Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղյակ ենք ենթադրաբար քաղաքական դրդապատճառներով դեպքերի մասին և ուշադիր հետևում ենք դրանց՝ հատկապես առաջիկա ընտրությունների համատեքստում»․ Հայաստանի հարցերով ԵԽԽՎ զեկուցող

Հոկտեմբեր 02,2025 18:55

«Խորհրդարանական վեհաժողովն իր 1900 (2012) բանաձևում համաձայնության է եկել «քաղաքական բանտարկյալ» հասկացության սահմանման շուրջ: Մեր ըմբռնմամբ՝ այս պահին Հայաստանում չկան դեպքեր, որոնք լիովին համապատասխանում են այս սահմանմանը: Այնուամենայնիվ, մենք տեղյակ ենք ենթադրաբար քաղաքական դրդապատճառներով դեպքերի մասին և ուշադիր հետևում ենք դրանց»,-Aravot.am-ի փաստմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վեհաժողովում ելույթ ունենալով, ասաց, որ երբ ինքը գտնվում էր բանտում, իրեն այցելել էր ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը և մեր գրավոր հարցին՝ ինչո՞ւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը կամ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողները չեն այցելում ՀՀ-ում քաղբանտարկյալներին կամ արդյոք նման այցեր պլանավորվո՞ւմ են, այսպես պատասխանեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցող Բորիանա Աբերգը (Շվեդիա, ԵԺԿ)։

Նա նաև հավելեց՝ տարբեր աղբյուրներից իրենք ստանում են տեղեկատվություն՝ ներառյալ փաստաբանները ու վստահեցրեց․ «Մենք գնահատում ենք ստացված տեղեկությունները։ Եթե ​​մենք համարենք, որ որևէ իրավիճակում հրապարակային հայտարարությունները կամ այցելությունները լավագույն միջոցն են, մենք չենք հապաղի դա անել»։

Մեր մյուս գրավոր հարցը հետևյալն էր․ «ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում մեզ հետ զրույցում  ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդումների, կալանավորումների, իրենց խոսքի համար մարդկանց կալանավորումների մասին հարցին, եկեղեցու նկատմամբ իրականացվող գործողություններին վերաբերող հարցերին պատասխանել էիք, որ հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ կառավարության և Հայ եկեղեցու միջև առկա լարվածությանն ավելի լայն շրջանակներում և նշել՝ մենք մշտապես կոչ ենք արել բարելավել քաղաքական երկխոսությունը Հայաստանում քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև, դրսևորել զսպվածություն և փոխադարձ հարգանք։ Ուզում եմ այժմ հարցնել՝ արդյոք այս հարցերը բարձրացրե՞լ եք ՀՀ վարչապետի հետ Ձեր հանդիպման ընթացքում, և արդյոք տրված պատասխանները Ձեզ բավարարե՞լ են»։

Բորիանա Աբերգը գրավոր պատասխանել է․ «Իսկապես, մենք հետևում ենք զարգացումներին։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ իրավունքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական հասարակությունում քաղաքական գաղափարները, որոնք մարտահրավեր են նետում գործող կարգին և որոնց իրականացումը պաշտպանվում է խաղաղ միջոցներով, պետք է ունենան արտահայտվելու պատշաճ հնարավորություն։ Մյուս կողմից, հատուկ ուշադրություն է դարձվում իշխանությունների կողմից լրացուցիչ բռնություն հրահրող գործողությունների նկատմամբ զգոնության անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով հասարակական անվտանգությունը պաշտպանելու և անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու օրինական նպատակները: Մեր պարտականությունը չէ դատել՝ հիմնվելով տվյալ անհատական ​​գործի էության վրա: Մենք տեսնում ենք, որ որոշ դեպքերում, առաջին հայացքից, կային բավարար հիմքեր հետաքննություններ սկսելու համար: Մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին՝ հատկապես առաջիկա ընտրությունների համատեքստում: Ինչ վերաբերում է մեզ հետ հանդիպած մարդկանց հետ մեր շփումների բովանդակությանը, որպես կանոն՝ դա գաղտնի է։ Սա հնարավորություն է տալիս բաց և անկեղծ շփումների։ Մենք հղում ենք կատարում մեր հայտարարություններին և մոնիտորինգի հանձնաժողովի կողմից հրապարակվելիք ապագա փաստաթղթերին»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031