Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ նոր գործի քննությունը։
Դատական նիստի սկզբում դատավորը հիշեցրեց, որ 2008 թվականի Մարտի մեկի գործով իր հայրը ենթարկվել է հետախուզման, բայց հետո հանցակազմի բացակայությամբ պայմանավորված՝ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Իսկ եղբայրը Մարտի մեկի գործով ենթարկվել է քրեական պատասխանատվության, հետագայում՝ արդարացվել։ Նա ասաց, որ այն ժամանակ՝ որպես փաստաբան, պաշտպանել է հոր ու եղբոր շահերը։ «Բայց ես այս գործով ինքնաբացարկի հիմքեր չունեմ, կարող եմ նշել, որ կարող եմ լինել անկողմնակալ եւ այս գործի քննությունն իրականացնել»,- ասաց դատավորը։
Սերժ Սարգսյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին դատարանին՝ դիմելու Հակակոռուպցիոն դատարանի նախագահին՝ այս վարույթը միացնելու մյուս վարույթներին, որպեսզի Սերժ Սարգսյանի վերաբերյալ գործերը քննվեն մեկ միասնական վարույթում։ Դատավորն ասաց, որ միջնորդությունը բավարարում է եւ դիմում Հակակոռուպցիոն դատարանի նախագահին՝ Սերժ Սարգսյանի գործերի միացման վերաբերյալ համապատասխան որոշում կայացնելու։ Եվ քանի դեռ հայտնի չէ, թե երբ կկայացվի դատարանի նախագահի որոշումը, դատական նիստը հետաձգվեց անորոշ ժամանակով։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը 2000 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի, 2007 թվականի ապրիլի 4-ից մինչև 2008 թվականի փետրվարի 19-ը՝ ՀՀ վարչապետի, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 17-ը՝ ՀՀ նախագահի, իսկ 2018 թվականի ապրիլի 17-ից մինչև 2018 թվականի ապրիլի 23-ը՝ ՀՀ վարչապետի պաշտոնը, ինչպես նաև 2006 թվականից հանդիսանալով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության՝ գույքային, առևտրատնտեսական, ֆինանսական հարցերի համակարգման համար 1997 թվականի հուլիսի 1-ին հիմնադրված հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ, օրենքով նախատեսված արգելքին հակառակ 2006-2015 թվականների ընթացքում «ԼԼ բիմբո» ՍՊ ընկերության հիմնադիր Սեդրակ Քոչարյանի, նույն ընկերության տնօրեն Ալեքսան Որսկանյանի և իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Միխայիլ Բաղդասարովի կողմից միջոցներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակներով դրսևորված օժանդակությամբ մասնակցել է Միխաիլ Բաղդասարովին պատկանող, այդ թվում՝ «Միկա Լիմիթեդ» և «Աբիտ» առևտրային կազմակերպությունների կառավարմանը՝ արտոնություններ, առավելություններ տրամադրելով նշված կազմակերպություններին և հովանավորելով իրականացվող գործունեությունը, որը դրսևորվել է օտարերկրյա ներդրումներով խոշոր տնտեսական ծրագրերում ներգրավելով, բարձր ռիսկայնության պայմաններում շուրջ 14 միլիոն ԱՄՆ դոլար վարկի տրամադրմամբ, օտարերկրյա կազմակերպությունների կողմից գույքի ձեռքբերման գործընթացներում ներգրավելով և այլն:
Բացի այդ, Սերժ Սարգսյանը «ԼԼ բիմբո» ՍՊ ընկերության հիմնադիր Սեդրակ Քոչարյանի կողմից միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով դրսևորված օժանդակությամբ Միխաիլ Բաղդասարովի և նրա մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողությունների կատարմանը նպաստելու համար պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով գույք՝ «Աբիտ» ՍՊ ընկերության 22,5 տոկոս բաժնեմասը, որը 2008 թվականի մարտի 23-ին ձևական գործարքով՝ 100.000 ՀՀ դրամով, վաճառվել է «ԼԼ բիմբո» ընկերությանը:
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ