Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft-ում, սեպտեմբերի 12-28-ը հանրային քննարկման է դրվել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին նախագիծը, որի հակիրճ բնութագրում նշված է․ «Իրական Հայաստանի գեղագիտության հիմնական մոտեցումը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ հայացք դեպի ներս, որ օգնում է արդյունավետ հարաբերվել դրսի հետ»։
Սահմանադրագետ, իրավապաշտպան Գոհար Մելոյանն այս նախագծի բովանդակությանն անդրադառնալուց զատ՝ շեշտադրումներ կատարեց իրավական կողմի վրա՝ վեր հանելով խնդրահարույց հանգամանքներ։
«Հղում է կատարված «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքի 2-րդ կետին և կառավարության իրավազորություններին, ինչը ենթադրում է, որ այս հայեցակարգը պետք է վերաբերի Հայաստանի Հանրապետությունում պետական մշակութային քաղաքականության կազմակերպմանը, պահպանմանը, զարգացմանը, տարածմանը՝ ռազմավարական ծրագրի տեսքով։ Բայց երբ բովանդակային անդրադարձ ենք կատարում, սա ընդհանրապես ամբողջ հանրապետության տնտեսական, իրավական, քաղաքական մի շարք բնագավառներին առնչվող տեսական, ռազմավարական, հայեցակարգային մոտեցումներ, դրույթներ պարունակող փաստաթուղթ է։
Այն անընդունելի ձևակերպումներով նախագիծ է, և ակնհայտ է, որ իշխող ուժը նորից մանիպուլատիվ կերպով փորձում է գաղափարներին, մտքերին միս ու արյուն տալ իրավական ակտի տեսքով։ Այսինքն՝ առաջին քայլով իրենք կունենան այս հայեցակարգը, այնուհետև՝ դրա հիման վրա օրակարգը կդարձնեն տարբեր օրենքներում փոփոխությունների կատարումը»,- մանրամասնեց Գոհար Մելոյանը։
Կարդացեք նաև
…Մի քանի այլ դրույթների անդրադառնալով՝ Գոհար Մելոյանն ուշադրություն հրավիրեց այլ մանիպուլյատիվ ձևակերպումների վրա ևս։
«Օրինակ, ասում է՝ իրական Հայաստանի գեղագիտության կարևորագույն խնդիրը սկսում է օրհներգից, որը դրսևորում է օրհներգի հանրային կատարման ամոթով։ Օրինակ, սա ի՞նչ ձևակերպում է։ Ես ու ինձ շրջապատող մարդիկ ընդհանրապես երբևիցե մեր օրհներգի կատարումից ամոթի զգացում չենք ապրել․ մենք հուզմունք ենք ապրել, արժանապատվություն ենք ապրել, բայց ո՛չ ամոթ։ Խնդիրն այդ ամոթն ապրողի մեջ է՝ ոչ թե օրհներգի մեջ է, ընդհանուր առմամբ, ոտքից գլուխ՝ այս փաստաթուղթն ինձ համար խնդրահարույց է, դավադրական, հակաիրավական է և, ինչո՞ւ ոչ՝ նաև հակասահմանադրական է»:
Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում