաղորդումներից քանիսն են հանգեցրել քրեական վարույթների հարուցման։
Բնօրինակ փաստաթուղթը՝ Communication_HCAV_MURADYAN V. ARMENIA (no. 1127507)
ՀՔԱՎ