Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տեղյակ է եղել Շահրամանյանի ստորագրած փաստաթղթի մասին, այլ նաեւ ինքն է պնդել, որ այդպիսի փաստաթուղթ պետք է ստորագրվի»․ Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 19,2025 16:34

«Եթե Հայաստանի իշխանությունը նույնիսկ հայտարարում է, որ Արցախի էջն իր համար փակ է, ապա դրանով որեւէ ձեւով փակ չեն այն բոլոր սխրանքների հերոսական էջերը, որոնք տեղ են գտել մեր պատմության մեջ եւ որի համար մարդիկ են նահատակվել»,- այսօր Եռաբլուրում լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը։

Անդրադառնալով իմպիչմենտի օրակարգին՝ Տիգրան Աբրահամյանն ասաց, որ գործընթացին մասնակից են դարձնում նաեւ արտախորհրդարանական ուժերին։ Գլխավոր նպատակը համազգային ճակատի ձեւավորումն է, որի հիմքում քաղաքական կոնսենսուսի ձեւավորումն է։ «Մենք արդեն շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ու գործիչների հետ ենք այս պահին հանդիպել։ Ընդհանուր ոչ միայն կա կոնսենսուս, որ իրավական ու քաղաքական հիմքերը ձեւավորված են՝ կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար, այլ նաեւ մարդկանց ու քաղաքական ուժերի մոտ կա կամք՝ ընդհանուր ճակատով այս պրոցեսն առաջ տանելու մասով»,- նշեց նա։

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների այն հայտարարություններին, թե Արցախի իշխանություններն են մեղավոր Արցախի կորստի համար, Սամվել Շահրամանյանն է Արցախը լուծարելու փաստաթուղթ ստորագրել, Տիգրան Աբրահամյանն ասաց՝ անընդունելի է, որ ՀՀ իշխանություններն իրենց տապալումները, հանցավոր անգործությունը փորձում են բարդել արցախցիների վրա։

«Իրականությունն այլ բան է, իսկ իշխանության ներկայացրածը՝ լրիվ այլ։ Ստեղծված իրողություններն ու իշխանության պնդումները որեւէ առնչություն չունեն։ Ավելին ասեմ՝ այն հրամանագիրը, որի մասին խոսվում է, այսպես կոչված Արցախի լուծարման, նախ դա իրավական առումով որեւէ բովանդակություն չունեցող փաստաթուղթ է։ Պրոցեսը, որը սկսվել է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմամբ, հանրաքվեի իրականացմամբ, պետականության ստեղծմամբ, դրանք հրամանագրերով չեն կարգավորվում, առավել եւս հրամանագրերով չեն լուծարվում։ Ավելին ասեմ, որքանով ես եմ տեղյակ, Հայաստանի իշխանությունը ոչ միայն տեղյակ է եղել այդ փաստաթղթին, այլ նաեւ Հայաստանի իշխանությունն է պնդել, որ այդպիսի փաստաթուղթ պետք է ստորագրվի, որպեսզի հնարավորություն լինի մնացած մարդկանց կյանքը փրկելու»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նա նշեց, որ 2022 թվականին Պրահայում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելով՝ ՀՀ իշխանությունը ոչ միայն Ադրբեջանին ուղերձներ հղեց՝ ավելի ազատ ձեռքերով գործելու, այլ նաեւ դա ուղերձ էր միջազգային հանրությանը, առ այն, որ Հայաստանն այլեւս ներկայացված չէ այս կոնֆլիկտում, եւ Արցախն ու արցախցին մնացել են ճակատագրի հույսին։ Թե ինչ եղավ Պրահայից հետո, ըստ Աբրահամյանի, բոլորն են հիշում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930