Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ մարզերի ուսումնական հաստատություններ ուսուցիչների գործուղման կարգը

Օգոստոս 28,2025 20:05

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչների՝ լսելու կրթության ոլորտին վերաբերող նրանց առաջարկները, հուզող հարցերն ու խնդիրները։

Հանդիպման մասնակից ուսուցիչների բարձրացրած հարցերը մասնավորապես վերաբերել են կամավոր ատեստավորմանը, տարակարգի դիմելու ընթացակարգին, ուսուցիչների ծանրաբեռնվածությանը, ինչպես նաև մանկավարժական գործունեությամբ զբաղվելու՝ ուսուցչի թափուր հաստիքներին դիմելու հնարավորություններին:

Ներկաներին հատկապես հետաքրքրել է՝ հնարավո՞ր է, որ կամավոր ատեստավորումը դառնա պարտադիր: Ի պատասխան՝ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ պարտադիր կերպով կամավոր ատեստավորում պետք է անցնեն այն մանկավարժները, որոնք առաջին անգամ անցողիկ շեմը չեն հաղթահարել կամ ուսուցչի կարիքի գնահատման արդյունքում արձանագրվել է առարկայական գիտելիքի խնդիր: Հստակեցվել է նաև տարակարգի տրամադրման անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը:

Աշխատանք փնտրող մասնագետների համար նախարարը ներկայացրել է ՀՀ մարզերի ուսումնական հաստատություններ ուսուցիչների գործուղման կարգը՝ ընդգծելով, որ կարգից օգտվող ուսուցիչների համար գործում են մի շարք արտոնություններ, այդ թվում՝ 30 տոկոս հավելավճար, ճանապարհածախսի, բնակարանի վարձակալության, կոմունալ վճարների փոխհատուցում և այլն:

Գործուղվող ուսուցիչներն աշխատանքի են անցնում արտամրցութային հիմունքով. չհամալրվող թափուր տեղերի մասին տեղեկությունը հասանելի է kadrer.esmis.am կայքում, որտեղ առկա է հանրապետությունում գործուղվող մանկավարժների թափուր հաստիքների մասին ամբողջական տեղեկատվություն:

Նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին հետաքրքրվել է նոր դասագրքերի, դրանց փոխարինող թղթապանակների արդյունավետության, առաջացրած խնդիրների մասին՝ համակարգային փոփոխությունների համատեքստում կարևորելով յուրաքանչյուր ուսուցչի կարծիքն ու դիտարկումը:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031