«Արցախը կորցնելով՝ կորցրեցինք մեր անվտանգությունը։ Արցախը կորցնելով՝ մեր արժանապատվությունը կորցրեցինք։ Արցախը կորցնելով՝ վտանգվեց մեր ողջ հայրենիքը՝ Սյունիքից, Տավուշից մինչեւ Երեւան։ Սահմանազատման ու ու խաղաղության կեղծ ու անիրական խոստումների տակ շարունակվում է հայրենահանձնումն ու անվտանգության ոչնչացումը»,- Ազատության հրապարակում ՀՅԴ հրավիրած հանրահավաքում ասաց արցախցի իրավապաշտպան Նարե Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ գործող իշխանություններն ամեն օրը մեզ ավելի հեռացնում են Արցախ վերադարձի հնարավորությունից եւ ավելի են մոտեցնում մեզ Հայաստանը կորցնելու վտանգին։ Այս իրավիճակում տասնյակ անգամ ավելի դժվար է չհանձնվելն ու դիմադրելը, բայցեւ՝ հազարապատիկ ավելի անհրաժեշտ։
«Գիտեմ՝ դժվար է չկոտրվելը, չհուսալքվելը, բայց այսօր առավել քան երբեւէ հուսալքությունը ոչ միայն քրիստոնեական մահացու մեղք է, այլեւ ազգային մահացու մեղք ու հանցանք, որի դատավճիռը կարող ենք լսել ոչ միայն մենք, այլեւ մեր զավակները»,- ասաց նա։
Նարե Սիմոնյանի խոսքով՝ այս ամոթից, անպատիվ ու անհաշտ վիճակից դուրս գալու ելքն էլ է լինելու՝ չհանձնվելով, համախմբվելով, համառությամբ եւ աննահանջ դիմադրությամբ։ Չի կարող թշնամին ավելի սկզբունքային լինել մեր հայրենիքի հարցում, չի կարող ոչ ոք ավելի շատ սիրել մեր հողը հայրենի, քան մենք։
Կարդացեք նաև
«Հասկանալով, գիտակցելով, որ հեշտ չի լինելու վերադարձի ճանապարհը՝ պետք է լինենք պատրաստ, համառ ու վճռական։ Գիտակցենք, որ Տավուշը պահելու, Սյունիքը պահելու, Ջերմուկն ու Երեւանը հայկական պահելու ճանապարհը դեպի Արցախ վերադարձի ճանապարհն է։ Եվ հստակ գիտակցենք, որ վերադարձի ճանապարհն անցնում է Հանրապետության հրապարակով։ Ու հիմա, երբ դավաճանական խմբակը, անտեսելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ազգային շահը, հանուն իրենց խմբային շահի, հանուն իրենց ողորմելի իշխանության երկարաձգման տարբեր հարթակներում հնազանդություն ու համակերպում է խոստանում մեր փոխարեն, խոսքով ու գործով ասենք՝ չենք համակերպվելու։ Հայրենիքի դավաճանական հանձնման հետ չենք համակերպվելու, թշնամուն արվող անպատիվ զիջումների հետ չենք համակերպվելու, հազարավոր զոհերի սխրանքը ոչնչացնելու հետ չենք համակերպվելու, պատերազմից տարիներ անց հարյուրավոր անհետ կորածներ ունենալու հետ չենք համակերպվելու, Բաքվի ու Երեւանի բանտերում գերիներ ունենալու հետ չենք համակերպվելու, մեր սուրբ հայրենիքի՝ Արցախի կորստի հետ երբեք-երբեք չենք համակերպվելու։ Արցախը հետ բերենք, որ պահենք Հայաստանը, Արցախը հետ բերենք, արժանապատիվ ապրենք, Արցախը հետ բերենք, անվտանգ ապրենք, Արցախը հետ բերենք, որ իրապես խաղաղ ու ինքնիշխան լինենք, Արցախը հետ բերենք, որ հանգիստ ապրենք»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Նարե Սիմոնյանը կոչ արեց արցախցիներին․ «Կոտրվիք վեչ, հանձնվիք վեչ, համակերպվիք վեչ։ Ասում են՝ արցախցու ճականդը պինդ ա, ասում են՝ կողը հաստ ա, համառ ա։ Ուրեմն պիտի քինանք, ինչքան էլ դժվար լինի, պիտի քինանք, ճակատներս պնդացնելով, պիտի քինանք, տեր կանգնինք մեր հողին ու ջրին։ Հանձնվիք վեչ, որ մի օր նորից ազատ ու անկախ Արցախը ողջունի մեզ բոլորիս»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ