Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն ինքն է ասում, որ Ալիևը չունի «խաղաղության հռչակագրի» խոսույթը: Հետևապես, էլ ինչի՞ վրա հիմնվելով է հայտարարում, թե «խաղաղությունը հաստատված է». «Փաստ»

Սեպտեմբեր 30,2025 10:24

Հարկավ, Փաշինյանի ելույթը թե՛ տեսանյութի, թե՛ տեքստային տարբերակով հրապարակված է, առանձնապես հետաքրքրասերները կարող են «բացել» և ինքնուրույն, առանց «կողմնակի միջամտությունների» ծանոթանալ և պատկերացում կազմել: Այնուհանդերձ, կարծում ենք, արժե ուշադրություն հրավիրել ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի հնչեցրած մի քանի հատկանշական դրվագների:

Առաջինը. Փաշինյանը ելույթում, որ գրեթե 90 տոկոսով նվիրված էր Ադրբեջանի ու Թուրքիայի հետ «շաքարաքլորային հարաբերություններ» ձևավորելու կամ դրա հիմքերը «գցելու» նրա ու իր ՔՊ-ի «քաղաքականությանն» ու դրա փառաբանությանը, մի քանի անգամ հնչեց հղում Ալմա Աթայի՝ 1991 թվականի հռչակագրին: Մի փաստաթուղթ, որը երևի միմիայն Փաշինյանի համար է անբեկանելի սրբության սրբոց, առավել ևս, որ այդ չարչրկված հռչակագիրը գերազանցապես նախկին ԽՍՀՄ-ի քաղաքակիրթ լուծարման մասին է (ինչի մասին ոչ մեկ անգամ առիթ է եղել մանրամասն խոսելու և ներկայացնելու տարբեր փորձագետների գնահատականներ):

Բայց, կներեք, ի՞նչ կապ ունի այստեղ Ալմա Աթայի հռչակագիրը: Փաշինյանն, ի՞նչ է, ԱՊՀ գագաթաժողովո՞ւմ էր հանդես գալիս, թե՞ ՄԱԿ-ում: Հայաստանը անկախության հռչակումից հետո դիմել ու դարձել է ՄԱԿ-ի լիիրավ անդամ-պետություն: ՄԱԿ-ն, ի՞նչ է, Ալմա-Աթայի հռչակագրո՞վ է մեր երկրի տեղն ու տարածքի մասին իմացել: Ո՛չ, իհարկե:

Եվ ահա, այն բանից հետո, երբ Փաշինյանը միարժեքորեն պնդեց, որ այլևս «խաղաղությունը հաստատված է», սկսեց հետևողականորեն… ոչնչացնել ու հերքել իր իսկ պնդումը՝ ներկայացնելով Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից բացահայտ թշնամական դրսևորումներին վերաբերող գանգատների մի երկար շարան: Իհարկե, Ալիևին արձագանքել ու նրա «պորտը տեղը դնել» պետք է: Ավելին, անհրաժեշտ է: Սակայն այս դեպքում, կներեք, «մատի վրա ֆռռացված», խաբված և հիմա «մեծ ձյաձյաների մոտ» դրա մասին բողոքելու եկած անձնավորության խոսք էր հիշեցնում:

Փաստացի, ոչ այլ ոք, այլ հենց Փաշինյանն է փաստում, որ ոչ մի իրական խաղաղություն չկա (նման պայմաններում այն չի էլ կարող լինել): Փաշինյանն ինքն է հայտարարում, որ Ալիևը գործնականում չունի «խաղաղության հռչակագրի» խոսույթը և այդպես շարունակ:

Հետևապես, էլ ինչի՞ վրա հիմնվելով է հայտարարում, թե «խաղաղությունը հաստատված է»: Քանի՞ գրոշ արժե այդ պնդումը իր իսկ ներկայացրած փաստերի խորապատկերում:

Երկրորդը. հարց է ծագում, թե ինչո՞ւ է Փաշինյանը ՄԱԿ-ի կիսադատարկ դահլիճում «միջազգային հանրությունից» ինչ-որ բաներ ակնկալում՝ Ալիևին «խաղաղության խաչմերուկ» վերադարձնելու վերաբերյալ: Փաշինյանն ինքը հրաժարվել է ՄԱԿ-ի մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից, հիմա եկել ՄԱԿ-ի ամբիոնից ումից և ինչ է բողոքում:

ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում է: Այն Վաշինգտոնից շատ հեռու չէ: Էհ, ձեր իսկ գովաբանած Թրամփը, որը որպես վկա ստորագրել է օգոստոսի 8-ի թղթերը, Սպիտակ տանը նստած է, գնացեք, նրան բողոքեք: Թե՞ այդքան շահարկված «վոթսափի համարը» անհասանելի է:

Ու մեկ էլ Փաշինյանը հայտարարում է, թե խաղաղությունը իրեն «բավարար բերկրանք և բավարարվածություն է պատճառում»: Եվ ի՞նչ: Ադրբեջանը դադարե՞լ է «խաղաղության» անվան տակ Հայաստանն ու հայ ժողովրդին պաշտոնապես նվաստացնելու գործելակերպից, չի՞ ավելացնում իր ռազմական ծախսերը, սպառազինությունն ու զինված ուժերը:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930