Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, ինչ ստորագրվեց օգոստոսի 8-ին եւ հռչակվեց որպես հարցի վերջնական լուծում, անորոշ է ու անհասկանալի մանրուքներ է պարունակում». «Հրապարակ»

Հոկտեմբեր 04,2025 11:11

Կոպենհագենում Ալիեւի հետ մի բաժակ սուրճի շուրջ Նիկոլ Փաշինյանի հանդիպման օրը իշխանությունը հապճեպ ու անսպասելի կերպով արտահերթ նիստով ԱԺ օրակարգ բերեց «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարության նախագիծը, որի քննարկումն անցավ առանց ընդդիմության: Թե՛ «Հայաստան» դաշինքը, թե՛ «Պատիվ ունեմ»-ը հայտարարությամբ ասացին, որ չեն մասնակցելու իշխանական օրակարգի սպասարկմանը: Այդ ընթացքում ՔՊ-ն հասցրեց մերժել «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը Քրեական օրենսգրքում փոփոխություններ էր նախատեսում:

Այս մերժումով ու իրենց բերած հապճեպ նախագծով ՔՊ-ական մեծամասնությունը հերթական անգամ վերահաստատում է Ադրբեջանի ու Թուրքիայի նախապայման-պահանջները բավարարելու իր հանձնառությունը՝ գուցե ակնկալելով, որ Կոպենհագենում Ալիեւը բարեհաճ կգտնվի Փաշինյանի նկատմամբ ու ի վերջո կպարզաբանի, թե ինչ է հասկանում «Զանգեզուրի միջանցք» ասելով, կամ եթե Փաշինյանն ու ՔՊ-ականները, որոնք անդադար կուրծք էին ծեծում, թե Ադրբեջանի հետ բանակցություններում «միջանցքային տրամաբանություն» չկա, հասկանում ու գիտակցում են, թե ինչ է ասում իրենց գործընկերը, առնվազն ակնկալում են, որ ձեւակերպումը գոնե որոշ ժամանակ Ալիեւը չի օգտագործի: Դա գոնե հնարավորություն կտա Փաշինյանի իշխանությանը՝ Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ ամբողջությամբ ու հիմնավորապես չփլուզել օգոստոսի 8-ի պատրանքն ու սպասումը, որ առայժմ անհաջող կերպով փորձում են ձեւավորել հայ հասարակության շրջանում:

ՔՊ-ականների՝ բաժակաճառ հիշեցնող նախագծի վերջում կոչ կա՝ Հայաստանի ու Ադրբեջանի հանրային, քաղաքական, փորձագիտական, գիտական, մշակութային շրջանակներին՝ «ձեռնպահ մնալ կոնֆլիկտը խորհրդանշող եւ կամ այն վերաձեւակերպելուն կամ բորբոքելուն ուղղված խոսույթներից եւ գործողություններից»: Իսկ Փաշինյան-Ալիեւ հանդիպման վերաբերյալ հայկական կողմի հրապարակած տեքստի այս հատվածում «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը չկա, բայց չկա նաեւ որեւէ երաշխիք, որ սուրճի սեղանի շուրջ Ադրբեջանի նախագահը հենց այդ ձեւակերպումով չի Փաշինյանի հետ ինչ-որ բան քննարկել. «Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը կարեւորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները, քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման եւ Հայաստանի տարածքում TRIPP նախագծի իրականացման առաջընթացը՝ մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ»:

Արցախի նախկին ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ուշադրություն է հրավիրում մեջբերվող տեքստի այն միտումին, որով, ըստ էության, TRIPP-ը մասնատվում է, մինչդեռ Թրամփի ուղին, համաձայն ստորագրված հուշագրի ու հրապարակված փաստաթղթերի, վերաբերում է ամբողջ տրանսպորտային ուղուն: «Այսօր մենք տեսնում ենք փորձեր, որ TRIPP-ը մասնատվում  է, մեզ աստիճանաբար փորձում են ներկայացնել, որ այն վերաբերում է միայն հայաստանյան հատվածին: Նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ TRIPP-ը Հայաստանն է, իսկ «Զանգեզուրի միջանցք»-ը, որի մասին խոսում է Ալիեւը, Ադրբեջանի տարածքում է»,- բացատրում է Կարեն Միրզոյանը՝ նկատի ունենալով նախօրեին Փաշինյանի արած այն հայտարարությունը, թե «Զանգեզուրի միջանցք»-ը գուցե Հորադիզ–Զանգելան ճանապարհն է, որը Հայաստանի Հանրապետության մասին չէ:

«Երբ Ադրբեջանն ասում է «Զանգեզուրի միջանցք», նկատի ունի Հորադիզ-Զանգելան ճանապարհը: Ուզում են ասել «Զանգեզուրի միջանցք», թող ասեն «Զանգեզուրի միջանցք»: Ես ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում չկա այդպիսի բան: Եվ կարող եմ ապացուցել ոչ միայն իմ, այլ նաեւ Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ: Հորադիզ-Զանգելանի միջանցք. կարող են ասել՝ դա միջանցք է, որը տանում է դեպի Զանգեզուր: Ասում են՝ թող ասեն: Բայց դա Հայաստանի մասին չէ»,- ԱԺ ամբիոնից հայտարարել էր Փաշինյանը:

Կարեն Միրզոյանն ասում է՝ այն, ինչ ստորագրվեց օգոստոսի 8-ին եւ հռչակվեց որպես հարցի վերջնական լուծում, այնքան անորոշ է ու այնքան անհասկանալի մանրուքներ է պարունակում, որոնք մինչ օրս չեն պարզաբանվել, որ զանազան մեկնաբանությունների տեղիք է տալիս:

«Ադրբեջանը չի հրաժարվել միջանցքային տրամաբանությունից, ուղղակի հաշվի առնելով, որ հայ հասարակությունն այդ միջանցքային տրամաբանությունը դեռեւս բավականին սառն է ընդունում, Հայաստանի իշխանությունն օգտագործում է տարբեր հնարքներ՝ հասարակության ուշադրությունն ու զգոնությունը բթացնելու համար»,- բացատրում է Միրզոյանը:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031