Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպման առանցքային թեմաներից էր COP17 համաժողովի կազմակերպման գործընթացը, որը նախատեսվում է անցկացնել 2026-ին Հայաստանում

Սեպտեմբեր 08,2025 17:05

Հանդիպում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ՝ Հայաստանի բնապահպանական օրակարգի շրջանակներում

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու և խորացնելու համագործակցությունը բնապահպանության ոլորտում՝ ընդլայնելով այն թե՛ քաղաքական, թե՛ գործնական հարթակներում։

Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը՝ Հայաստանի Հանրապետությանը տարիներ շարունակ ցուցաբերած հետևողական աջակցության համար։ Ըստ նախարար Մաթևոսյանի՝ ԵՄ-ի աջակցությամբ իրականացված և շարունակվող ծրագրերը՝ կլիմայի փոփոխության, մթնոլորտային օդի պաշտպանության, ջրային ռեսուրսների կառավարման և կենսաբազմազանության պահպանման ոլորտներում, էական ներդրում են ունեցել Հայաստանի կայուն զարգացման գործում։
Կողմերը քննարկել են նաև կանաչ անցման, վերականգնվող էներգիայի և կլիմայի դիմակայունության ծրագրերի շրջանակներում համագործակցության խորացման հնարավորությունները։ Շեշտադրվել է մթնոլորտային օդի մոնիթորինգի և կառավարման համակարգերի զարգացումը, ինչպես նաև Սևանա լճի էկոլոգիական վիճակի բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերի նշանակությունը։

Հանդիպման առանցքային թեմաներից էր Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի կազմակերպման և նախապատրաստական գործընթացը, որը նախատեսվում է անցկացնել 2026 թվականին Հայաստանում։ Նախարարը ներկայացրել է, որ արդեն իսկ ակտիվ աշխատանքներ են տարվում համաժողովի բովանդակային օրակարգի մշակման, ենթակառուցվածքների բարելավման, ինչպես նաև տեղական և միջազգային շահակիցների ներգրավման ուղղությամբ։ Ըստ նախարարի՝ համաժողովը դիտարկվում է որպես կարևոր հարթակ՝ ներկայացնելու Հայաստանի հանձնառությունը համաշխարհային կենսաբազմազանության պահպանության գործում։
Համբարձում Մաթևոսյանը վստահություն է հայտնել, որ ԵՄ-Հայաստան երկկողմ համագործակցությունն առաջիկա տարիներին կվերածվի շոշափելի արդյունքների՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության և Հայաստանի քաղաքացիների կյանքի որակի բարձրացման։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930