«Ես չեմ կարծում, որ կլինի մի հատ համայնքի ղեկավար, որ առանց իշխանության հետ համագործակցելու կարողանա իր քաղաքը, իր բնակավայրը զարգացնել։ Ոչ, ինչի՞ համար պիտի դառնամ ՔՊ-ի կամակատար։ Ես քաղաքականության մեջ ընդհանրապես չկամ, ես աշխատում եմ իմ համայնքի համար, իմ համայնքի խնդիրների համար։ Քաղաքականությունից հեռու մարդ եմ, ինչ գործ ունեմ քաղաքականությունից։ Բայց ես համագործակցում եմ իշխանության հետ, իշխանության կողքին կանգնած եմ ու եթե մեկը կասի, որ ես իշխանության կողքին կանգնած չեմ ու կարողանում եմ համայնքը բարգավաճեցնել, դա սուտ կլինի։ Ընենց չի, որ ես դեմից ուրիշ մարդ եմ եղել, հիմա եկել եմ՝ ուրիշ մարդ եմ։ Ես ոնց կամ, ըտենց եմ»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։
Հիշեցնենք, վերջինս համայնքապետ ընտրվեց «կռվով-դավով»․ 2021թ.-ի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում, Վարդենիսում ՔՊ-ն ստացավ 13, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը` 10, իսկ «Միասնական Վարդենիս» դաշինքը` 4 մանդատ։ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները միավորվեցին, բայց դրանից հետո մեղադրանք առաջադրվեց «Միասնական Վարդենիսը» գլխավորող, Վարդենիսի նախկին ղեկավար Արամ Հարությունյանին. նա կալանավորվեց։ Դեկտեմբերի 30-ին Վարդենիսի ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչները նիստ գումարեցին և քաղաքապետ ընտրեցին Ահարոն Խաչատրյանին: Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանն էլ ընդդիմությանն առաջարկեց վայր դնել մանդատները ու նոր ընտրություն անցկացնել:
Իսկ հունվարի 4–ին Վարդենիսում համայնքապետարանի բակում տեղի ունեցավ նորընտիր համայնքապետ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը: Հետո հայտնի դարձավ, որ Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալիները եւ կնիքը անհետացել են:
Խոսակցություններ են շրջանառվում, որ ՀՀԿ նախկին անդամ Ահարոն Խաչատրյանը իշխող «Քաղաքացիական պայմանագրին» անդամակցելու հայտ է ներկայացրել։ Մեր այդ հարցը Ահարոն Խաչատրյանը շրջանցեց։
Կարդացեք նաև
Արցախի հայաթափումից հետո համայնքում բնակվող արցախցիներին տրամադրած օգնությունների յուրացումների ու «կաշառքի գործով» Ահարոն Խաչատրյանի եւ իր տեղակալի տան խուզարկության եւ քրեական գործերի մասին մանրամասները՝ տեսանյութում:
«Կաշառքի գործը» քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Դրա շրջանակներում իրավապահները խուզարկել են Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի տունը, ապա՝ համայնքապետարանի մի քանի աշխատակիցների եւ փոխքաղաքապետ Կարեն Խաչատրյանի տները։ Հակակոռուպցիոն կոմիտեից հրաժարվեցին մանրամասներ հաղորդել, հայտնեցին միայն։ «Քրեական վարույթը կաշառք տալուն եւ ստանալուն է վերաբերում, քննչական գործողությունները կատարվել են հակակոռուպցիոնում, կան կալանավորված անձինք, որոնք համայնքապետարանի աշխատակիցներ են»,- Հակակոռուպցիոն կոմիտեից այսպես էին պարզաբանել։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ