Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի շրջակա միջավայրի նախարարության պատվիրակությունը մեծ հետաքրքրությամբ լսեց հատկապես գերմանացիներ Յոհաննես Լեփսիուսի և Արմին Վեգների հայանպաստ գործունեության մասին

Սեպտեմբեր 16,2025 17:38

Գերմանիայի շրջակա միջավայրի և բնապահպանության դաշնային նախարարության պատվիրակությունը սեպտեմբերի 16-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Լուսինե Աբրահամյանը նրանց ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ լսեցին հատկապես գերմանացիներ Յոհաննես Լեփսիուսի և Արմին Վեգների հայանպաստ գործունեության մասին:

Պատվիրակության անդամները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության ղեկավարը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը բարձրաստիճան հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել