Լրահոս
Օրվա լրահոսը

Խլություն, խուլհամրություն եւ կուրություն ունեցող անձինք կպաշտոնավարե՞ն որպես դատավոր

Սեպտեմբեր 05,2025 14:00

Սեպտեմբերի 16-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով կքննի երկու ականջի կայուն լրիվ խլություն, խուլհամրություն կամ երկու աչքերի կուրություն ունեցող անձանց՝ դատավորի պաշտոնում նշանակվելու եւ պաշտոնավարելու արգելքի համապատասխանությունը Սահմանադրությանը։ Վիճարկող դիմումը Բարձր դատարան է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանը։

«Աշխարհում կան շատ քիչ երկրներ, որոնք նման կարգավորում ունեն։ Այսինքն՝ մենք բացառությունների շարքում ենք։ Դա շատ խիստ, հետսովետական երեւույթ է։ Նման կարգավորումներ կան Ռուսաստանում, Հայաստանում, Ուկրաինայում։ Այդ արգելքները մեր տարածաշրջանին բնորոշ արգելքներ են»,-«Առավոտի» հետ զրույցի ժամանակ այս մեկնաբանությունը տվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության նախագահ Մուշեղ Հովսեփյանը։

Համատեքստ

Եթե Մարդու իրավունքների պաշտպանը վիճարկում է միայն երկու ականջի կայուն լրիվ խլություն, խուլհամրություն կամ երկու աչքերի կուրություն ունենալու հիմքով դատավորի պաշտոնավարման արգելքի սահմանադրականությունը, ըստ Մուշեղ Հովսեփյանի՝ պետք է Մայր օրենքին հակասող ճանաչվի «Դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների» 16 կետանոց ցանկն ամբողջությամբ։

Ցանկում ներառված են հիվանդություններ եւ վիճակներ՝ կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններից մինչեւ նյարդային համակարգի բնածին արատներ, մետաստատիկ քայքայումով չարորակ նորագոյացությունների չորրորդ փուլից մինչեւ բուժման ոչ ենթակա չորրորդ փուլում գտնվող արյան չարորակ հիվանդություններ։

Հաշմանդամությունը կամ հիվանդությունը չեն բացառում լավ դատողությունը

«Փաստացի, սրանք նպատակ ունեն կանխարգելել պաշտոնին չհամապատասխանող մարդկանց նշանակումը, բայց գործնականում մենք տեսնում ենք, չէ՞, որ այդ հիվանդությունների բացակայությունը դեռեւս չի նշանակում, որ մարդն ունի այդ կարողությունը……Ցավոք, մեր իրականության մեջ ամեն օր տեսնում ենք պաշտոնյաների, որոնք չունեն ո՛չ ֆիզիկական, ո՛չ հոգեկան առողջությանն առնչվող խնդիրներ, բայց նրանք ակնհայտորեն չեն համապատասխանում այդ պաշտոններին։ Դրա օրինակները շատ-շատ են»,-Կառավարության N 685-Ն որոշումը քննադատում է Հովսեփյանն, առաջարկում ուշադրություն դարձնել դատավորի թեկնածուների մասնագիտական շնորհքին, կարողություններին։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության նախագահը շարունակում է. «Եթե մենք օրենքով սահմանենք, որ դատավորը պետք է ունենա բարձր քննադատական միտք կամ հրաշալի դատողություն, դա ստուգելու բազմաթիվ եղանակներ կան։ Մեր պնդումն այն է, որ եթե մարդ չունի առողջական խնդիր, դա դեռ չի նշանակում, որ նա ունի լավ դատողություն, եւ եթե նա ունի առողջական խնդիր, դա դեռ չի նշանակում, որ նա չունի լավ դատողություն»։

Մեզ հետ զրուցած մի քանի իրավաբաններից ոչ ոք սկզբունքորեն դեմ չէր խլություն, խուլհամրություն կամ կուրություն ունեցող անձանց պաշտոնավարմանը դատական իշխանությունում։

Այնուամենայնիվ, եթե ՍԴ-ն վերացնի արգելքը, որո՞նք են այն մի քանի ակնհայտ մտահոգությունները, որոնք կարող են առաջանալ վերը նշված հատկանիշներով դատավորների հետ կապված։

Դատավորը՝ նիստերի դահլիճում

Նախ, խլություն, խուլհամրություն կամ կուրություն ունեցող դատավորը ի վիճակի՞ է պատշաճորեն ծանոթանալ դատավարական նյութերին, հաշվի առնել դատավարության մասնակիցների վարքագիծը եւ հետեւել դատական նիստերի դահլիճում ծավալվող իրադարձություններին։

Ըստ Հովսեփյանի՝ դատավորի համար կարեւոր են փաստերը, «իսկ այդ փաստերը, եթե նույնիսկ վիզուալ փաստեր են, դրանք մշտապես հնարավոր են նկարագրել դատավորի համար։ Դա անում է այլ մարդ, բայց դա չի նշանակում, որ դատավորին միշտ փոխանցվելու է կեղծ տվյալ։ Եթե գոյություն ունեն բարեվարքության անհրաժեշտ չափանիշներ դատավորների օգնականների, դատավարական քարտուղարների համար, այդ հարցը լուծելի է»։

Նա հղում է կատարում կուրություն ունեցող, բայց գրեթե երեք տասնամյակ որպես դաշնային դատավոր ծառայած ամերիկացի իրավաբան Դեյվիդ Թեյթլի՝ Հայաստանի Բարձր դատարանին ներկայացված բարեկամական համառոտագրին։

Թեյթլը, մասնավորապես, գրում է. «Դատարանում ես հենվում էի երկու կարեւոր տեխնոլոգիայի վրա։ Առաջինը բրայլյան համակարգիչն է՝ յոթ բրայլյան ստեղներով եւ ձայնային ելքով, որն օգտագործում էի փաստաթղթեր կարդալու, նախագծելու եւ խմբագրելու, ինչպես նաեւ նամակագրության համար։ Լսումների ժամանակ ես օգտագործում էի բրայլյան համակարգիչը՝ մի ականջիս ականջակալ դրած՝ լսելու գրառումները եւ նախապատրաստական նյութերը։ Թեեւ, ինչպես շատ դատավորներ, հաճախ հույսս դնում էի հիշողությանս վրա։ Ականջակալները չեն խանգարում, քչերն էին նկատում լարերը, իսկ վերջին տարիներին Bluetooth ականջակալ էի օգտագործում, ինչի շնորհիվ ընդհանրապես ոչ ոք չէր նկատում։ Մյուսն իմ Apple iPhone-ն է, որը ներկառուցված ծրագրային ապահովման եւ տարբեր հավելվածների միջոցով թույլ է տալիս ինքնուրույն կառավարել էլ. փոստը, կարդալ փաստաթղթեր եւ իրականացնել հաղորդակցություն»։

Դատարանի հանդեպ անվստահությունը

Երկրորդ, դատավարության մասնակիցներն, ինչպես նաեւ ավելի լայն հասարակությունն անվստահությամբ եւ կասկածամտությամբ չե՞ն վերաբերվի դատարանին, որտեղ պաշտոնավարում է հաղորդակցության սահմանափակում ունեցող մարդ։ Չէ՞ որ հայկական հանրությունը, դժբախտաբար, առայժմ որպես լիարժեք եւ հավասար մարդ չի ընկալում հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցներին։

«Միանշանակ, այդ վստահության խնդիրը կարող է լինել։ Երբ հաշմանդամություն ունեցող անձինք ստանձնում են ցանկացած պաշտոն, իրենց հաշմանդամությամբ պայմանավորված կա կանխակալ կարծիք, որ իրենք չեն կարող, կդժվարանան… Սա կարող է որոշակի դժվարություններ առաջացնել հենց դատավորի համար, որովհետեւ նա պետք է շատ ավելի ջանք ու եռանդ ներդնի՝ հակառակն ապացուցելու համար։ Դա, իհարկե, չի ակնկալվում հաշմանդամություն չունեցող մարդկանցից»,-նկատում է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, սակայն, նույն կանխակալ, պակաս վստահության վերաբերմունքը կարող է առաջանալ դատավորի այլ անձնական հատկանիշի հիման վրա, օրինակ՝ կին լինելու։

«Բայց մենք չենք դիտարկում, չէ՞, հրաժարվել կին դատավորներից, միայն թե հասարակությունը որպես ամբողջություն վստահի դատարանին»,-համեմատում է Հովսեփյանը եւ անցնում անվստահության խնդրի լուծման իր պատկերացմանը. «Լուծումն ինչ-որ տեղից սկսելն է։ Այդ խնդիրները մշտապես լինելու են, եթե հաշմանդամություն ունեցող որեւէ մարդ չհաղթահարի այդ ճանապարհը՝ մյուսների համար»: Զրուցակիցս օրինակ բերեց դիվանագիտական ծառայության համակարգի ազատականացումը՝ Արցախի ՄԻՊ, պետական նախարար Արտակ Բեգլարյանի երկար պայքարից հետո։

Ըստ ՄԻՊ-ի՝ արգելքը հակասում է սահմանադրական չորս հոդվածի

Մենք փորձեցինք զրուցել նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ՝ ծանոթանալու համար դատարան ներկայացված իր դիմումի հիմնավորումներին։ Չնայած Պաշտպան Մանասյանը հաճախ շփվում է լրատվամիջոցների հետ, նրա աշխատակազմից մեզ առաջարկեցին գրավոր տեսքով հարցեր ներկայացնել նրան։ Կառույցից, սակայն, «Առավոտի» հարցմանն այդպես էլ չարձագանքեցին։

Այդուհանդերձ, Անահիտ Մանասյանը հակասություն է տեսնում խլություն, խուլհամրություն կամ կուրություն ունեցող անձանց որպես դատավոր պաշտոնավարելու արգելքի եւ Սահմանադրության 29-րդ, 49-րդ, 57-րդ եւ 81-րդ հոդվածների միջեւ։ Դրանք վերաբերում են խտրականության արգելմանը, հանրային ծառայության անցնելու իրավունքին, աշխատանքի ընտրության ազատությանը եւ հիմնական իրավունքների եւ ազատությունների մեկնաբանմանը՝ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի մարմինների պրակտիկայի հաշվի առնմամբ։

Վերջինը, հավանական է, վերաբերելի է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, որի նպատակն է պաշտպանել եւ առաջ մղել հաշմանդամություն ունեցող անձանց մարդու բոլոր իրավունքների եւ հիմնարար ազատությունների վայելումը, ինչպես նաեւ ապահովել հարգանք նրանց բնածին արժանապատվության հանդեպ։

«Ուրեմն մենք էլ կկարողանանք». Հովսեփյան

Ըստ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հ/կ նախագահի՝ խտրական ցանկերը չեն նպաստում կոմպետենտ պաշտոնատար անձանց ընտրելու նպատակին։

«Եթե մենք ուզում ենք իսկապես բարձրակարգ հանրային ծառայության, այդ թվում՝ դատական ծառայության, համակարգ ունենալ, պետք է մի քիչ ավելի լայնախոհ մտածել ու հասկանալ, թե ո՞ր մեխանիզմներով կարող ենք լուծել այս խնդիրը եւ խտրականություն չառաջացնել։ Ի վերջո, մենք միակը չենք։ Եթե աշխարհի երկրների մեծամասնությունը կարողանում է առանց նման ցանկերի ապահովել իրենց դատական իշխանության համակարգի արդյունավետությունը, ուրեմն մենք էլ կկարողանանք»,-եզրափակում է Մուշեղ Հովսեփյանը։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Լուսանկարում կուրություն ունեցող ամերիկացի դատավոր Դեյվիդ Թեյթլն է

«Առավոտ» օրաթերթ
04.09.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930