Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերտիֆիկատ ստացած արցախցիների նույնիսկ կեսը չի կարողացել իրացնել դրանք, քանի որ չունեն բավարար վարկունակություն եւ չեն կարող լրացուցիչ վարկ ներգրավել»

Օգոստոս 26,2025 13:40

Արցախից բռնի տեղահանված անձինք չեն կարողանում լիարժեք իրացնել բնակապահովման ծրագրի շրջանակներում իրենց հատկացված հավաստագրերը, քանի որ մի կողմից բնակարանների գներն են թանկացել, մյուս կողմից էլ մարդիկ չեն կարողանում հավաստագրի գումարից զատ լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավել, որպեսզի նորմալ պայմաններով բնակարաններ գնեն։ Այս խնդիրն առկա է բնակապահովման ծրագրի ընդունումից ի վեր, արցախցիները, որոնց մեծ մասը Հայաստանում գրանցված աշխատանք չունեն կամ էլ հայտնի պատճառներով դասակարգված վարկեր ունեն, պարզ ասած՝ «սեւ ցուցակում» են ընդգրկված, բազմիցս են ահազանգել, որ խնդրի առաջ են կանգնել, չեն կարողանում օգտվել բնակապահովման ծրագրից։ Կառավարության անդամները տարբեր փուլերում խոստացել են լուծում տալ խնդրին, խոսել բանկերի հետ, բայց խնդիրը մասամբ է լուծվել։

 

Կառավարությունը այս տարվա հուլիսի 3-ի նիստում փոփոխություններ կատարեց ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» N 710-Լ որոշման մեջ։

Եթե մինչ այդ որոշումը, տրամադրվող հավաստագրերի շրջանակներում ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրամադրվում էր 3-5 մլն դրամ՝ կախված նրանից, թե որ բնակավայրում է ձեռք բերվում կամ կառուցվում անշարժ գույքը, ապա այս փոփոխությամբ սահմանվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ՝ 452-ի փոխարեն 611 բնակավայրեր։ Նաեւ կառավարությունը սահմանել է, որ ծրագրով նախատեսված երկրորդ եւ երրորդ փուլերը մեկնարկել են միաժամանակ՝ հուլիս ամսվանից, այսինքն՝ ծրագիրը բացվել է բոլոր թիրախային խմբերի համար։ Իսկ ծրագրին դիմելու վերջնաժամկետը սահմանվել է 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ Կառավարությունում հաշվարկ էին արել, որը կառավարության նիստի ժամանակ հրապարակել էր Նիկոլ Փաշինյանը, օրինակ, ըստ այդմ՝ Արարատի կամ Վայոց ձորի մարզում 6 հոգանոց ընտանիքը 30 մլն դրամ է ստանում։ «Մեր փորձը ցույց է տալիս, որ 30 մլն դրամով իրատեսորեն կարելի է կառուցել տուն, ձեռք բերել կահույք ու հող»,- հայտարարել էր Փաշինյանը։

 

 Բայց իրականությունն այն է, որ այս փոփոխություններին զուգահեռ մարզերում տների գները սկսել են թանկանալ։ Արցախցիները սկսեցին սոցիալական ցանցերում ահազանգել գնաճի մասին, մարդիկ գրում էին, որ անգամ հեռավոր Գեղարքունիքի մարզում տների գները թանկացել են։

Լիաննա Պետրոսյան

Արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասում է․ «Այն բնակավայրերում, որտեղ սերտիֆիկատով տրվող գումարներն ավելացրել են, այդ բնակավայրերում նախապես արդեն բնակարանների գներն աճել էին»։

Լիաննա Պետրոսյանը նաեւ հաստատեց, որ արցախցիները լրացուցիչ վարկեր չեն կարողանում ներգրավել, որպեսզի նորմալ պայմաններով բնակարան գնեն։ Եվ դրա հետեւանքով չեն կարողանում իրացնել արդեն ստացած հավաստագրերը։

«Ընդամենը մեկ բաղադրիչով է կարգավորվել խնդիրը, այդ բաղադրիչը հետեւյալն է՝ դասակարգված վարկեր ունենալու դեպքում, եթե սերտիֆիկատի գումարը բավարար է, որ գործարքը կատարվի, մարդկանց վարկային պատմությունն ու սեւ ցուցակի մեջ գտնվելը հաշվի չի առնվում։ Միայն այդ բաղադրիչով է հարցը լուծվել, բայց մենք այստեղ ունենք նաեւ վարկունակության խնդիր, այսինքն՝ մարդիկ չունեն բավարար վարկունակություն եւ չեն կարող լրացուցիչ վարկ ներգրավել եւ, բնականաբար, չեն էլ կարող սերտիֆիկատն իրացնել։ Եվ կա հարկադիր ունենալու խնդիրը, որը նույնպես չի լուծվել, այսինքն՝ ֆինանսների նախարարության ու Կենտրոնական բանկի միջեւ այդ խնդիրը լուծվել է միայն մեկ բաղադրիչով»,- ասաց նա։

Լիաննա Պետրոսյանի խոսքով՝ սերտիֆիկատ ստանալու համար դիմողների ակտիվությունը դեռ չի նշանակում, որ ծրագրից օգտվողների թիվը մեծ է, որովհետեւ պետք է հաշվի առնել, թե քանի սերտիֆիկատ է իրացված։ «Եթե իրացված սերտիֆիկատների թիվը քիչ է, դա չի նշանակում, որ մարդիկ օգտվել են ծրագրից։ Կան մարդիկ, որոնք ծրագրին դիմում են՝ զուտ հետաքրքրվածությունից ելնելով՝ հասկանալու համար իրենք շահառու են, թե ոչ։ Եվ սերտիֆիկատը տրամադրվում է, բայց դա չի նշանակում, որ այդ սերտիֆիկատն իրացվելու է։ Այսինքն՝ զուտ քաղաքացիություն ստանալու եւ դիմելիության հանգամանքը դեռ չի նշանակում, որ մարդն այդ սերտիֆիկատն իրացրել է։ Սերտիֆիկատ ստացած ընտանիքների նույնիսկ կեսը չի կարողացել իրացնել այդ սերտիֆիկատը, որովհետեւ նախ տրամադրվող գումարը քիչ է, շատ քիչ համայնքներում է, որ այդ տրամադրվող գումարով հնարավոր է սերտիֆիկատն իրացնել։ Կամ անպայման պետք է լրացուցիչ գումար ներդնել, կամ էլ փորձել վարկ ներգրավել, իսկ այստեղ դարձյալ գալիս ենք առաջին խնդրին։ Իսկ այն բնակավայրերում, որտեղ սերտիֆիկատով տրվող գումարներն ավելացրել են, այդ բնակավայրերում նախապես արդեն բնակարանների գներն աճել էին։ Այսինքն՝ պետական որեւէ վերահսկողական մեխանիզմ էլ չկա, որ այդ գնաճը գոնե զսպի»,- ասաց Լիաննա Պետրոսյանը։


Այս խնդիրները բարձրաձայնել է նաեւ Ռիելթորների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը: «Վերջին շրջանում արցախահայերին տրվող բնակարանային սերտիֆիկատների թեմայով խնդիր է առաջացել. պետությունը սերտիֆիկատ է տալիս, ասենք՝ որոշակի գումար, բայց այդ գումարը ամբողջ բնակարանի գինը չի փակում, մնացած մասը պիտի ձեւավորվի հիփոթեքով։

Էստեղ էլ խնդիր կա՝ բոլոր բանկերը չեն ուզում այդ գործարքներին մասնակցել, մեծ մասը մերժում են։ Միայն դեռ մի բանկ գիտեմ, որ գործարք է անում։

Հիմա հարցը ո՞ր դաշտում է՝ պետությունն է մեխանիզմը սխալ կառուցել, թե՞ բանկերն են խուսափում հավելյալ ռիսկերից։ Արդյունքում՝ սերտիֆիկատ ունեցող մարդիկ տուն չեն կարողանում գնել»,- ասում է Անդրանիկ Հարությունովը։

«Առավոտի» հետ զրույցում նա նշեց, որ փաստացի ստացվում է հետեւյալը՝ պետությունը արցախցիներին հավաստագիր է տալիս, մարդկանց կողմից ցանկություն կա օգտագործել այդ հավաստագիրը եւ տուն ձեռ բերել, բայց խոչընդոտներ են ստեղծում բանկերը։ «Բանկերն անգամ գործն էլ չեն ուսումնասիրում, մարդկանց ասում են՝ այդ ծրագրով չենք աշխատում, ծրագիրը մեզ մոտ չկա»,- ասաց նա։

«Սրա լուծումը հետեւյալն է՝ պետք է հստակ խաղի կանոններ լինեն, եթե պետության ռազմավարության մեջ մտնում է այն, որ մեր հայրենակիցներին պետք է որոշակի փոխհատուցում լինի, որ մնացած տարբերությունն իրենք հիփոթեքով գնեն, այդ հնարավորությունը պետք է ստեղծվի։ Ժողովուրդ ջան, մի հատ եկեք տեսեք, թե ինչո՞ւ բանկերն այդ ծրագրով չեն սպասարկում, կարո՞ղ է ծրագրում այնպիսի փոփոխություն անեք, որ բանկերն էլ շահագրգիռ լինեն ու այդ փաթեթով աշխատեն։ Կամ կարո՞ղ է ինչ-որ հարկադրանք լինի կամ պետությունը երաշխիքներ տա, որովհետեւ բանկերը կարող է մեծ ռիսկեր են տեսնում։ Այստեղ խնդիրն այն է, որ փաստացի կա ծրագիրը, ծրագրով ստացած սերտիֆիկատից մարդն ուզում է օգտվել, բայց չի կարողանում։ Հիմա պատկերացրեք, առաջնային շուկայում կան շենքեր, շենքերի վաճառքի մոդելը հիմնականում այսպես է լինում՝ մեկ բանկ ֆինանսավորում է այդ քաղաքաշինական նախագիծը, եւ հիմնական հիփոթեքները այդ ֆինանսավորվող բանկով է լինում։ Հիմա պատկերացրեք՝ արցախցին ուզում է գույք առնել իքս նախագծով, գները շատ հարմար են, տեղանքը լավն է, բայց բանկն այդ ծրագրով չի աշխատում։ Այսինքն՝ ստացվում է, որ, օրինակ, 100 քաղաքաշինական նախագծերից կարող է ընդամենը 6-ում մարդը տուն գնել այդ սերտիֆիկատով»,- հավելեց Անդրանիկ Հարությունովը։

Անդրադառնալով տների գների աճին՝ Անդրանիկ Հարությունովն ասաց, որ դա պահանջարկով է պայմանավորված։ «Ենթադրենք մարզում մի համայնք է, որտեղ տարվա մեջ 2-3 գործարք է լինում, մեկ էլ մի 10 գործարք է միանգամից լինում, դա շուկայի արձագանքն է, այդ մարդիկ զգում են, որ արդեն պահանջարկ կա, սկսում են գին բարձրացնել, մեկ է վաճառվում է։ Բայց քանի որ Երեւանում եկամտահարկն արդեն դուրս է եկել, սուբսիդավորվող վարկեր համարյա չկան երկրորդային շուկայում, շուկան նախորդ երկու տարիների համեմատ հանգիստ վիճակում է, Երեւանում դա մեծ ազդեցություն չի ունենա շուկայի վրա, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ արցախցիները մոտավորապես մինչեւ 30 մլն դրամանոց տներ են գնելու։ Երեւանում, Աբովյանում, Հրազդանում, Էջմիածնում, Աշտարակում, երեւանամերձ մյուս քաղաքներում գների փոփոխությունը շատ քիչ կարող է լինել։ Բացի դա, երեւանամերձ համայնքներում առաջնային շուկայում տուն գնելու դեպքում արցախցիները կարող են նաեւ եկամտահարկի վերադարձից օգտվել, եւ դրա համար մեծ աշխատավարձեր էլ չեն պահանջվում»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031