«Հակամարտությունը չի լուծվել, այն ունի նոր ձեռքբերված բաղադրիչներ։ Առաջացել է հրատապ ու կարևոր նոր խնդիր, որը վերադարձի իրավունքն է։ Մեր ուղերձն այն է, որ այդ իրավունքը այնքան արմատական և հիմնարար նշանակություն ունեցող միջազգային իրավունքների շարքում է, որ այն վաղ թե ուշ իրականանալու է, վաղ թե ուշ վերադարձ տեղի է ունենալու»,- ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նա մտահոգություն հայտնեց՝ ՀՀ վարչախումբն արդեն յոթ տարի մեր ժողովրդին փորձում էր կերակրել այսպես կոչված «խաղաղության ակնկալիքով» ու վստահեցրեց․ «Ես խաղաղություն չեմ ասում, որովհետև դա ակնկալիք է միայն։ Իրական խաղաղությունից մենք հեռու ենք, քանի որ դրան չենք էլ մոտեցել»։
Ըստ Արմեն Ռուստամյանի՝ հակամարտության հիմքում մեր ինքնության հետ Ադրբեջանի ու Թուրքիայի անհաշտ լինելն է․ «Եթե դա այդպես չէ, թող մեկը բացատրի, թե Ադրբեջանն ինչո՞ւ չի բավարարվում նրանով, որ Արցախն արդեն հայաթափվել է։ Վանդալիզմի գործողությունները, որ իրականացվում են Արցախում, նպատակ է հետապնդում, որ հայկական հետքը ջնջեն, որ հայեր չեն եղել այստեղ․ հայերը եկվոր են եղել։ Քանի մենք սա չենք հասկացել, չենք հասկանա, որ այս կոնֆլիկտը չի ավարտվի, քանի Ադրբեջանը ու Թուրքիան չեն որոշել հաշտ ապրել մեր ինքնության հետ։ Քանի դա տեղի չի ունեցել, կոնֆլիկտը Արցախից տեղափոխվել է Հայաստան։ Իրենք հիմա էլ շարունակում են անհաշտ լինել մեր ինքնության հետ»։
Կարդացեք նաև
Արմեն Ռուստամյանը նշեց՝ երբևէ Արցախի հարցի հետ կապված Սյունիքի մասին խոսակցություն չի եղել, Զանգեզուրի ճանապարհ, սրա մասին էսքան ժամանակ խոսք չի գնացել․ «Սա առաջացավ, երբ այսօրվա իշխանություններին թվաց, թե Լաչինի միջանցքը զիջելով՝ կազատվեն նոյեմբերի 9-ի 9-րդ կետի պարտավորությունից, որտեղ գրված է, որ այդ ճանապարհը վերահսկվելու է ռուսական ՖՍԲ-ի կողմից։ Իրենք փորձեցին այնտեղ զիջել, որ դրանից էլ ազատվեն։ Թուրքիան ու Ադրբեջանն իրենց ծրագրերից չեն հրաժարվել, պանթուրանական ծրագիրը չի չեղարկվել»։
Անդրադառնալով Բաքվում պահվող հայ ռազմագերիներին՝ Արմեն Ռուստամյանը հայտարարեց․ «Այսօր Բաքվում ոչ թե անձամբ դատվողների նկատմամբ է մեղադրանքը, այլ ըստ էության դատվում է արցախահայությունը, դատվում է ինքնորոշման իրավունքը։ Այդ մարդիկ ինքնորոշումը իրացնողներն են։ Աշխարհը պետք է հասկանա, որ այնտեղ չի դատվում Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, այլ դատվում է ինքնորոշման իրավունք իրացնողը։ Եթե ինքնորոշման իրավունքն այլևս ընդունելի չէ աշխարհի համար, դա ուրիշ բան։ Բայց եթե այդ իրավունքն ընդունելի է, սա միայն չպիտի դիտվի Արցախի ղեկավարության դատ, այլ ինքնորոշման իրավունքի դեմ ոտնձգություն, և ըստ այդմ՝ մենք մեր անելիքները պետք է իմանանք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ