Սեպտեմբերի 21-ին մարդաշատ էր Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, ազգային-քաղաքական-պետական գործիչ Աշոտ Նավասարդյանի տուն-թանգարանում։ Այստեղ կայացավ ՀՀ Անկախության հռչակման 34-ամյակին նվիրված տոնական արարողություն։ Ներկա էին Անկախության համար մշտապես պայքարի մեջ եղած քաղաքական գործչի ընտանիքի անդամները, հարազատ-բարեկամներ, գաղափարական ընկերներ՝ Հայաստանի Հանրապետության անկախության համար պայքարի մասնակից և դրա կայացման գործում ավանդ ունեցող անհատներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, դպրոցականներ, նրանց ծնողներ ու ուսուցիչներ, նախկին զինվորականներ։
Թանգարանի բակը զարդարված էր Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցի սաների նկարներով, որոնք խորհրդանշում էին ՀՀ Անկախության օրը։ Ա․ Նավասարդյանի ավագ դուստրը՝ թիվ 196 հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանը, ողջունեց ներկաներին` շնորհակալություն հայտնելով արարողությանը ներկա լինելու համար։
Կարդացեք նաև
Ընթացքում ներկայացրեց իր սաներին, ովքեր բակում կազմակերպված ցուցահանդեսի նկարների հեղինակներն էին։ Հետաքրքիր է՝ գրեթե բոլոր նկարներում մեր շնորհալի երեխաներն անդրադարձել էին Արցախին ու Արարատին, Հայոց Եռագույներին, սրբավայրերին, մեր երկրի խորհրդանիշ բերք ու բարիքին։
Այս առթիվ իր ֆեյսբուքյան էջում ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որը նույնպես ներկա էր միջոցառմանը, գրել է․ «Արարատն ու Արցախ աշխարհը մեր պատմության, ինքնության անջնջելի մասն են, որոնք այնքան խորն են արմատավորված, որ որևէ կառավարություն կամ ինքնահռչակ փրկիչ դա ոչնչացնել պարզապես չի կարող: Հայ ազգը գիտակցում է, թե ինչ է անկախությունը, ազատությունը և ինչ գնով է դա մեզ տրվել: Փառք ու պատիվ այն հայրենանվեր մարդկանց, որոնց տարիների պայքարի ու գործունեության հիմքում դրվել է պետականության և անկախության գաղափարը: Հավերժ փառք այս հայրենանվեր առաքելության ճանապարհին նահատակված մեր հերոսներին»:
Նկարների ցուցադրությանը ծանոթանալուց հետո ներկաները թանգարանի ներսում ծանոթացան Աշոտ Նավասարդյանի (28․ 03․ 1950-03․ 11․ 1997) կենսագրությանը, որը ներկայացրեց դուստրը՝ Անուշ Նավասարդյանը՝ ասելով․ «Այս տունն ու բակը մեծ խորհուրդ ունեն․ այստեղ ԱՄԿ-ի անդամներն են եղել, այստեղ բազմաթիվ գաղտնի հավաքներ են եղել՝ հանուն անկախության իրենց պայքարի ու գործողությունների մշակման, ապա՝ խուզարկություններ, ձերբակալություններ։ Այս տանն Աշոտ Նավասարդյանի ընտանիքն է ձևավորվել, անկախության բանակն է ձևավորվել, ՀՀԿ-ն է ձևավորվել՝ նրա կանոնադրությունն ու ծրագիրն են գրվել»։
Այժմ տունը, որտեղ իր ողջ կյանքն է անցկացրել Աշոտը, թանգարան է, և այստեղ ցուցադրված են նաև նրա անձնական իրերը, նամակները, նկարները՝ աքսորում, մտքերը՝ նկարների տեսքով՝ փակցված պատերին։ Ա․ Նավասարդյանը 18 տարեկանից անդամագրվել է Ազգային միացյալ կուսակցությանը (ԱՄԿ), որը հիմնադրվել է 1966 թ. ապրիլի 24-ին՝ Հայկազն Խաչատրյանի, Ստեփան Զատիկյանի և Շահեն Հարությունյանի կողմից։ ԱՄԿ-ի ձևավորման հարցում կարևոր տեղ են ունեցել 1960-ականներին ազգային զարթոնքը, Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիրի հիմնումը և այլ հարցեր։
Երեք անգամ կալանավորվել է․ ընդհանուր առմամբ դատապարտվել 17 տարվա ազատազրկման ու 5 տարի աքսորի։ Կալանավայրերում անցկացրել է շուրջ 12 տարի: Վերջին անգամ ազատվել է նախատեսածից ավելի շուտ՝ կապված գորբաչովյան «Վերակառուցման» հետ։ Թանգարանում էր նաև գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, որը 1990թ․, երբ «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրն էր, հարցազրույց էր ունեցել Ա․ Նավասարդյանի հետ և հրապարակել։
Անուշ Նավասարդյանը ցույց տվեց «Գարուն»-ի այդ համարը և տեղեկացրեց՝ հոր մտքերը, որոնցից մի մասը նկարի տեսքով փակցված են պատերին կամ թղթերին գրված՝ կախված են ծառից, հիմնականում վերցրել է այդ հարցազրույցից։ Ա․ Նավասարդյանի կինը՝ տիկին Հասմիկը, այդ հարցազրույցը ամուսնու կենսագրականի համար համարեց հայտնագործություն ազգի համար։ Անդրադառնալով ամուսնու գործունեությունը՝ ասաց՝ երկար է սպասել նրա վերադարձին, հավատացել է՝ տուն է գալու։ Իսկ այն ժամանակ շատ աքսորականներ, ովքեր պայքարում էին հանուն երկրի անկախության, բանտերում մեռնում էին։
Անուշ Նավասարդյանը ներկայացրեց հոր գաղափարակից ու մտերիմ ընկերներին՝ Ռազմիկ Մարկոսյանին ու Մանուկ Թոփուզյանին, որոնք հուշեր պատմեցին Նավասարդյանի հետ անցած ճանապարհի մասին։ Ռ․ Մարկոսյանը նշեց՝ այդ ժամանակ Հայաստանից միայն Աշոտ Նավասարդյանն է, որ 3 անգամ էլ դատապարտվել է քաղաքական հոդվածով, մնացածը՝ նաև ինքը, դատապարտվել են և՛ քաղաքական, և՛ քրեական հոդվածներով։ Հավելեց նաև՝ առավել դաժան պայմաններում է Նավասարդյանն անցկացրել երրորդ բանտարկությունը։ «Պերմ-36», «Պերմ-37» ճամբարները, որտեղ է եղել Նավասարդյանը, կոչվել են «մահվան ճամբարներ», և շատ հայտնի քաղաքական գործիչներ են այնտեղ իրենց մահկանացուն կնքել։
Ընթացքում թիվ 196 հիմն․ դպրոցի սաները կատարեցին երգ, որը ժամանակին երգում էին Աշոտն ու իր ընկերները, ընթերցեցին Հայոց Մեծ Եղեռնի զոհերին նվիրված նորակառույց հուշահամալիրում գաղտնի հնչեցրած երդումը՝ գրված Ստեփան Զատիկյանի կողմից։ Այդ երդման տեքստը գրված է թանգարանի պատին։
Աշոտ Նավասարդյանի տուն-թանգարանը և նրա ընտանիքը, օրվա խորհրդին համահունչ, «Անկախությունը ինքնանպատակ բան չէ, այն գենոֆոնդը պահպանելու և սերունդներին փոխանցելու միջոց է» թեմայով հայտարարել էին էսսեների մրցույթ, որին արձագանքել էին 13-18 տարեկան շատ երիտասարդներ։
Գնահատող հանձնախումբը, որի կազմում են եղել նաև Ա․ Նավասարդյանի գաղափարական ընկերներ Ռ․ Մարկոսյանն ու Մ․ Թոփուզյանը, մրցանակի էին ներկայացրել 10-ից ավելի աշխատանք։ 19-ամյա Աշոտ Նավասարդյանի՝ «էտապ»-ի ճանապարհին ԱՄԿ անդամ, նկարիչ Հայկազ Խաչատրյանի կողմից արված նկարով և կնոջ՝ տիկին Հասմիկի ստորագրությամբ պատվոգիր ու Գարեգին Նժդեհի գրքերն էին մրցանակները, որոնք հանձնեցին Ռ․ Մարկոսյանն ու Անուշ Նավասարդյանը։ Մրցույթի մասնակիցների կազմում եղել են նաև այլ դպրոցների աշակերտներ, ուսանողներ։
Եղավ նաև համերգային մաս։ Իր նոր երգ-բանաստեղծությունը ներկայացրեց Գուսան Հայկազունը։
Զոհրաբ Ըռքոյան