Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են այս ամենից հետո համարձակվում շարունակել հասարակությանը հեքիաթ պատմել «հաստատված խաղաղության» մասին․ Իշխան Սաղաթելյան

Սեպտեմբեր 28,2025 10:45

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ևս մեկ անգամ ապացուցեց մեր բոլոր պնդումները։
Առաջինը՝ նույնիսկ այս միջազգային բարձր հարթակից նա խուսափեց օգտագործել «գերի» բառը։ Փոխարենը խոսեց «երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձանց» մասին։ Սա պարզապես ամոթ է։ Սա վկայում է, որ Հայաստանի ղեկավարին արգելված է անգամ բարձրաձայնել այն փաստը, որ Ադրբեջանը դեռևս պահում է հայ ռազմագերիների։ Այս բառախաղերով Փաշինյանը մեղմացնում է իրականությունը և ծառայում Ադրբեջանի շահերին։

Երկրորդը՝ փաստացի Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հրապարակային խոստովանեց Վաշինգտոնյան, այսպես կոչված, «պայմանավորվածությունների» և իր խաղաղության օրակարգի ձախողումը։ Նա բառացի ասաց․
«Ադրբեջանի նախագահը… օգտագործել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը… հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ ՀՀ–ի նկատմամբ և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում»։

Այսինքն՝ Փաշինյանը խոստովանում է, որ Ալիևը բացահայտում է իր իսկ ստորագրած փաստաթղթերի սնանկությունը։ Սա նրա երկրորդ հրապարակային խոստովանությունն է։ Առաջինը եղավ ՇՀԿ գագաթաժողովում, երբ ստիպված էր ընդունել, որ Ադրբեջանի նախագահի խոսույթը չի տեղավորվում Վաշինգտոնում «համաձայնեցված տրամաբանության» մեջ։

Սրան զուգահեռ նույն ամբիոնից Ադրբեջանի նախագահը կրկին խոսեց Հայաստանի «ագրեսիայից» և «օկուպացիայից», Հայաստանի ղեկավարներին անվանեց պատերազմական հանցագործներ։

Եվ այս ամենը թվարկելուց հետո Ալիևը շեշտեց, որ Հայաստանի հետ պայմանագրի բոլոր կետերի հեղինակն Ադրբեջանն է։
Հարց է` ինչպե՞ս են այս ամենից հետո համարձակվում շարունակել հասարակությանը հեքիաթ պատմել «հաստատված խաղաղության» մասին։ Այսքանից հետո ինչպե՞ս է իշխանական քարոզչամեքենան հերթական անգամ փորձելու մոլորեցնել ժողովրդին։ Ինչպե՞ս են հայտարարելու, թե խաղաղությունն արդեն եկել է, երբ անգամ Փաշինյանը հրապարակային կերպով ընդունում է, որ չկա անգամ տարրական փոխըմբռնում օգտագործվող տերմինաբանության վերաբերյալ և նվազագույն հարգանք այն սուբյեկտի նկատմամբ, ում հետ Ալիևը ստորագրել է համաձայնագիր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930