Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուղղակի չէինք պատկերացնում, որ մենք հետ չենք գալու, ամուսինս մեքենայի ղեկին այդ ապրումներից ինսուլտ ստացավ»․ արցախցի կին

Սեպտեմբեր 19,2025 16:12

«2023 թվականի սեպտեմբերի 19-ին աշխատանքի էի, ժամը մեկին ես ու իմ բարեկամը անտառներով եկանք, հասանք տուն։ Չգիտեինք՝ կհասնենք տուն, թե չէ, որովհետեւ մենք Ստեփանակերտում չէինք ապրում, ապրում էինք Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում»,- այսօր Եռաբլուրում լրագրողներին պատմեց Արցախից բռնի տեղահանված կինը։

Նա պատմեց, թե ինչերի միջով են անցել 2023 թվականի բռնի տեղահանման օրերին․ «Առավոտը՝ ժամը ութ անց կես մեզ ասացին, որ պետք է շարասյունով դուրս գանք տնից։ Ուղղակի չէինք պատկերացնում, որ մենք հետ չենք գալու։ Մեզ ասացին՝ կտանեն մեզ, մի երկու օր կմնանք անտառներում: Ընդհանրապես ոչինչ չենք վերցրել մեզ հետ, մենակ վերցրեցինք մի շիշ ձեթ, մի հատ փոքր գազի բալոն ու մեկ էլ մի դույլ կարտոֆիլ, ասեցինք՝ գոնե այդ երկու օրն անտառում ուտենք, ոչ հաց կար, ոչ բան կար։

Բերեցին մեզ երկու օր պահեցին օդանավակայանում, երրորդ օրն ասացին՝ դուրս եկեք, կարող է ձեզ այստեղ էլ վնասեն։ Ամսի 25-ի առավոտը, ցավոք սրտի, մենք Ստեփանակերտից պետք է դուրս գայինք։ Ամուսինս, որ նստեց մեքենայի ղեկին, այդ ապրումներից ինսուլտ ստացավ։ Հազիվ մի կերպ եկանք հասանք Գորիսի գյուղը՝ Կոռնիձոր, ընդեղից միանգամից ամուսնուս շտապ օգնությամբ տարան Գորիսի հիվանդանոց: Մեկ շաբաթ հետո Սիսիանից մեզ ուղղաթիռներով բերեցին Երեւան, մի ամիս էլ այնտեղ մնացինք՝ հիվանդանոցում։ Ու այս երկու տարի է՝ մենք տառապում ենք, չգիտեմ՝ դուք երեւի չեք պատկերացնի, թե ինչերի միջով ենք մենք անցել»։

Արցախցի կինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին է մեղադրում Արցախի կորստի համար։ «Ամբողջ օրը՝ առավոտը սկսում է, մինչեւ գիշերը պրծնում է, ես անիծում եմ Նիկոլին, ինքն էլ պետք է մեր պես էս ամենի միջով անցնի, որ իմանա արցախցու վիճակը։ Չնայած երեւի իր վրա չի էլ ազդի»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930