Լրահոս
Օրվա լրահոսը

«Անպատկառ են․ Մարտունի տղային դատում են շիբինի համար, իմ տղուս էլ՝ խիբարի համար, արեք էնքան շիբին ու խիբար տանք ձեզի, վրեքդ լցեք»․ Վարդան Ղուկասյան

Սեպտեմբեր 11,2025 17:15

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որի որդուն՝ Սպարտակին, այսօր ձերբակալել են՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4 –րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով), առաջադրված քրեական հետապնդման շրջանակում, որոշակի մանրամասներ ներկայացրեց։

Նա ասաց, որ իր տղան՝ Սպարտակը, չորս երեխա ունի, ամենափոքրը 1, 5 տարեկան է, երեխային տարել է մանկապարտեզ, Երևանից եկած ոստիկանները 10 մեքենայով շրջափակել են որդուն։

«Մանկապարտեզում ոնց որ թուրքական շպիոնի՝ 10 մեքենայով շրջափակել են տղայիս՝ երեխան էլ գիրկը հոր, մյուս երեխան էլ մեքենայի մեջ, կալանավորել, տարել են։

Ես գիտեի, որ էդպես պիտի լինի, երբ որ եպիսկոպոսի դատին գնաց, մասնակցեց, ինձ մարդիկ ասացին՝ պարոն Ղուկասյան, իրեն կկալանավորեն, ասի՝ ինչի՞, ասին՝ էդպես է։

Չէր հավատում ճիշտն ասած, իրոք չէի հավատում, բայց էսօր ցայտուն երևաց, որ շատ հիշաչար մարդկանց հետ գործ ունենք, ուղեղիս մեջն էլ չի մտնում, թե ինչի՞ համար, ոնց․․․

Հիմա փաստաբանները մեղադրական եզրակացությունն են վերցրել, մեջը գրված է, որ 24 քառակուսի մետր խիբարի համար, իրենք իրենց կազմել են, որ դա ընդամենը 90 հազար դրամ է, 4 երեխայի հորը էդպես բռնում, կալանավորում են։

Բայց էդ հայրը էս քաղաքի համար ինձ հետ միասին միլիոն դոլարների ներդրում է արել, Ամենափրկիչ եկեղեցին որ նայես, էդ 90 հազարն այդ եկեղեցու մի հինգ կիլոգրամ մեխի արժեք ունի էլի։

Էս ձևի սանձարձակ, գիտեք ինչ, եթե հաշիվ եք մաքրում, հաշիվ ունեք հոր հետ, ընտանիք ինչի՞ եք մտնում, գետինը մտնիք, բան կա, արեք, ես պատրաստ եմ», -ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա հիշեցրեց, որ իր դեմ մահափորձ է եղել, չորս հոգի սպանվել են, սակայն մինչև օրս բացահայտված չէ։

«Փոխանակ գնաք, նմանատիպ հարցերի բացահայտման մասին մտածեք, Երևանից էլ զորք եք բերել էստեղ, տղան իր երեխային տանում է մանկապարտեզ, ճանապարհին թափում եք վրեն, սրանով ի՞նչ եք ուզում ասած լինել։

Ուզում են, որ մենք ի՞նչ անենք, գլխներս կախենք, լռենք, չխոսե՞նք, երբ որ հայրենիքը վտանգի մեջ է, իմ արյունը և իմ կաթը ինձ չեն թողնում, որ ես լռեմ, ես խոսում եմ, ես չեմ կարող չխոսել», -ասում է Վարդան Ղուկասյանը։

Ըստ նրա, քրեական գործը եղել է 1․5 տարի առաջ, սակայն, Վարդան Ղուկասյանի ասելով, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերջին դատական նիստին մասնակցելուց հետո են որոշել տղային կալանավորել։

Նա այլաբանական պատմությամբ հասկացրեց, որ թշնամուն էլ պիտի հարգել։

«Դու դրանով ինձ չես կոտրում, հիշիր, ինչքան ըսենց բաներ անեք, մենք ավելի կհզորանանք, դու սրանով չես կարող ինձ ճնշել։

Դու պտի սիրով ապրես, բռնել տալով՝ երկիր չեն պահում, պատին ծեփելով, ասֆալտին փռելով, դրանով մարդկանց հանում ես քո դեմ, երկիրը պահում են սիրով՝ ապրելով և ապրեցնելով, ուրիշ սկզբունք ամբողջ աշխարհում չկա։ Սրանով ցույց են տալիս, որ իրենց վերջն է։

Ես ցավում եմ, որ սրանք գիրք չեն կարդացել, իրենք պիտի կարդան, իմանան, որ նմանատիպ մեթոդներով որ առաջնորդվում են, իրենց վախճանն են գրում, իրենց վերջն է սա», -ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա ասաց, որ ծանուցում չեն ստացել, պայքարելու են օրենքի դաշտում։

«Իրենք չեն պատկերացնում, որ ես իմ տղայիս անունը Սպարտակ եմ դրել, այսինքն՝ ազատության համար առաջին անունն եմ դրել իմ տղայիս վրա, որ Սպարտակը կռվում էր հռոմեացի լեգիոնների դեմ։ Դուք մտածում եք, ես կարող է գլուխ կախե՞մ ձեր դիմաց, կամ գամ, ձեր հետ բանակցե՞մ, կամ գամ «ստուկաչ» դառնամ մյուսների պես, որ «վլաստը» գա, գլխարկը փոխեմ, հարսանիք Մալինովակայո՞ւմ։ Իմ գլխարկը երբեք չի փոխվի, իմ գլխարկի վրայի խաչը հայ նահապետն է, Թորգոմն է, և իմ հայրս ու պապերս»։

Գյումրու քաղաքապետը նշեց, որ նմանատիպ դեպքերից իրենք չեն վախենում, ընդհակառակը դառնում են առյուծ։ Նա հորդորեց հանգիստ մնալ, թողնեն քաղաքը կառուցի։

«Արցախը տվեցիք, էդքան չեք խառնվել իրար, էս Գյումրու քաղաքապետարանի համար էս ի՞նչ եք անում, էս ինչ ողբ ու ոռնոց եք դրել, էս ի՞նչ ողբ եք կապել, էս ինչի՞ եք էսքան ոռնում, ի՞նչ, էստեղից շատ ատկատ կա՞ր, որ տանում էիք։ Որ մի քիչ խորանամ, խայտառակ կլինեք, ամոթ է, ձայն չեմ հանում, լռվեք, մնացեք, թե չէ կհանեմ, կդնեմ, խայտառակ կանեմ սաղդ։

Պատկերացրեք 24 քառակուսի խիբարի համար․․․ Արեք էնքան խիբար տանք ձեզի, խիբարի հետ փուրչուլուկ էլ տանք ձեզի, խիար էլ տանք, ինչ ասես կա մեր մոտ, ամոթ է, արա, ամոթ է։

Սա միայն Ալիևին և Էրդողանին է հարիր, նրանք էլ իրենց երկրներում են ըսենց բաներ անում, սրանց էլ սովորեցրեցին, թե ինչքան առողջ ուժ կա, լցրեք բանտերը, ում եք սպասում», -ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա պատմեց, որ մի անգամ էլ կալանքի են տարել որդուն, 7 ամիս պահել են, արդարացրել, բաց են թողել։

«Քանի անգամ կարող են տանել էդ տղուն, արդարացնել, թողնել, վերջը սրա չափ ու սահման կա՞»,-ասաց Վարդան Ղուկասյանը։ Նա նաև նշեց, որ Մարտուն Գրիգորյանին որդուն դատում են շիբինի համար, իր որդուն էլ՝ խիբարի։

«Արեք էնքան շիբին ու խիբար տանք ձեզի, վրեքդ լցեք, էս էսպես անպատկառ մարդիկ չէի տեսել», ասաց Վարդան Ղուկասյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930