Քանի մոտենում են ընտրությունները, կրքերը լարվում են, եւ դրա հետեւանքներից մեկն այն է, որ վիրտուալ դաշտում ավելանում են վիրավորանքներն ու հայհոյանքները: Դա բնական է, որովհետեւ օգտատերերը կա՛մ ի պաշտոնե, կա՛մ վարձատրության դիմաց, կա՛մ ի սրտե ցանկանում են, որ մի խումբը նստի իշխանական աթոռներին, իսկ մյուս խումբը՝ չնստի: Այդ հուզմունքն արտահայտելու ձեւը, որոշակի մշակութային եւ մտավոր մակարդակի դեպքում, հայհոյանքն է:
Տարբեր մարդիկ հրապարակավ այժմ ահազանգում են, որ ստանում են հայհոյանքներ եւ սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ: Ոմանք նույնիսկ դիմում են իրավապահներին (ինչն, ի դեպ, անիմաստ է, եթե զազրախոսի ագրեսիայի թիրախը իշխանավորները կամ նրանց համակիրները չեն):
Բնականաբար, համացանցային ակտիվիստներն իմ մասին էլ են երբեմն հիշում: Բայց ես չեմ նեղվում եւ չեմ բողոքում: Չեմ էլ ջնջում համապատասխան մեկնաբանությունները: Որովհետեւ դրանք նույնպես տեղեկատվություն են պարունակում, եւ եթե այդ գրությունները կարդում են նաեւ ադեկվատ մարդիկ, ապա իմ դեպքում այդ մարդիկ կարող են հստակ պատկերացում կազմել այն մասին, թե ինչ են իրենցից ներկայացնում նիկոլականները: Այդ մարդիկ աշխատում են Փաշինյանի վրա կամ անկեղծորեն հիանում են նրանով: Հետեւաբար, ինչպիսին նրանց շեֆն է կամ կուռքը, այդպիսիք էլ նրա աշխատողները կամ երկրպագուները: Եթե մեկը խուլիգան է ու զազրախոս, ապա ինչո՞ւ մյուսները պետք է նրանից տարբերվեն:
Ես առաջարկում եմ բոլորին հետեւել իմ օրինակին՝ չնեղվել եւ չբողոքել: Նաեւ ժամանակ չծախսել ջնջելու վրա: Հայհոյողները, անկախ այն հանգամանքից՝ ֆեյք են, թե իրական, ինֆորմացիա են հայտնում իրենց, ոչ թե ձեր վերաբերյալ:
Կարդացեք նաև
Այսպիսով, ամեն մի նիկոլականի մեկնաբանություն մի ամբողջ ռեպորտաժ է այն մասին, թե ի՛նչ մակարդակի մարդկանց վրա է հիմնված այս իշխանությունը եւ, մեծ հաշվով՝ ինչպիսի երկրում ենք մենք ապրում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ